Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ



Հատված Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանին նվիրված «Մեր օրերի Դավիթը» գրքից

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸԿինոյի կախարդական աշխարհը

Շուտով Դավիթի կյանքում անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ. կարծես հրաշքով նրա առջև բացվեց կինոյի աշխարհը՝ շնորհիվ նրա զարմիկի՝ հայտնի ռեժիսոր Գենադի Մելքոնյանի: Նա վաղուց էր նկատել Դավիթի ստեղծագործական ջիղը ու համոզված էր, որ վերջինս ունակ է բարձր թռիչքների: Գենադին առաջարկեց Դավիթին Օդեսայում մասնակցել իր ֆիլմի նկարահանմանը և փորձել ուժերը որպես երկրորդ ռեժիսոր: Դավիթը ոգևորությամբ ընդունեց առաջարկը և պատրաստվում էր մուտք գործել կինոյի խորհրդավոր աշխարհը:

Եվ Օդեսայում սկսվեց Դավիթի կյանքի հետաքրքրական շրջանը:

Ստեղծագործական աշխատանքը դուր էր գալիս Դավիթին. նա իր տարերքի մեջ էր. այստեղ նրա համար ամեն ինչ նոր էր և ուշագրավ: Եվ, ինչպես պարզվեց, ինքն էլ էր հետաքրքրում այդ աշխարհի մարդկանց: Տաղանդավոր երիտասարդին գնահատում էին հայտնի կինոգործիչները: Ակնհայտ էր, որ նրան մեծ ապագա է սպասում: Այդ շրջանում շատերը նրա «300 վայրկյան» վիպակը կարդալուց հետո Դավիթին առաջարկեցին այդ երկի հիման վրա գրել ֆիլմի սցենար: Դավիթը հաճույքով ներգրավվեց այդ բարդ, սակայն անչափ պատասխանատու աշխատանքում և շուտով հաջողությամբ ավարտեց այն: Պատրաստի սցենարը ներկայացրեց Օդեսայի կինոստուդիա: Եվ ինչքա՜ն երջանիկ էր Դավիթը, երբ նրան հայտնեցին, որ սցենարը հավանության է արժանացել, և որոշվել է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել:

Ճակատագիրը վերջապես ընդառաջում էր Դավիթին: Նա ճախրում էր երջանկությունից: Սկսվեցին նախապատրաստական աշխատանքները: Ռուսական կինոյի ճանաչված դերասաններ Եվգենի Եվստիգնեևը, Դավիթ Շենգելիան և ուրիշներ արդեն համաձայնել էին նկարահանվել ֆիլմում: Դավիթի նկատմամբ բոլորի վերաբերմունքը շատ բարեկամական էր: Նրան առանձնապես համակրում էին կանայք, որոնց անչափ գրավում էր երիտասարդի արտաքինը, առնականությունը և, իհարկե, ասպետական պահվածքը: Դավիթը վերելքում էր. անսպասելիորեն դրական շրջադարձ էր սկսվել նրա կյանքում: 24 տարեկանում նա հասցրել էր ճաշակել թե՛ անկման դառնությունը և թե՛ վերելքի բերկրանքը: Նա արդեն կայացած մարդ էր, որն անցել էր կյանքի բարդ ճանապարհներով և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու անհաջողություններ: Նա արդեն կյանքի հարուստ փորձ ուներ, որը հազվադեպ էր այդ տարիքում, լի էր ստեղծագործական ավյունով, երազում էր հնարավորինս շուտ սկսել ֆիլմի նկարահանումը:

Այո՛, նա կարող էր սիրել, սիրվել, լիարժեք վայելել բարեհաջող հուն ուղղորդվող իր կյանքը: Թերևս այդպես կվարվեին շատերը: Շատերը, բայց ո՛չ երբեք Դավիթը:

Սկսվում էր Արցախյան շարժումը…

 

