Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՉՔԵՐԸ ՓԱԿԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐ ԳՐԿՈՒՄ…



ԱՉՔԵՐԸ ՓԱԿԵՑ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐ ԳՐԿՈՒՄ...Շիրակի մարզի Երազգավորս համայնքը այս նոր պատերազմում ունեցավ 4 նահատակ: Նրանցից մեկը Գարեգին Արտուշի Երանոսյանն է։ 17 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց և հաստատվեց Քաշաթաղի շրջանի հարավային թևի Արծվաշեն գյուղում։ Հակարի գետի ձախ ափին՝ ցածրահարթում է փռված Արծվաշենը: Գարեգինը շատ սիրեց նոր բնակավայրը և  ավարտական դասարանը շարունակեց արդեն նոր  դպրոցում, որտեղ հայոց լեզու և գրականություն էր դասավանդում մայրը։

2000թ. Գարեգինը ավարտեց դպրոցն ու զորակոչվեց բանակ։ Երկու տարի ծառայեց հատուկ նշանակության զորամասերից մեկում ու տուն վերադարձավ պատվոգրերով, ծնողներին ուղղված շնորհակալագրով։ Զորամասից և բնակության վայրից տրված դրական բնութագրերը նպաստեցին, որ 2004թ. Գարեգինը կարողանա ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Ծառայել է տարբեր ուղեկալներում՝ բարեխղճորեն  կատարելով սահմանապահի իր գործը:

Ենթասպա Գարեգին Երանոսյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին՝լինելով Ջրականի ու Ասկերանի տարբեր հատվածներում։ Արժանացել է ՀՀ ԵԿՄ պատվոգրի, հուշամեդալի։ 2019 թ. օգոստոսից եղբոր հետ ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

…Նոր պատերազմը շատերին կրկին առաջնագիծ տարավ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան այն վաշտը, որտեղ պայմանագրային ծառայող էին Գարեգինն ու եղբայրը, մայոր Մայիս Մաթևոսյանի հրամանատարությամբ տեղափոխվեց առաջնագիծ, ասել է թե՝ ռազմաճակատ: Խնդիրը դրված էր, և ստորաբաժանումը անցավ մարտական խնդրի կատարմանը։ Առաջին օրվանից իսկ այն հայտնվեց թշնամու թիրախի տակ։ Թշնամին ձգտում էր ամեն կերպ առաջանալ, բայց տղերքը դիմադրում էին՝տալով ուժգին հակահարվածներ։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը թշնամուն հաջողվեց շրջապատել Գարեգինենց վաշտը …Գնդացրորդ հայորդին չի երկնչել, կռվել է մինչև վերջ։ Թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝ նպաստել է մարտական ընկերների շրջապատումից դուրս գալուն։ Հենց այդ մարտի ժամանակ էլ ծանր վիրավորվորվել է հերոս հայորդին՝ աչքերը փակելով հարազատ եղբոր գրկում…

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ճակատագրեր


29/01/2021