Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՐԿԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ…



ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՐԿԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ...Տավուշցի Արզումանյանների ընտանիքում ուրախությանը չափ ու սահման չկար՝ Ամանորի նախաշեմին զինվոր որդին՝ Ալենը, արձակուրդ էր եկել, արձակուրդ… պատերազմից հետո:

Ալենը կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում:

Թե քանի անքուն գիշերներ են լուսացրել տնեցիները վախի, տագնապի, հոգեմաշ անորոշության մեջ, միայն իրենք գիտեն: Հիմա տան ամեն անկյունից երջանկությունն է հորդում:

-Ալենս անակնկալ եկավ, նախօրոք չէր զգուշացրել,- հուզված պատմում է զինվորի մայրը՝ Արմինեն: -Մութը նոր էր ընկնել, որդուս մանկության ընկերը՝ Ավագը եկավ մեր տուն, մի քիչ դեսից- դենից զրուցելուց հետո խնդրեց իր ու տղայիս ամենասիրած խմորեղենը թխեմ:

Փորձեցի հրաժարվել՝ դե, տրամադրություն չկար, սիրտ չկար, բայց ընկերը շատ խնդրեց: Թխեցի, սուրճով էլ հյուրասիրեցի:

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՐԿԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ...Բավական ուշ էր, որ մեր տնից գնաց, ասաց՝ շատ կարեւոր գործեր ունի, ու քիչ անց վերադարձավ արդեն տղայիս հետ: Ալենս կարմիր վարդերի մեծ փնջով տուն մտավ: Աշխարհն, ասես, ինձ էին տվել, ուրախությունս չեմ կարող բառերով նկարագրել… Ուզում եմ՝ բոլոր մայրերն ապրեն այդ բերկրանքը…

Զինվորը ժպտում է. անակնկալը տեղը տեղին ստացվել էր:

Թիկնեղ, մարզված, գեղեցկադեմ երիտասարդ է Ալենը, համեստ ու զուսպ, մեծի հարգն իմացող:

-Ալենիս անունը ես եմ դրել՝ Ալեն Դելոնի անունով,- հպարտությունը չթաքցնելով՝ ասում է զինվորի տատը՝ Գոմելը:

-Տավուշցի Ալեն Դելոնն է,-կատակում ենք ու հետաքրքրվում՝ տատի անսովոր Գոմել անունն ո՞վ է դրել եւ ու՞մ պատվին:

-Հայրս Մեծ հայրենականի մասնակից է, մինչեւ Բեռլին է հասել,-տատը զրույցի տուտն է բռնել,- ռազմաճակատում բելառուս ընկեր է ունեցել՝ Պավլիկը՝ Պաշան, որը հետո զոհվել է: Իրար հետ այնքան մտերիմ են եղել, որ որոշել է՝ երբ որդի ունենա, անվանակոչելու է մարտական ընկերոջ պատվին: Ծնվել եմ ես, ու հայրս Գոմել է դրել անունս՝ մարտական ընկերոջ ծննդավայրի անունով…

-Հայի քանի սերունդ է պատերազմի մեջ, հայրս կռվել է, որդիս կռվել է, երբ ժամկետային ծառայության էր, կռվում էլ ծանր վիրավորվել է, հիմա էլ թոռս պատերազմ տեսավ…,- դառնությամբ նկատում է տատը:- Մի կյանք ենք ապրում՝ հազար ցավով ու դժվարությունով լի, չեն թողնում մարդ խաղաղ սրտով ստեղծի, արարի, իր դառը քրտինքով ստեղծածն էլ հանգիստ վայելի: Անընդհատ պատերազմ, կորուստներ, վիշտ…Հուլիսին էլ Տավուշ աշխարհն էր կրակի բերան…

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿՐԿԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ...-Տավուշյան դեպքերին հայրս էլ է մասնակցել: Ես բանակում էի, ուշքումիտքս այստեղ էր, խնդրեցի հրամանատարիս՝ ինձ ուղարկել իմ ծննդավայր՝ կռվելու, ասաց՝ իրավունք չկա,- պատմում է զինվորն ու շարունակում:- Մեր մի բուռ մնացած հայրենի հողի համար անվերջ կռիվ է, պայքար, արյան գնով է պահվում ամեն թիզը… Մտերիմ ընկերոջս՝ Յուրայի հետ, զոհվելուց մի քանի օր առաջ էի խոսել: Ասաց՝ հպարտացիր, ընկերդ թշնամու չորս տանկ է խփել, հինգերորդն էլ քո պատվին եմ խփելու, հերոս դառնամ… Անմահացավ… Այս պատերազմի ժամանակ ինձ հասակակից շատ ընկերներ կորցրի. կյանքն այդքան սիրող տղերքը՝ հազար նպատակով, հազար երազանքով, իրենց կյանքը տվեցին հայրենիքին…

Ալենը լռում է, սենյակում ծանրանում է լռությունը: Պատերազմն ավարտվել է, հիմա հոգու մեջ է պատերազմը….

-Համ ուրախ եմ, համ՝ տխուր: Երբեք այս երկու հակադիր զգացումները իրար հետ միաժամակ չէի ապրել. ուրախ եմ, որ ավարտվեց այս մղձավանջը, տխուր, որ այսպես ավարտվեց…Եթե միայն Ադրբեջանի դեմ լիներ մեր կռիվը, հավատացեք, մենք հաղթանակած դուրս կգայինք, բայց ուժերն անհավասար էին…

Ապրում ենք թշնամու դեմ- դիմաց, որը միշտ պատերազմ է հրահրում ու չի խաղաղվում երբեք: Զգոն ու պատրաստ պետք է լինենք մշտապես: Մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, համախմբվենք՝ ապավինելով մեր ուժերին:

Ալենը բանակից հետո շարունակելու է ուսումը Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

-Երեք եղբայր ունեմ՝ Գարիկը, Իվանը, Էրիկը, երեքն էլ կգնան, կծառայեն: Երբեք չենք մտածել օտար հողում ապրելու մասին, մեր գյուղից սիրուն ու հարազատ անկյուն աշխարհում չկա, եւ ամենամեծ բախտավորությունը, ամենամեծ երջանկությունը հայրենի եզերքում ապրելն է: Ապրելու ենք մեր երկրում, շենացնելու ենք մեր երկիրը…

Ալենենց ընտանիքում հայրենասիրության մասին բարձրագոչ խոսքեր չեն ասում. հայրենասիրությունը ոչ թե բառերի սիրուն, զրնգուն շարան է, այլ գործ:

Ալենի հայրը՝ Ալբերտն այս պահին սահմանին է, պայմանագրային զինծառայող է, մի քանի օրից Ալենն էլ կկանգնի սահմանին…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ազգային բանակ


29/01/2021