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸԳրիչը փոխարինեց զենքով

1990 թ. գարնանը Դավիթը պատրաստվում էր մեկնել ռազմաճակատ: Իհարկե, չափազանց դժվար էր նման որոշում ընդունելը. նա շատ էր անհանգստանում մոր համար: Դավիթը պաշտում էր իր մորը և լավ էր հասկանում, թե ինչպիսի տառապանքների կդատապարտվի տիկին Էմման, եթե իրեն որևէ բան պատահի: Բայց գիտեր նաև, որ մայրը հազվագյուտ և ուժեղ կին է, որ նա կանանց ու մայրերի այն եզակի տեսակից է, որոնք, Գարեգին Նժդեհի արտահայտությամբ՝ «հայրենասիրության տաճարում սուրբ կրակի պահապաններն են», և որոնց մասին պետք է դատել՝ ըստ իրենց որդիների. «Փառք ու պատիվ այն մայրերին, որոնք քաջեր են ծնում»:

Իհարկե, փառք ու պատիվ այն բոլոր մայրերին, որոնք ազգին այդպիսի զավակներ են պարգևել: Փառք ու պատիվ նաև տիկին Էմմային, որ լավ էր հասկանում՝ Դավիթը չէր կարող անմասն մնալ այդ պայքարին, քանի որ հայրենիքը վտանգված էր: Նա հասկանում էր, որ իր որդու համար առաջնայինը հայրենիքն է:

Դավիթն արժեքավոր իրեր վաճառեց տնից և այդ գումարով զենք գնեց: Գրիչը փոխարինելով զենքով՝ նա մեկնեց առաջնագիծ և անդամագրվեց Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակին»:

 

Հատուկ նշանակության ջոկատը

-Դևը ղեկավարում էր հատուկ նշանակության փոքր խումբ,- պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը:- Տղաներն իրար հասկանում էին կես խոսքից: Դա իսկական թիմ էր, որտեղ մեկը մյուսին ասես լրացնում էր: Դավիթը կոշտ էր ու առնական, Սամվելը՝ կենսուրախ, ուժեղ, արդարամիտ, նրան «Միայնակ գայլ» էին անվանում, Խաչիկը մի քիչ փնթփնթան էր, բայց միշտ առաջ գնացող, Սերգեյը տաղանդավոր նկարիչ էր, և Դևը, որ գնահատում էր նրա օժտվածությունը, միշտ աշխատում էր վերջինիս հեռու պահել վտանգավոր իրավիճակներից:

Շարժուն և հուսալի այդ խմբին ես պահում էի ամենաբարդ, վտանգավոր և հույժ կարևոր հանձնարարությունները կատարելու համար: Որպես կանոն՝ նրանք համարձակորեն գնում էին կատարելու ամենավտանգավոր գործողությունները և հաճախ ստիպված էին լինում քայլել սայրի եզրով:

Ճշգրիտ գործող ջոկատը հաջողությամբ ներթափանցում էր ադրբեջանական դիրքեր և հանկարծակի ու հզոր հարված հասցնում թշնամուն: Տղաներին հաջողվում էր խուճապի մատնել նրանց՝ մեծ ուժերով հարձակման տպավորություն ստեղծելով: Ադրբեջանցիների ռադիոկապը գաղտնալսելու ժամանակ հաճախ պարզում էինք, որ նրանց վրա հարձակվել է իբր 100-200, երբեմն էլ՝ 1000-հոգանոց ջոկատ…

Եվ խումբը գերազանց կատարելով իր առաջադրանքը՝ վերադառնում էր գոհունակությամբ: Սակայն հերթական գործողություններից մեկի ժամանակ շատ բարդ իրավիճակ ստեղծվեց: Ադրբեջանցիները մեր դեմ ուղարկել էին մոտ 100-հոգանոց ջոկատ՝ 2 ավտոբուսով: Դևը որոշեց ինքը լուծել նրանց հարցը՝ տղաների հետ անցնել թշնամու դիրքերն ու այնտեղ վնասազերծել ավտոբուսները: Ես ասացի, որ դա շատ դժվար կլինի, իսկ նա համառեց՝ եթե չանեն, կստեղծվի ավելի բարդ իրավիճակ: Ասաց, որ հարձակումը լավագույն պաշտպանությունն է:

Համոզելով ինձ՝ Դևն իր ջոկատով գնաց, և Խրմնջուղ գյուղի մերձակայքից կրակ բացեցին ավտոբուսների ուղղությամբ: Տևական մարտ տեղի ունեցավ: Տղաներին հաջողվեց թշնամուն մեծ վնաս հասցնել, բայց, ցավոք, մեր քաջ ռազմիկներից զոհվեցին երեքը՝ Վարդանը, Սամվելը և Խաչիկը: Սերգեյը, որ վիրավորվել էր, ամեն կերպ աշխատում էր օգնել Դավիթին… Մնալով բացարձակ մենակ՝ Դավիթը 4 ժամ հրանոթը ձեռքին կռվում է օմօնականների դեմ: Թշնամու զոհերը տասնյակներով էին: Կտրուկ և ճիշտ գործողությունների արդյունքում Դավիթը կարողացավ փրկվել և կրակի գծից դուրս բերել վիրավոր ընկերոջը:

Սերգեյ Գրիգորյանը դառնությամբ է հիշում այդ մարտը՝ ասելով.

-Պատերազմն ինձ նվիրեց ընկերներ, պատերազմն էլ խլեց նրանց:

Հետագայում Սերգեյը նկարել է Դավիթի դիմանկարը՝ շատ ճշգրիտ վրձնելով Դավիթի կերպարը: Նաև Սերգեյի նկարներով է ձևավորվել իմ՝ «Դև. կյանքը, պայքարը, ստեղծագործությունը» գիրքը։

 

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ«Շնորհակալություն՝ ծափահարությունների համար»

Թե՛ Սերգեյը, թե՛ Կոմանդոսը, թե՛ բոլոր զինակիցները հիշում են նաև Դավիթի կատակները, անկրկնելի հումորը, նրա սրամտությունները:

Դավիթի հումորի մասին իր՝ «Շնորհակալություն ծափահարությունների համար» ռուսերեն պատմվածքում Լևոն Աղաջանովը գրել է. «Դևը շատ էր սիրում ռադիոկապով ձեռք առնել ադրբեջանցիներին: Նա հրաշալիորեն նմանակում էր մարդկանց ձայները: Մի անգամ հերթական փոխհրաձգության ժամանակ նա որսում է թշնամու ռադիոկապի հաճախականությունը և, նմանակելով ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, ասում է.

-Ադրբեջանցի թանկագի՛ն ընկերներ, ես ու Ռաիսա Մաքսիմովնան այստեղ խորհրդակցեցինք և որոշեցինք ձեզ շնորհավորել գարնան գիշերահավասարի օրվա առիթով:

Առաջին րոպեներին ադրբեջանցիները, ապշահար, լռում են. նրանք չեն հասկանում, թե ինչ գործ ունի ԽՍՀՄ նախագահը հայերի դիրքերում՝ իր կնոջ հետ: Բայց քիչ անց նույն ռադիոկապով ադրբեջանցի հրամանատարն ասում է սրանց.

-Դա Գորբաչովը չէ, դա անիծյալ Դևն է՝ մեր ներվերի հետ է խաղում…

Ադրբեջանցիներն ուժեղ կրակահերթեր են սկսում՝ վատնելով իրենց ռազմամթերքի զգալի մասը, իսկ մերոնք թաքնվում են բլինդաժում:

Կես ժամ տևած անիմաստ հրաձգությունից հետո, երբ լռություն է տիրում, Դևը բարձրանում է բրուստվերի վրա և ռադիոկապով սփռում Գորբաչովի՝ տարածված արտահայտությունը.

-Շնորհակալություն՝ ծափահարությունների համար:

 

Ահեղ Դեւը

Այդպես Դևը կարողանում էր տարբեր միջոցներով վնասել թշնամուն: Եվ պատահական չէ, որ նրան «Անիծյալ Դև» կոչեցին: Ադրբեջանցիները շատ լավ էին ճանաչում իրենց ահաբեկող այդ սարսափազդու մականունով հայ զինվորին: Դրանք լավ գիտեին, որ եթե Դևը մասնակցում է մարտին, ապա իրենց ջախջախիչ պարտություն է սպասում:  Ահա թե ինչու էին նրան «Ահեղ Դև» անվանում: Եվ նա իրոք ահեղ կռվողի համբավ ուներ: Դավիթն ադրբեջանցիների դեմ այնպիսի դիվային ուժով ու հզորությամբ էր մարտնչում, որ նրանք, սարսափահար, միշտ խուճապի մեջ էին ընկնում ու փախուստի դիմում: Նրա մեջ, ասես, կուտակվել էին դարավոր այն ցավն ու տառապանքը, որ բարբարոս ցեղերը պատճառել են իր ազգին:

Դևի հզորությունը թշնամին զգաց ու տեսավ Տող գյուղի ազատագրման ժամանակ: Տողի ազատագրումը Դավիթի սխրանքների գագաթնակետն էր, նրա արիության գլուխգործոցը:

 

Տողի ազատագրումը

1991 թ. հոկտեմբերի 17-ին Տողում կատարվել է մեծ ողբերգություն՝ ադրբեջանցի օմօնականները ներխուժել են Դանիելյանների տուն և գնդակահարել ընտանիքի 5 անդամներին:

-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը,- գյուղի հայ բնակչությանը մեծ վտանգ էր սպառնում: Այդ իրավիճակով անհանգստացած՝ Հադրութ եկան Արթուր Մկրտչյանը, Ժաննա Գալստյանը և Վալերի Բալայանը։ Նրանք կարծում էին, որ պետք է անհապաղ անցնել կտրուկ գործողությունների և առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ազատագրել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող գյուղն ու փրկել հայ բնակչությանը:

Ես համաձայն չէի այդ կարճ ժամկետի հետ և համարում էի, որ անհրաժեշտ է ավելի հիմնովին ու մանրակրկիտ պատրաստվել այդ բարդ գործողությանը: Դա մեր առաջին մարտական գործողությունն էր լինելու, որի արդյունքը հոգեբանական չափազանց մեծ ազդեցություն կարող էր ունենալ մարտիկների վրա: Անհրաժեշտ էր այն իրականացնել հաջողությամբ և առանց կորուստների: Ես աշխատում էի ձգձգել այդ ժամանակը, սակայն տղաները լցված էին վրեժով և պահանջում էին վայրկյան առաջ սկսել ռազմագործողությունը:

Նրանցից ամենաակտիվը Դավիթն էր, և դա հասկանալի էր: Չէ՞ որ Տողը նրա մոր հարազատ գյուղն էր. այնտեղ էր նրա պապի տունը: Դավիթը լավ ծանոթ էր գյուղի մարդկանց ու նրա պատմությանը, քանի որ ամառները՝ դպրոցական արձակուրդներին, հաճախ էր գալիս Տող:

Դևը մշակել էր ռազմական իր պլանը, որը շատ վտանգավոր տարբերակ էր: Ես երբեք չէի համաձայնի դրան, եթե համոզված չլինեի, որ նա ամեն ինչ կարող է:

Գյուղի ազատագրման ռազմագործողությունն սկսվել է հոկտեմբերի 30-ին: Խումբը բաժանվել է երեք մասի, և մարտական ջոկատներից ամեն մեկը շարժվել է նախանշված ուղղությամբ: Նրանք գործելու էին առանձին-առանձին, բայց՝ միաժամանակ: Իսկ Դավիթը՝ մեն-մենակ: Աշնանային մթության մեջ Դավիթը նռնակները լցնում է զինվորական պայուսակն ու սուզվում գիշերային խավարում:

Հասնելով թշնամու առաջին ժամապահին՝ Դավիթը դաշույնի մի հարվածով ակնթարթորեն վերացնում է նրան: Նա հուշիկ քայլերով մոտենում և անաղմուկ վերացնում է նաև երկրորդ ժամապահին, որի տեղը նշմարել էր հեռվից դիտարկման ժամանակ: Հետո շարժվում է դեպի պապի տուն։ Կարմիր կղմինդրով, բարձր տանիքով այդ տունը գյուղի ամենամեծ շինությունն էր, որը, փաստորեն, ադրբեջանցիները դարձրել էին զորակայան, իսկ կտուրին ամրացրել ադրբեջանական դրոշ…

Ամբողջ գյուղում միայն այդ տան լույսերն էին վառվում. սպայակազմն աղմկոտ խնջույք էր կազմակերպել: Տնից աղմուկ-աղաղակի ձայներ, կերուխումի գոռգոռոցներ էին լսվում, մուղամի կլկլոցներ:

Դավիթը բարձրաձայն անունով կանչում է նրանց հրամանատարին: Վերջինս մոտենում է պատուհանին և, մթության մեջ ոչինչ չտեսնելով, հարցնում, թե ո՞վ է կանչում իրեն: Դավիթը, նրա ուղղությամբ շպրտելով նռնակների կապուկը, ռուսերեն բղավում է՝ բռնի՛ր: Ոչինչ չհասկանալով՝ նա բռնում է դեպի իրեն նետված կապոցը… Տեղի է ունենում ուժեղ պայթյուն, և բազմաթիվ օմօնականներ մնում են տան փլատակներում…

Դրանից հետո Դավիթը պայթեցնում է ևս մեկ տուն, որն ադրբեջանցի թուրքը կառուցել էր մեր նախնիների գերեզմանաքարերից… Փոշու ամպ է բարձրանում: Պայթյունը հարձակման ազդանշան ընդունելով՝ մեր տղաները գյուղի տարբեր ծայրերից կրակահերթեր են արձակում: Սկսվում է բաժանված ջոկատների միաժամանակյա գրոհը՝ բազմաքանակ զորքի հարձակման տպավորություն ստեղծելով և աներևակայելի խուճապի ու շփոթի մատնելով թշնամուն…

Սարսափահար ադրբեջանցի զինվորականներն ու բնակիչները փախչում են…

Տողն ազատագրված էր…

Գյուղացիների ուրախությունն անսահման էր, նրանք հպարտանում էին իրենց քաջ համագյուղացու սխրանքով: Այս փայլուն ռազմագործողության մասին 1999 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայաստանի պատմությունը» ռուսերեն հիմնարար աշխատության մեջ ներկայացված է մի լուսանկար, որտեղ կողք կողքի պատկերված են Արկադի Տեր-Թադևոսյանն ու Դավիթ Սարապյանը, իսկ լուսանկարի տակ գրված է. «1991 թվականի հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնահատուկ խիզախությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:

Այսպիսով՝ առաջին անգամ նախկին հայկական ինքնավարության տարածքում տեղի ունեցավ մարտական գործողություն, ազատագրվեց հայկական հինավուրց բնակավայրը: Դա հայկական ինքնապաշտպանական ջոկատների առաջին մեծ հաջողությունն էր, որով Արցախյան պատերազմում սկիզբ դրվեց հայ ռազմիկի փառահեղ մարտական ուղուն: Այդ հաղթանակը մեր տղաներին դուրս բերեց ընդհատակից, և նրանք այլևս դադարեցին խորհրդային ուժային կառույցներից թաքնվելուց:

