Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԾԱՌԱՅԻ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ



Հարց. 2011թ. ապրիլ ամսին քաղաքացի Ա. Խմոյանը դիմել էր ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդին` հայտնելով, որ 1990 թվականին ընտանիքի հետ միասին մեկնել է մշտական բնակության Ռուսաստանի Դաշնություն: Որդին այնտեղ շարունակել է ուսումը դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել պետական բժշկական համալսարան: Այժմ նա 32 տարեկան է, ամուսնացած, ունի 1 երեխա, ՌԴ քաղաքացի է: 2010թ. սեպտեմբեր ամսին վերադարձել է Հայաստան և զինկոմիսարիատից տեղեկացել, որ որդու նկատմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար հարուցվել է քրեական գործ և հայտարարված է հետախուզում: Խնդրել է պատասխանել` եթե որդին ՌԴ քաղաքացի է, ապա ինչու՞ պետք է նա ծառայի ՀՀ զինված ուժերում և ինչու՞ է նրա նկատմամբ հարուցվել քրեական գործ:

Դիմումատուին տրվել էր համապատասխան պարզաբանում, սակայն նկատի ունենալով, որ այս ժամանակահատվածում նշված կատեգորիայի քաղաքացիների իրավական կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ հասարակական խորհուրդը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, հարկ ենք համարում հրապարակավ Ձեզ ներկայացնել խնդիրը կարգավորող օրենսդրական հիմքերը:

Պատասխան. Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի, այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Իսկ դա նշանակում է, որ նա ենթակա է զորակոչման պարտադիր ժամկետային զինծառայության, իսկ անձի 27 տարին լրանալուց հետո հարցը կարգավորվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում անձը պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են պարտադիր վճարների դրույքաչափերը: Համապատասխան վճարումներ կատարելուց հետո, նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սահմանված վճարը մուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:

Սակայն, մինչ այդ, քաղաքացու կողմից պետք է ներկայացվի դիմում` կից ներկայացնելով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Դիմումը ներկայացվում է համապատասխան զինկոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, կամ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով, որը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:

Ստացված դիմումը քննարկվում և պատասխան է տրվում մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ և ստուգում պահանջող փաստերի դեպքում պատասխան կտրվի երկու ամսվա ընթացքում: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Սոցիալ-իրավական


23/11/2011