Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՋԵՐԸ



ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՋԵՐԸՀանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետ հասնելու համար մի փոքր հատված ոտքով ենք անցնում: Բարձունքում՝ 3100 մետրի վրա, մարտական հերթապահություն են իրականացնում Քարվաճառը պաշտպանած տղաները: Մեզ ուղեկցող մայոր Նորիկ Խաչատրյանը, որը պատերազմի ամբողջ ընթացքում եղել է մեր ամենակարևոր բնագծերից մեկի պատասխանատուն, վստահեցնում է՝ դիրքապահներն այսօր էլ ամուր կանգնած են սահմանին:

-Անձնակազմը մարտական վիճակում է, հերթապահությունն իրականացվում է բարձր մակարդակով, բարոյահոգեբանական վիճակն էլ կայուն է,- ասում է մայոր Խաչատրյանը:

Բարձունքին հայկական եռագույնն է: Հենակետում  հանդիպում ենք հերթափոխի պատրաստվող տղաներին: Վաշտի հրամանատարը ցուցումներ է տալիս զինվորներին՝ աչքները չորս անել, սադրանքների չտրվել:

Մարտական նոր հենակետը գրեթե լիովին պատրաստ է: Ծառայության համար կան անհրաժեշտ պայմանները, փորված են խրամուղիներն ու թաքստոցները: Հայրենիքի այս հատվածի պաշտպանության պատասխանատուները վստահեցնում են.

-Հակառակորդը հանգիստ է պահում իրեն, բայց ոչ մի վայրկյան զգոնությունը չենք թուլացնում,- ասում է կապիտան Մամիկոն Թադևոսյանը:

-Պատերազմից հետո մենք ավելի ոգեշնչված ենք ծառայում, որ խնդիրներ չլինեն: Մենք միշտ զգոն ենք,- հրամանատարի խոսքն է շարունակում ժամկետային շարքային Սևակ Նիկոյանը:

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՋԵՐԸՍևակը Քարվաճառի մարտերին մասնակցած զինվորներից է.

-Կռվի ժամանակ թշնամին բազմաթիվ փորձեր ձեռնարկեց մեր սահմանագոտին ճեղքելու համար: Հրետանային խիտ կրակից հետո նույնիսկ դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց Հովազ-1 մարտական հենակետի ուղղությամբ, բայց քթին առավ ու կորուստներ կրելով հետ շպրտվեց: Մենք կյանքի գնով ենք պահել մեր դիրքը:

Ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Հակոբյանն էլ պատերազմի ժամանակ Հովազ-3 մարտական հենակետն է պահել, զինակից ընկերներով հակառակորդի մեծաթիվ հրոսակախումբ են ոչնչացրել: Եվ այժմ մարտական այս նորակառույց հենակետի ավագ է նշանակվել:

-Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի մեծ պատասխանատվությամբ ենք ծառայում: Արդեն հարմարվել ենք էս պոստերին, շատ նորմալ է ամեն ինչ, բոլորս էլ մարտական ենք տրամադրված, ու եթե պետք լինի, նորից մեզ առաջադրված խնդիրը կկատարենք, ոնց պետք է:

Ավելի վերևում նույնպես Քարվաճառի տղաներն են, որոնք պատերազմի ամենածանր օրերին, երբ թշնամին ընդամենը հաշված մետրերի վրա էր, ժպիտով ու իրար ուժ տալով են կռվել: Բոլորն էլ միաձայն հավաստում են, որ Քարվաճառը կյանքի գնով են պահել, Օմարի համար կյանք չեն խնայել, կռվել են ոչ մի քայլ հետ սկզբունքով:

-Այստեղ մեր դիրքերն անհամեմատ նպաստավոր են. վերից ենք հսկում թշնամուն: Ոգին մարտական է: Խրամուղիներ ենք կառուցում, ինժեներական և ամրաշինական աշխատանքներն ենք կատարում:

-Ոչինչ, ձախորդ օրերը կանցնեն, կգնան,- մարտական ընկերոջն է շարունակում շարքային Թելման Մինասյանը,  որի հուսադրող խոսքը մեզ էլ է վստահություն ներշնչում:

-Թող ոչ մեկը չանհանգստանա. ցուրտ լինի, սառնամանիք լինի, թեկուզ բուք ու բորան, մենք միշտ այստեղ կանգնած ենք, պահում ենք սահմանները: Զգոն ենք, ձիգ ենք, ամուր ենք,- վստահեցնում է շարքային Ալիկ Պողոսյանը, որը պատերազմի օրերին իր մարտական խնդիրները նույնպես փայլուն է կատարել:

Հայրենիքի ու հայրենի հողի համար 44 օր համառ պայքար մղած մեր տղաներն այսօր վստահորեն պահում ու պահպանում են մարտական դիրքերը: Նրանք են մեր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը: Սահմանների անսասանությունը նրանց հավատամքն է, և բոլորը մեկ մարդու պես պատրաստ են հակառակորդին արժանի հակահարված տալու:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (1379) 03.03.2021 - 09.03.2021, Ազգային բանակ


04/03/2021