Տողի ազատագրումն ունեցավ չափազանց մեծ հոգեբանական նշանակություն. այն նոր ուժ ու եռանդ հաղորդեց մեր մարտիկներին, իսկ թշնամին էլ հասկացավ, որ գործ ունի հզոր հակառակորդի հետ:

Տողի ռազմագործողությունից հետո ադրբեջանցիների շարքերում մեծ խուճապ առաջացավ: Հաջորդ օրը Բաքվի լրատվամիջոցներն իրենց անփառունակ պարտությունն ու խայտառակ փախուստն արդարացնելու համար հաղորդել էին, որ Տողում ադրբեջանական զորակայանի վրա հարձակվել են 1200 հայ գրոհայիններ, տեղի է ունեցել աննախադեպ լայնաճակատ հարձակում…

Տողի ազատագրումը հայկական ոգու և հայրենասիրության փայլուն հաղթանակն էր: Մերօրյա Դավիթն իրականացրեց իր առասպելական մտահղացումը՝ արդարացնելով Հայկական էպոսի հայտնի հերոսի անունը կրելու իրավունքը…

 

«Հիմա պետք է ազատագրել Էրզրումը»

Տողի ազատագրումից հետո Դավիթը վերադառնում է տուն: Դավիթը, որը միշտ չափազանց զուսպ էր, այս անգամ, չթաքցնելով հպարտությունը, ուրախությամբ ասում է մորը.

-Քո հարազատ գյուղն ազատագրված է, հիմա պետք է ազատագրել հայրիկի հարազատ քաղաքը՝ Էրզրումը:

Մայրը գրկում է նրան և համբուրելով ճակատը՝ ասում.

-Դու իսկական Դանիել բեկի և Պողոս բեկի թոռն ես:

Դավիթը Երևան էր վերադարձել՝ Վազգեն Սարգսյանի հետ Լեհաստան մեկնելու համար, որտեղ պետք է մասնակցեր ազգային-ազատագրական պայքարի թեմայով միջազգային համաժողովի: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով թռիչքը հետաձգվում է:

Իհարկե, պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը հենց նրան էր առաջարկել մասնակցելու այդ համաժողովին: Վերջինս, ինչպես նաև Դևին ճանաչող բազմաթիվ հայտնի գործիչներ, չափազանց բարձր էին գնահատում նրան:

Ի դեպ, օդանավակայան գնալուց առաջ հեռախոսով զրուցել եմ Դավիթի հետ: Խոսում էինք Լեհաստանում հրավիրված համաժողովի ու նրա վերադարձի մասին:

-Շուտով կհանդիպենք,- ասաց նա:

Ավա՜ղ, այդ հանդիպումն այլևս չկայացավ…

Շատերն էին համոզում Դավիթին այլևս չգնալ պատերազմի դաշտ, խնայել մորը և մնալ տանը, զբաղվել ստեղծագործական աշխատանքով, սակայն Դավիթն անկոտրում էր: Նա ասում էր.

-Ես ո՞նց կարող եմ այստեղ մնալ՝ իմանալով, թե ինչ է կատարվում Ղարաբաղում: Եթե տեսնեք՝ ինչ տղաներ են զոհվում, իսկ իմ արյունը նրանց արյունից լավը չէ:

Հետո ավելացնում էր.

-Իսկ ի՞նչ եմ ասելու իմ երեխաներին հետագայում, երբ հարցնեն, թե ի՞նչ էի անում պատերազմի ժամանակ…

Իհարկե, երբ Դավիթն ինչ-որ բան էր որոշում, նրան անհնար էր համոզել հակառակը: Եվ, որպես օրենք, նա երբեք որևէ գործ կիսատ չէր թողնում, այն հասցնում էր ավարտին:

Դավիթը նորից վերադարձավ Ղարաբաղ: Վերադարձավ վերջին անգամ…

 

