ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՂԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԻԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Դիտորդները կարծում են, որ դաշտային հրամանատար Ուսամա ալ Ջուվալին, ում մարտիկներն են ձերբակալել գնդապետի որդուն, պաշտպանության նախարար դառնալու դիմաց կգնա զիջումների և երկրի իշխանություններին կհանձնի Սեյֆ ալ Իսլամին:
Հայտնի է դարձել, որ Ջուվալիի մարտիկներին օգնել է Սեյֆ ալ Իսլամի ուղեկցորդը, ով 1 միլիոն եվրո պարգևի դիմաց խոստացել է Քադաֆիի որդուն և թիկնապահներին անապատի միջով անցկացնել Նիգերիա, սակայն բերել է ուղիղ Ջուվալիի ջոկատի մոտ:
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ Քադաֆիի որդիներից սպանված համարվող Համիսը ողջ է, գտնվում է Տրիպոլիից 90 կիլոմետր հարավ-արևելքում գտնվող Թարխուն քաղաքում և շուտով կձերբակալվի: Կառավարական աղբյուրները պնդում են, որ Տրիպոլիի, Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիաների շրջանավարտ Համիսի ողջ լինելը բացահայտվել է եղբոր` օրերս ձերբակալված Սեյֆ ալ Իսլամի հարցաքննության ընթացքում:
Վերջինիս և Լիբիայի հետախուզության նախկին պետի անաչառ դատավարության կազմակերպման շուրջ բանակցելու նպատակով Տրիպոլի է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Լուիս Մորենո-Օկամպոն:
Խորագիր՝ Նորություններ