Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶ ՉԷՐ…



ԵՐԱԶ ՉԷՐ...…Հովերը մոր պապակ շուրթի պես համբուրում էին։ Ջրի խշշոցը, ասես, աղոթք էր։ Բայց լուսաբացի  անդորրը խաբուսիկ էր, նենգ էր արևի ժպիտը, շեկ ճառագայթներն` այրող որոգայթ. մի ակնթարթ ևս և… փոշու անթափանց վարագույրների հետևում ավարտվեց ծեգի երջանիկ նախերգանքը։ Զինվորը ճանկռեց հողը. թշնամին ճեղքել էր ճակատը։

Ա՜յ քեզ ճակատագրի դառը խաղ…

Անխնա գնդակ էր թափվում։ Թշնամին ուզում էր շրջափակման մեջ գցել։

Հեռվում այրվում էին արտերը։ Վիրավոր ու զոհված տղաների արյունները խառնվում էին խանձված հողին։ Ծեգի շնկշնկան զեփյուռը փախել, թաքնվել  էր հեռու ձորում։

Տապը կախվում էր ամայի ու լայնարձակ դաշտերի վրա։ Խանձված դաշտում միայն տատասկ ու փուշ էր։ Բազում աչքեր, զարմացած, անբացատրելի, տխուր ու անորոշ հայացքներ…

…Պայթյուն լսվեց, հողը հանկարծ դղրդաց, փշերը շարժվեցին։

Ճերմակ մազերը գլխաշորով հավաքած, կորացած մեջքով մի կին, ձեռքերը հեռուն պարզած, վազում էր։

-Որդի՜ս,- գոռում էր, բայց չէր լացում,- որդի՜ս…

Ու հանկարծ…

-Մա՜մ,- լսվեց որդու ձայնը։

-Որդիս է, որդիս… Մինուճարս, միակս, տանս հույսն ու լույսը։

Ու  ծնկները ծալվեցին…

Դեռ մայրը մնում էր ծնկած, երբ կրակոց լսեց, և ղողանջեցին Դադիվանքի զանգերը։

-Թալի՜շ են մտել… Տե՛ր, աջդ հովանի լինի զինվորներին…

Եվ մայրն սկսեց լացել։ Իսկ զինվորը գրկել էր այնքան ցավ տեսած Արցախյան հողը։

-Մա՜մ, թշնամին շատ է հարձակվում, դու լավ գիտես, թե ինչ է կատարվում։

Որդու  ձայնից  այս անգամ արցունքները զսպել չկարողացավ։ Երբ բացեց աչքերը, տեսավ որդուն…

-Այս ամենը երա՞զ է, տղա՛ս։

-Է՜, մա՛մ, երանի երազ լիներ։

Մայրը բռնեց տղայի ձեռքն ու սկսեց աղոթել…

-Մա՚մ, ես պիտի գնամ… Երբ մի օր ասեն, որ որդիդ չկա, խնդրում եմ, մա՜մ, չտխրես, հպա՛րտ կլինես։

Ու  փաթաթվեցին իրար մայր ու որդի։ Մոր ձեռքերը թուլացան, արցունքները գլորվեցին…

Թեժ  մարտեր էին ընթանում։ Թշնամու գնդակը փնտրում էր տղային։ Ու զոհվեց հայրենիքի անձնվեր զինվորը… Երբ բոթը հասավ մորը, մայրը վեր թռավ,  իր սուր ու արծվային հայացքով նայեց դեպի երկինք ու շշնջաց.

-Որդիս ասել է` հպարտ կմնաս, ուրեմն պետք է հպարտ լինեմ,- բայց արցունքները չէր կարողանում զսպել։ Երբ բերեցին որդու նամակը, մայրն արագ բացեց ու կարդաց…

«Մա՛մ, կհպարտանաս քո որդով։ Չլացե՛ս, մա՛մ, ես միշտ քեզ հետ եմ` փափուկ շալիդ մեջ։ Ես քեզ համար միշտ փոքր եմ` երազկոտ զինվոր… Ես կուզեի տուն գալ, բայց…»։

Նամակն ընկավ մոր կնճռոտված ձեռքից… Եվ  հասկացավ, որ երազ չէր դա, այլ դառն իրականություն…

Ավա՜ղ, երազ չէր…

 

ՎՈՎԱ  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Հոգևոր-մշակութային


11/02/2021