Նրանց վերջին քայլերթը ճախրանք էր

Հավատարիմ իր սկզբունքին՝ նա գնաց այնտեղ, որտեղ այդ պահին կացությունն ավելի ծանր էր… Գնաց Շահումյան՝ համարելով, որ Հադրութում իրավիճակն արդեն կարգավորվել է:

Շահումյանի շրջանի բարձրանիստ Թոդան գյուղից լավ տեսանելի էին շրջակայքի հայկական գյուղերը. նրանք ասես թշնամու ափի մեջ էին: Թոդանը լավ հենակետ էր դարձել ադրբեջանցիների համար: Այդ գյուղի մերձակա բարձունքից անխնա գնդակոծում էին հայկական Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը:

Հարկավոր էր ամեն կերպ վերացնել մահասփյուռ այդ կրակակետը, սակայն դա չափազանց դժվար գործ էր, քանի որ Թոդանը, ըստ էության, դարձել էր կրկնակի ամրություններով շրջապատված անառիկ ամրոց:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներին հանձնարարվում է գրավել այդ ամրոցը: Դավիթը պատրաստակամություն է հայտնում կատարելու այդ բարդ առաջադրանքը և հավաքում է 30-հոգանոց ջոկատ:

Թափանցելով գյուղ՝ ջոկատը հանդուգն գրոհ է ձեռնարկում՝ դուրս գալով մեծաթիվ, մինչև ատամները զինված օմօնականների դեմ: Մեր տղաներից յուրաքանչյուրը կռվում է տասնապատիկ ուժով, անձնազոհաբար ու անզիջում: Տևական մարտից հետո, չկարողանալով այլևս դիմադրել, թշնամին փախուստի է դիմում: Տղաների ուրախությանը չափ ու սահման չկար: Նրանք հասել էին իրենց նպատակին՝ գրավել էին գյուղը, վերացրել կրակակետերը. հայկական գյուղերն այլևս չէին ցնցվի թշնամու ռումբերից ու արկերից…

Ավա՜ղ, այդ ուրախությունն ու հրճվանքը երկար չտևեցին: Հանկարծ հրանոթի կրակահերթ է լսվում, դավադիր կրակոցներ, որոնք ճակատագրական էին Դավիթի համար: Կռվի դաշտը լքած ադրբեջանցի թուրքը, որ ծպտվել, դարանակալել էր, կրակում է թաքստոցից… Թուրքավարի… Վախեցել էր ճակատ ճակատի կռվելուց…

Թոդանի մարտը վերջինն էր Դավիթի ու նրա ևս 4 խիզախ զինակիցների՝ Համլետ Մինասյանի, Կամո Հովհաննիսյանի, Մերուժան Սարգսյանի ու Արայիկ Գյոլեցյանի համար…

«Ռանչպարների կանչը» վեպում Խաչիկ Դաշտենցը գրել է. «Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շութերին և գնդակը ճակատին»: Այս խոսքերը, կարծես, Դավիթի ու նրա ընկերների համար են գրվել: Նրանց վերջին քայլերթը ճախրանք էր, նրանք հերոսաբար ընկան բարձունքում, Գարեգին Նժդեհի արտահայտությամբ՝ հեգնելով վտանգն ու մահը…

Թեև չհաջողվեց կրկին վերատիրել Շահումյանին, սակայն նրանց և մեր մյուս քաջ մարտիկների անձնուրաց պայքարի շնորհիվ փրկվեցին հազարավոր կյանքեր՝ մեծ վնաս հասցնելով թշնամուն:

 

Հրաժեշտ «Եռաբլուրում»

Դավիթի զոհվելու լուրը ցնցեց բոլորին: Հարյուրավոր մարդիկ էին գալիս Սարապյանների տուն, որպեսզի խոնարհվեն ու հրաժեշտ տան այդ աննկուն հայորդուն:

Կորստի ցավը մեծ էր… Կորստի ցավը բոլորինն էր… Ոչ ոք չէր ուզում համակերպվել այդ կորստի հետ… Ոչ ոք չէր կարողանում զսպել իր հոգու ցավը…

Աշխարհն ասես աղքատացավ առանց Դավիթի՝ առանց հայի այդ բացառիկ ու կատարյալ տեսակի, առանց այն հերոսի, որն ընտրել էր սուրբ ճանապարհ, կյանքի այն ճանապարհը, որն անցնում է մահվան միջով: Դավիթը գիտեր, որ արևելյան մարտարվեստում այդպիսի ճանապարհը կոչվում է «բուսիդո»: Նա խորությամբ էր ընկալում բուսիդոյի փիլիսոփայությունը և միգուցե գիտակցաբար էր ընտրել այդ ճանապարհը:

«Եռաբլուրի» ճանապարhը երկրային վերջին ճանապարհն է, որով ուղեկցում ենք Արցախի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին: Եվ այն ճնշող լռությունը, որ տևում է հուղարկավորության ժամանակ, մայրերի, հարազատների, ընկերների անմխիթար ցավի արտահայտությունն է… Այդ թանկ գնով է փրկվել Արցախի հողը, որը ներծծված է ազգի լավագույն որդիների արյունով: Այդ հողը սրբազան է դարձել մեզ համար: Սրբազան է նաև «Եռաբլուր» պանթեոնի հողը, որտեղ հանգչում են մեր հերոսները՝ ազգի ընտրյալ զավակները, որոնք, անցնելով կյանքի ու մահվան անտեսանելի սահմանը, հասել են անհաս բարձունքների:

Երիցս ճշմարիտ են Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ մահապարտներ» գումարտակի X կործանիչ դասակի մարտիկ Գագիկ Գինոսյանի խոսքերը.

-Տղերքը չեն մտել գերեզման. նրանք մտել են իրենց վերջին՝ հավերժական խրամատները, տղերքը մտել են իրենց դիրքերը և ընտրել իրենց պայքարի հավերժական ձևը: Տղերքը մեզ ավելի քան լուրջ դասեր են տալիս՝ երբեք չդադարեցնել պայքարը և հասկանալ, որ մենք պարտավոր ենք շարունակել թեկուզ խաղաղ այն կռիվը, որը պետք է մեր պետականության հզորացման և կայացման գործընթացում:

…Ցուրտ ու մռայլ էր 1991-ի դեկտեմբերյան այն օրը, ազգի ընտրյալին հրաժեշտ էին տալիս հարյուրավոր մարդիկ: Հնչում էր Դավիթի այնքան սիրած սքանչելի երաժշտությունը: Արարողությանը ներկա էր նաև իր կյանքի օրոք Արցախում լեգենդ դարձած Մոնթե Մելքոնյանը: Չնայած իր գերմարդկային ծանրաբեռնվածությանը՝ նա, այնուամենայնիվ, իր հոգու պարտքը համարեց Դավիթին վերջին հրաժեշտը տալու Երևանում… Նրա աչքերում խորը թախիծ էր ծվարել: Բայց երբ խոսում էր Դավիթի աներևակայելի խիզախության մասին, նրա աչքերը հիացմունքից փայլում էին…

♦♦♦

Այսպես ավարտվեց բացառիկ այս հայորդու երկրային ուղին: Մարդկային տեսակ, որը հազվադեպ է հանդիպում, տեսակ, որը զարմացնում է իր արժանիքներով, իր առաքինություններով, տեսակ, որն իրոք հերոսի հավաքական կերպար է հիշեցնում:

Բնությունը նրան շռայլորեն պարգևել էր վսեմագույն հատկանիշներ, օժտել վեհ գաղափարներով: Առանց հայի այդ տեսակի աշխարհը, կարծես, դատարկվում է, դառնում անգույն ու անբովանդակ… ,

Առանց հայի այդ տեսակի ազգն աղքատանում է ու տկարանում…

ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #07 (1378) 24.02.2021 - 02.03.2021, Հոգևոր-մշակութային


25/02/2021