Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՋԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



Նոյեմբերի 7-9-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հարավային Կովկասի հանրապետությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Կարիքների ներկայացման համաժողովը: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոպյանը:

Այս համաժողովն առաջին անգամ կազմակերպել է Եվրոպայում Ամերիկյան ուժերի հրամանատարությունը` 2002թ.: Նպատակն էր ստեղծել ֆորում, որում Հարավային Կովկասի երեք երկրները կարող էին ներկայացնել պաշտպանական բարեփոխումների համար արեւմտյան երկրներից ակնկալվող աջակցությունը. «Որոշ ժամանակ այդ նախաձեռնությունը ակտիվ չէր, քանի որ Հարավային Կովկասի երկրները դեռ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը չէին ընդունել, աշխատում էին պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում, իսկ աջակցող երկրների բյուջեներն էլ չէին պլանավորել նման աջակցություն: Եվ երբ ընդունվեց ծրագիրը, շատ երկրներ իրենց բյուջեներում նախատեսեցին աջակցություն, եւ 2005թ երկրորդ եռամսյակից նախաձեռնությունը որոշակիորեն ակտիվացավ»,-ասաց Ա.Մեսրոպյանը:

Երբ Հայաստանը միացավ համաժողովին, ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը դեռ չէր հաստատվել, բայց արդեն տեսանելի էին այն ոլորտները, որոնցում մենք աջակցության կարիք կունենանք: «Մեր մասնակցությունը նոր թափ հաղորդեց այդ ձևաչափին: Երբ ունեցանք հաստատված ծրագիր, մշակվեց նաեւ կարիքների ցանկը: Այսօր էլ համաժողովը աշխատում է նույն սկզբունքով. տարին երկու անգամ` նախքան աջակցող երկրների բյուջեների հաստատումը, տեղի է ունենում հանդիպում»:

Համաժողովում Հայաստանը ներկայացրել է հինգ առաջնահերթ ոլորտ՝ ա) կրթություն, բ) կադրերի կառավարման համակարգի բարեփոխում, գ) ռազմական արդյունաբերության համակարգի փոխկապակցում արեւմտյան ռազմաարդյունաբերական համակարգի հետ, դ) սերժանտական կազմի զարգացման ծրագրերի մշակում, ե) պաշտպանական պլանավորում, ծրագրավորում, բյուջետավորում եւ իրականացման վերահսկողության փորձի ներդրում: Հինգ ուղղություններից չորսին աջակցելու առաջարկ արդեն կա:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ազգային բանակ


23/11/2011