ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Գուցե ես եմ սխալ, որ միշտ օրինաչափություն եմ փնտրում երևույթների ու իրադարձությունների միջև ու հիմա էլ գլուխ եմ ջարդում, որ գտնեմ պտուտակահանի ու ինքնաթիռի նմանությունը: Որովհետև, ովքեր մանկության տարիներին տեսել են մայոր Ռաֆայել Վասիլյանին, նրա անունը տալիս լայն ժպտում են ու ասում.
-Պտուտակահանը միշտ ձեռքին էր, քանդում էր ու քանդում: Ձեռքն ընկած ամեն իր, որ հնարավոր էր մասնատել, պեղում էր ամենայն մանրամասնությամբ:
Ես կարծում եմ, որ բոլորս էլ նույնն ենք՝ մանկուց ինչ-որ բան ենք փնտրում: Շատ կարևոր մի բան: Ջանասիրաբար կամ ծուլորեն, մոլեռանդ կամ համբերատար, բացահայտ կամ աննկատ: Այդ փնտրտուքը կարող է մի ամբողջ կյանք տևել, եթե ճակատագիրը լինի անբարեհաճ, ու մենք չհանդիպենք մեր երազանքին: …Երբ պտուտակահանին օգնելու եկավ դանակը, Ռաֆայելին տարան դպրոց: Նա այդ ժամանակ հինգ տարեկան էր, բայց շատ ընդունակ, ուշիմ երեխա էր, կարող էր դպրոցական դառնալ նույնիսկ հինգ տարեկանում ու, ինչպես ակնկալում էին ծնողները, կտրվել դանակներից ու պտուտակահաններից: …Եթե սիրեր դպրոցը: Սա արդեն կարևոր պայման էր, որովհետև Ռաֆայելին անհնար էր որևէ բան պարտադրել նույնիսկ մանկության տարիներին: Նա միշտ իր կարծիքն ուներ ու դասարան մտնելուց քիչ անց գնաց մոր մոտ, որը նույն դպրոցում ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցչուհի էր, և ասաց.
-Դպրոցը դուր չեկավ ինձ, ես տուն եմ գնում:
Այդուամենայնիվ, տարիների հետ պտուտակահանն ու դանակը իրենց տեղը զիջեցին ֆիզիկային, պատմությանը, երկրաչափությանը, գրականությանը: Դպրոցում բացարձակ գերազանցիկ էր: Նույն նվիրումով ու բարեխղճորեն սովորում էր բոլոր առարկաները: Եթե ընկերներին հարցնեիր Ռաֆայելի մասին, առաջին հերթին կհիշեին, որ նա դասարանի ամենալավ աշակերտն էր, միանշանակ կհաստատեին, որ լավ ընկեր էր, հետո կթվեին նրա բնավորության ընդգծված կողմերը, կասեին, որ Ռաֆայելը ճշմարտախոս էր, արդարության պաշտպան, խաղաղասեր… Հնարավոր է՝ կատակով ավելացնեին, որ հրաշալի էր արտասանում Պուշկինի բանաստեղծությունները: Իսկ քույրերը… Ես չեմ ուզում պատմել, թե սիրո, գորովանքի, կարոտի, երկրպագության ինչ խոսքեր էին հնչում Ռաֆայելի մասին նրա երկու ավագ քույրերի՝ Հասմիկի ու Վիկտորյայի շուրթերին: Նրանց համար իրենց միակ եղբայրը կատարելությունն էր. նրա նմանը չկար, նա լույս էր, արև էր, գանձ էր, մի ամբողջ աշխարհ էր… Նրանք ժամերով ժպիտն ու արցունքը իրար խառնած՝ պատմում էին ու պատմում՝ ամենաաննշան մանրուքների մեջ դնելով ամենամեծ խորհուրդները…
Ուշադիր ընթերցողը, գիտեմ, անհամբեր սպասում է, թե երբ եմ վերջապես ասելու, թե ինչու էի ես կապ փնտրում պտուտակահանի ու ինքնաթիռի միջև, ու երբ է Ռաֆայելի կյանքում հայտնվել նորին մեծություն Երկինքը… Չգիտեմ: Ոչ ոք չգիտի: Պարզապես մի օր Ռաֆայելը հայտարարեց, որ ռազմական օդաչու է դառնալու: Ու գնաց սովորելու Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում:
-Ռաֆայելն անմնացորդ սիրահարված էր իր մասնագիտությանը,- ասում է քույրը՝ Վիկտորյան։- Պետք է տեսնեիք, թե ինչ ներշնչանքով էր խոսում հակաօդային պաշտպանության համակարգերի մասին, ուսումնասիրում աշխարհի փորձը, նոր ավիամոդելները…
Ռազմական ինստիտուտն ավարտեց գերազանցությամբ: Վիկտորյան, որը պատմական գիտությունների թեկնածու է ու դասախոսում է բուհում, եղբոր կերպարանափոխության ականատեսն էր ու մասնակիցը: Նա չէր հասկանում, թե ինչ է տալիս ռազմական ինստիտուտի կուրսանտին, զինվորականին անցյալի սխալների սրբագրումը, և ինչու է եղբայրը այդքան ջանասիրաբար փորձում հասկանալ, թե որտեղ վրիպեցինք, երբ կորցրինք մեր Հայրենիքի այս կամ այն հատվածը, կամ որտեղ սխալվեցինք, որ տանուլ տվեցինք այս կամ այն ճակատամարտը: Բայց տեսնում էր, որ մի հանկարծահաս ցավ ներսից մորմոքում էր նրա հոգին:
-Ու Հայրենիք էր այդ ցավի անունը: Երկինքն այլևս սովորական երկինք չէր, Հայրենիք էր: Ռաֆայելի հայրենիքը վերևում էր:
…Ծառայելու տարիներին Ռաֆայել Վասիլյանը ինչ-որ բան էր մտմտում: Քույրն է այդպես կարծում: Որովհետև նա անընդհատ դրոններից էր խոսում ու ժամանակակից պատերազմներից: Ով գիտե՝ եթե չլինեին խաղաղապահ երկու առաքելությունները Աֆղանստանում, գուցե մենք հիմա հայկական անվանումով, տեղական արտադրության անօդաչու թռչող սարք ունենայինք՝ շնորհիվ դպրոցն ու ռազմական բուհը գերազանց ավարտած ճարտարագետ-ավիամեխանիկի: Բայց ճակատագրի հետ չես վիճի:
Երբ պատերազմն սկսվեց, Ռաֆայելը նոր էր ամուսնացել ու ստորաբաժանման ՀՕՊ ծառայության պետն էր: Նա պատերազմի լուրը լսելուց ժամեր անց իր զինվորների հետ մեկնեց առաջնագիծ: Կռվեց 44 օր ու զոհվեց պատերազմի վերջին օրը, խաղաղության համաձայնագրի ստորագրումից ժամեր առաջ, անօդաչու թռչող սարքի հարվածից: Պատերազմի ընթացքում նա թշնամու անօդաչուներ էր խոցել՝ հայրենի երկինքը ծվատող ու իր զինվորների վրա կրակ թափող թշնամու անօդաչուներ։ Քանի կյանք էր փրկվել, դժվար է ասել: Պատերազմի վերջին օրն էլ բացառություն չէր, ու զարմանալի չէ, որ թուրքերը տեղորոշել էին հայ սպային: Հարվածը հենց Ռաֆայել Վասիլյանի համար էր նախատեսված ու ճշգրիտ էր: Հրթիռը պայթեց կողքին: Օրեր անց զինվորական բժիշկը պիտի մխիթարեր հարազատներին. վստահ եմ՝ Ռաֆայելը ոչինչ չի զգացել, զոհվել է հենց հարվածի պահին:
-Նա ոչինչ կիսատ չէր թողնում, պատերազմն էլ կիսատ չթողեց,- ասում է քույրը: Վիկտորյան շատ քիչ բան գիտի այդ 44 օրերի մասին, որովհետև եղբայրը ոչինչ չէր պատմում, երբ զանգում էր մարտադաշտից: Ոչինչ չպատմեց նաև այն ժամանակ, երբ մի քանի օրով տուն եկավ:
-Անօդաչունե՞րն են կրակում,- քույրը փորձեց գոնե մի բան իմանալ:
-Ասես աստղերն են թափվում երկնքից,- ասաց Ռաֆայելը ու էլ ոչինչ չխոսեց: Իրականում, խոսելու կարիք չկար էլ, որովհետև որքան էլ ջանում էր անհոգ երևալ, ցավը դաջվել էր աչքերի մեջ, նման չէր իրեն, ասես ուրիշ մարդ լիներ: Հարազատները հետո իմացան, որ ընկերներ է կորցրել մարտադաշտում, տեսել է համակուրսեցի Ցոլակի մահը, քանիցս հրաշքով է փրկվել անխուսափելի թվացող մահից: Իսկ զինվորները պատմեցին, թե ինչպես են շրջափակման մեջ ընկել Հադրութում, հետո մայոր Ռաֆայել Վասիլյանի խիզախության ու ռազմական գիտելիքների շնորհիվ կարողացել են դուրս գալ ծուղակից:
-Ամբողջ դասակը անվնաս հանել է Հադրութից,- ասում է Վիկտորյան:- Զինվորները եկել էին մեր տուն: Երբ նայում էի նրանց ու մտածում, որ այդ երիտասարդ տղաները եղբորս շնորհիվ են ողջ, սիրտս լցվում էր հպարտությամբ: Երբ մտածում էի, որ նրանք շարունակելու են ապրել, ծիծաղելու են, սիրելու, երազելու, եղբորս փառքը բազմապատկվում է:
Ստորաբաժանման հակաօդային պաշտպանության ծառայության պետ, մայոր Ռաֆայել Վասիլյանը փառքի պակաս չուներ, նա պատերազմից վերադարձավ պատվո պահակախմբի ուղեկցությամբ, բոլոր զինվորական պատիվներով:
-Եռաբլուրո՞ւմ է,- հարցնում եմ Վիկտորյային: Սկզբում գլխով է անում, հետո ասում է։- Ես Ռաֆայելին հիշելիս ակամա գլուխս վերև եմ բարձրացնում. երբ ուզում եմ ավելի մոտ լինեմ նրան, նայում եմ երկնքին: Այնտեղ մեր ընտրյալներն են, Երկինքը մեր ընտրյալների հայրենիքն է:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #09 (1380) 10.03.2021 - 16.03.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում