ԿՆԵՐԴՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց կոնֆերանս «Մարտական պատրաստության կազմակերպման եւ անցկացման արդյունքների վերլուծությունը, պարապմունքների կազմակերպման եւ անցկացման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը, մասնակցում էին զորամիավորումների հրամանատարների` մարտական պատրաստության գծով տեղակալներ, տարբեր զորատեսակների համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Բացելով կոնֆերանսը` գեներալ-մայոր Ղահրամանյանը նշեց, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, եւ կոնֆերանսի հիմնական նպատակն է վերհանել դրանք, գտնել լուծման ուղիները:
Այնուհետեւ «Զորամիավորումներում, զորամասերում զորքերի մարտական պատրաստության ստուգման արդյունքների ամփոփման վերլուծությունը» թեմայով ելույթ ունեցավ մարտական պատրաստության վարչության շտաբի պետ գնդապետ Սեյրանյանը: Նա մասնավորապես պարզաբանեց տարբեր ստորաբաժանումներում ստուգումների անցկացման կարգը, քննություններում զորամասերի անձնակազմի անհրաժեշտ ներգրավվածության աստիճանը, յուրաքանչյուր ստորաբաժանման գնահատման մեխանիզմները եւ ընդհանուր զորամասի գնահատման առանձնահատկությունները: Զորքերի մարտական պատրաստության ամբողջական և իրական վիճակը ներկայացնելու համար գնդապետը կարևորեց առավելագույն թվով ստորաբաժանումների ընդգրկումը ստուգումներում։
3-րդ բանակային կորպուսում մարտական պատրաստության կազմակերպման եւ վերահսկման մեխանիզմների մասին խոսեց գնդապետ Հակոբյանը: Նա նշեց, որ մեծ ուշադրություն է հատկացվում հրամանատարական պատրաստության պարապմունքներին, բոլոր օղակների հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակի բարելավմանը:
Ելույթ ունեցավ նաեւ հրամանատարական պատրաստության բաժնի պետ գնդապետ Պողոսյանը: Նա նշեց, որ զինված ուժերի կոլեգիայի որոշման համաձայն` բոլոր կատեգորիաների զինծառայողների համար հրամանատարական պատրաստության կարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, հստակեցվել են մասնակից խմբերի կազմերը, պարապմունքների ժամկետները:
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ցականյանը մարտական պատրաստության կազմակերպման գործում առանձնապես կարեւորեց նախնական հստակ պլանավորումը եւ պարապմունքի ղեկավարների պատրաստությունը:
Ելույթներից հետո մասնակիցներն արծարծեցին իրենց հետաքրքրող հարցերը, կոնկրետ դեպքերում նշեցին որոշակի տարածքներում մարտական պատրաստության առանձնահատկությունները: Օրինակ` մի դեպքում գործնական պարապմունքների լիարժեք անցկացման համար անբավարար համարվեցին հրաձգարանի հնարավորությունները: Առաջարկություն եղավ վերանայելու ոչ շարային ծառայության համար պիտանի զինծառայողների ֆիզիկական պատրաստության գնահատման գործող կարգը` նրանց առանձնացնելով ընդհանուր խմբերից: Ի պատասխան` ֆիզիկական պատրաստության բաժնի պետ գնդապետ Գրիգորյանը նշեց, որ արդեն պատրաստ է ոչ շարայինների ֆիզիկական պատրաստության եւ գնահատման նոր մեխանիզմ, որը շուտով կներդրվի զորքերում, եւ այսուհետ նրանց գնահատականները կառանձնացվեն ընդհանուր խմբի գնահատականներից: Բուռն քննարկումներ ծավալվեցին նաեւ պայմանագրային ստորաբաժանումներում մարտական պատրաստության պարապմունքների անցկացման վերաբերյալ:
Շուտով զինված ուժերում կսկսվի ամփոփիչ ստուգումների շրջանը, եւ կոնֆերանսի պատասխանատուները վստահեցրին, որ մասնակիցների բոլոր առաջարկությունները համապատասխան մշակումներից հետո արդեն մոտ ապագայում կներդրվեն զորքերում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր