ԸՆԿԵՐՆԵՐԸ
Հայկն ու Սուրենը բանակային ընկերներ են: Տարիուկես միասին են ծառայել, միասին հաց կիսել ու դիրք պահել, ուրախ ու տխուր օրեր ապրել: Սակայն վերահաս պատերազմը բաժանել է նրանց, և ընկերները հայտնվել են ռազմաճակատի տարբեր ուղղություններում: Պատերազմի 44 օրերի ընթացքում երկուսն էլ սրտատրոփ լուրի են սպասել, բայց այդպես էլ չեն ստացել: Ընկերները հանդիպել են միայն պատերազմից հետո՝ պատահաբար ու շատ անսպասելի:
– Կռվի ընթացքում, երբ մի քանի րոպե դադար էր լինում, մտածում էի ընկերներիս մասին. տեսնես՝ որտեղ են կռվում, ողջ են, թե…,- հիշում է Հայկն ու մի պահ լռում, չի կարողանում միտքն ավարտել: Այդ մասին մտածել անգամ չի ուզում:- Հեռախոսս կորցրել էի ու Սուրենի հետ կապվելու ոչ մի տարբերակ չունեի: Մեր դիրք եկող տղաներին էի հարց ու փորձ անում, ինչ-որ բան փորձում ճշտել, սակայն ապարդյուն,- շարունակում է Հայկը:
– Պատերազմից հետո, երբ հանդիպեցինք ու վերհիշեցինք մեր գլխով անցածը, շատ հետաքրքիր դիպվածներ բացահայտեցինք: Պարզվում է, որ տևական ժամանակ ես ու Հայկը իրար շատ մոտ ենք կռվել,- ասում է Սուրենն ու շարունակում,- Մի անգամ ինձ հատուկ հանձնարարություն տվեցին՝ պետք է նշված ուղղությամբ սարը բարձրանայի, գիշերն այնտեղ մնայի ու կատարեի մարտական առաջադրանքը: Հետո, երբ Հայկի հետ խոսում էինք, պարզվեց, որ իրենք էլ, զարմանալի զուգադիպությամբ, այնտեղ են եղել…
Հիմա կրկին միասին են և «Հայրենիք» վերականգնողական կենտրոնում, փորձառու բժիշկների և մասնագետների օգնությամբ պատերազմի ծանր հետևանքներն են հաղթահարում ու փորձում ոտքի կանգնել: Բուժման մեջ երկուսի մոտ էլ առաջընթաց կա, և նրանք ոգևորությամբ, անթաքույց երախտագիտությամբ են այդ մասին խոսում:
Պատերազմում Հայկը մարտկոցի հրամանատար է եղել, ծանր մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում ու Հադրութում, իրենց հաշվարկով թշնամու բազմաթիվ զրահատեխնիկա են խոցել ու մարտական դիրքեր հողին հավասարեցրել. «Կռվի դաշտում մենք ապրել-մեռնելու մասին չէինք մտածում. մեզ համար ամենակարևորը թշնամուն շատ և էական կորուստներ պատճառելն էր: Մեզ հաջողվել է դա անել»,- ասում է Հայկը:
Հայկն ասում է, որ իրենք ոչ մի վայրկյան չեն կասկածել կռվի ելքին, երբեք չեն մտածել նահանջի մասին. «Մենք շատ լավ գիտակցում էինք, որ այդ պահին մեր ուսերին էր դրված մեր երկրի պաշտպանությունը, էդ հողերը մեր կյանքից էլ թանկ ենք համարել, որովհետև էդտեղ մեր ընկերներն են զոհվել, ու հենց այդ հանգամանքն էլ մեզ ուժ էր տալիս, որ կռվեինք մինչև վերջ ու չլքեինք մեր դիրքերը»:
Պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ Հայկը մարտնչել է ուժերի գերագույն լարումով, առանց հանգստի ու դադարի։ Հերոս հրետանավորը ծանր վիրավորվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. բեկորային լուրջ վնասվածք է ստացել գլխուղեղի շրջանում: Բժիշկները ապրելու հավանականությունը չնչին են գնահատել: Սակայն Հայկն իր բացառիկ կամքով արդեն հաղթահարել է ամենադժվարին պահերը: Ազատ ժամանակ մերօրյա հերոսը անգամ դաշնամուր է նվագում:
-Նվագելը նաև վերջույթի շարժունակությունը վերականգնելուն է նպաստում,- ասում է նա:
– Մինչև վերջին պահը, մինչև վիրավորվելս, ինչքան կարողացել ու հասցրել եմ, թուրք ու ահաբեկիչ եմ ոչնչացրել,- շարունակում է Սուրենը, որը D-20-ի նշանառու է եղել: Նա իր կռիվը Մարտունու շրջանում է մղել: Սուրենի խոսքով՝ իրենց արձակած կրակի նույնիսկ աննշան շեղումը կարող էր վտանգել իրենց հաշվարկի զինվորների կյանքը, ինչի համար էլ թշնամու թիրախներն անվրեպ խոցելու համար արել են անհնարինը:
– Պատերազմի օրենքն է՝ եթե դու չխփես, քեզ են խփելու: Անհամեստ չհնչի, եթե ասեմ, որ մեր դիվիզիոնը գերազանց է աշխատել: Անգամ ամենաբարձր զինվորական ղեկավարությունից էդ օրերին մեզ շնորհակալություն էին հայտնում։ Ստույգ թիվ չեմ կարող նշել, բայց թշնամու շատ տեխնիկա ու կենդանի ուժ ենք ոչնչացրել,- պատմում է Սուրենը:
Սուրենը վիրավորվել է նոյեմբերի 5-ին. գնդակը մխրճվել է թիակը, ողնամատը սեղմել է ողնուղեղին՝ վնասելով թոքը: Բժիշկները վստահեցրել են, շատ շուտով նրա առողջական բոլոր խնդիրները կմնան անցյալում:
Թե՛ Սուրենի, թե՛ Հայկի նպատակն այսօր մեկն է՝ օր առաջ ապաքինվել ու կյանք մտնել՝ ոտքերին ամուր կանգնած։ Տղաները վստահ են՝ միմյանց փոխանցվող լավատեսությամբ ու հավատով կհաղթահարեն այս փորձությունը ևս:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում