Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ



ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸԱյս իրապատման հերոսը առաջին դասարանցի Վահեն է, որը պատերազմի օրերին «Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին, Արմավիր քաղաքի մարդաշատ ու բանուկ փողոցներում օրվա տարբեր ժամերին հատը 100 դրամով ընկույզ էր վաճառում և վաճառքից ստացված գումարը «Հայփոստի» մոտակա բաժանմունքից անձամբ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 

Արդեն տասնհինգ օր էր՝ շարունակվում էր պատերազմը։ Հայերը կատաղի դիմադրություն էին ցուցաբերում հայրենի հողը պաշտպանելու համար, իսկ անօրեն թշնամու քայլերի պատճառով սփյուռքը դարձյալ անդուլ կերպով արդարություն էր պահանջում։ Հայաստանում էլ մեծից փոքր ձգտում էին գոնե մի չնչին օգնություն ուղարկել մեր զինվորներին։ Հեռուստացույցով հայտնել էին, որ մեր բանակը օգնության կարիք ունի, և ամեն մարդ կարող է իր նպաստը բերել մեր հաղթանակին։

Այս հայտարարությունը պատահաբար ունկնդրել էր նաև առաջին դասարանցի, փոքրամարմին, խելացի ու ճարպիկ մի տղա՝ անունը Վահե, ազգանունը՝ Հովհաննիսյան։ Նա շտապեց մոր մոտ և ասաց նրան.

– Մայրի՛կ, զինվորները մեր օգնության կարիքն ունեն, այդպես է, չէ՞։

– Այո՛, որդի՛ս, այդպես է։

– Մայրի՛կ, ես արդեն վաղուց մեծ եմ, չէ՞, արդեն դպրոց եմ գնում, արդեն սովորում եմ հայերեն տառերը։

– Իհարկե, զավա՛կս, դու ես հնադարյան մեր ազգի շարունակությունը, ու մի օր դու կանգնելու ես քո եղբայրների կողքին և մեր փոքրիկ աշխարհի անդորրն ես հաստատելու ու պահպանելու։

– Մայրի՛կ, ես շատ եմ ուզում օգնել։ Կարո՞ղ ենք վաճառել իմ խաղալիքները, ես էլ չեմ խաղալու դրանցով,- հանկարծահաս մտքից ոգևորված՝ խնդրեց մորը։

Մայրը համաձայնեց, սակայն վաճառելու համար հարմար խաղալիք չգտան։ Վահեի դեմքը մթագնեց, սիրտը լցվեց տխրությամբ։

Այդ պահին աչքը դիպավ անկյունում դրված մոմլաթե տոպրակին, ուրախության մի ճիչ արձակեց, ամուր գրկեց մորը և քաղցր մի համբույր դրոշմեց նրա այտին։ Տոպրակի մեջ ընկույզներ էին, իր պապն էր ուղարկել գյուղից։ Եվ թույլտվություն խնդրելով ծնողներից՝ տնից դուրս վազեց՝ ընկույզները վաճառելու…

Դրացիները ժպիտով միմյանց պատմում էին փոքրիկ Վահեի հուզիչ ու անկրկնելի պատմությունը։ Հպարտանում, որ այդպիսի տղամարդ է մեծանում իրենց կողքին, հոգոց էին հանում, որ պատերազմը միշտ էլ գողանում է երեխաների մանկությունը, ու ասում էին. «Օրհնվի մեր Վահեն։ Այս ամենի վերջը միայն խաղաղություն լինի, մեր որդիները ողջ-առողջ տուն վերադառնան… Էս ինչ սև եկավ մեր գլխին…»,- և թեւերը ծնկներին էին զարկում։

Իսկ մեր հերոսը, իրեն ծանոթ գրերով մի ցուցանակ պատրաստած, նստել էր փողոցի անկյունում և իր նվիրական գործով արդեն գրավել էր անցորդների ուշադրությունը։

Փոքրիկ տախտակն ազդարարում էր. «Փրկիչ ընկույզներ։ Ամեն ընկույզը մի փամփուշտ է»։

Այս գրությունը ջերմության ու սիրո փամփուշտի պես դիպավ ամեն անցորդի սրտին։ Հատ առ հատ վաճառեց Վահեն ընկույզները։ Եթե պատահում էր, որ գումարը տալուց հետո չէին վերցնում ընկույզները, Վահեն վազում էր ետևներից, խնդրում էր, որ վերցնեն, չնսեմացնեն իր գործը. «Ամեն գործ արդար պիտի լինի»։

Սակայն կախարդական էին ընկույզները և անսպառ։ Այս պատմության հուզիչ ալիքները հասել էին մեր աշխարհի բոլոր անկյունները, եւ ամեն տեղից ընկույզներ էին ճամփում Վահեի համար…

ԱՆԺԵԼԱ  ՄԿՐՏՉՅԱՆ

«Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի սան

Խորագիր՝ #08 (1379) 03.03.2021 - 09.03.2021, Բանակ և հասարակություն


04/03/2021