ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ
Սկիզբը՝ նախորդ համարում
Հյուսիսատլանտյան դաշինքի «Մարտական բուժակի» դասընթացները գերազանց ավարտած ավագ սերժանտ Հովհաննես Անտոնյանը Նարեկի պես վստահ է. սա իր բնույթով աննախադեպ պատերազմ էր… Աննախադեպ էր նաև մարտիկներին թիկունք լինելու հարցում մեր ազգի համախմբումը:
-Գիտե՞ք, թե մեր ժողովրդի աջակցությունը ի՜նչ ուժ էր պատերազմի ընթացքում: Ո՜նց էինք զգում բոլորի հոգատարությունը, ջերմությունը. աննկարագրելի բան էր… Արձակուրդի մեջ էի, դժբախտ դեպք էր պատահել: Տատիկիս հոգեհանգստի օրն էր, երբ ընկերներս զանգեցին. «Համար 1 է»: Հարցրի՝ «Գնո՞ւմ ենք»: Դեռ չգիտեին: Ասացի՝ հենց իմանաք, ինձ էլ ասեք, կմիանամ ձեզ: Քիչ հետո զանգեց Մհերյանը. «Գնում ենք»: Անմիջապես, ինչ հիշում էի՝ դրեցի «տագնապի» պայուսակիս մեջ, ածիլվեցի ու դուրս եկա: 20 րոպեից տղաներով շարժվեցինք դեպի Իշխանաձոր: Սա ինչո՞ւ եմ պատմում. ուզում եմ մեր մեծ շնորհակալությունը հայտնել մեր ժողովրդին. այն, ինչ մոռացել էինք մեզ հետ վերցնել, տեղ հասնելով ունեցանք: Ու ամենակարևորը՝ զգում էինք այն ջերմությունը, որով պատրաստել էին այդ ամենը: Ոչ մի բանի կարիք չենք զգացել. կերակուրը, տաք հագուստը, անգամ քաղցրեղենը, ծխախոտը, ամեն, ամեն ինչ: Մի զավեշտալի դեպք հիշեցի: Մի օր ելքից հետո հոգնած հետ էի եկել, ծխախոտը վերցրի ձեռքս, մեկ էլ վրան կարդում եմ. «Հետ արի՛, որ ամուսնանանք», ու հեռախոսահամար է իբր գրված՝ 077 xxxxxx: Ես ամուսնացած եմ՝ երեք աղջիկ ունեմ, մեծը տասներկու տարեկան է, փոքրս՝ երկուսուկես: Ծիծաղեցի. «Բա որ ամուսնանալ էիր ուզում. համարդ ինչո՞ւ նորմալ չես գրել»: Ա՛յ, այսպիսի պահերը մեզ կապում էին իրականության հետ, ստիպում այդ դժվար օրերին ժպտալ:
– Ո՞րն է այս հզոր կամքի աղբյուրը, երբ քեզ տանը հարազատներդ, կինդ, երեք դուստրերդ են սպասում, իսկ դու պետք է օրը մի քանի անգամ, մահվան վտանգն աչքիդ առջև, այլոց կյանքը փրկես:
-Նախ և առաջ, գիտես, որ այն, ինչ անում ես, նաև քո երեխաների ապագայի համար ես անում, որ նրանք խաղաղ ապրեն, Հայրենիք ունենան: Աշխարհում հիմա շատ ազգեր կան, որ չունեն պետություն: Ասորիները, մեր եզդի եղբայրները, որոնց համար Հայաստանը երկրորդ հայրենիք է: Ի դեպ, շատ, շատ լավ են կռվել մեր եզդիները, շատ ուժեղ: Բա մեր տղերքը՝ մեր ջահել զինվորները, ո՜նց էին հասկանում այս ամենը: Մի դեպք անգամ չեմ հիշում, որ 18, 19 տարեկան մեր վիրավոր զինվորները ցավից նվնվային: Դեպք է եղել՝ մարմնից հանում եմ շատ խորը թափանցած բեկորը, ու ոչ մի ծպտուն: Հարցնում եմ՝ «Ցավազրկող սրսկե՞լ են»: Ասում է՝ «Չէ՛»: Զարմանում եմ. «Բա ո՞նց ես դիմանում»: Ամռանը նույն այդ տղերքին մենք էինք կենտրոնական հավաքակայանից ճանապարհել. բոլորին որպես երեխաների էինք նայում… Իսկ կռվի դաշտում բոլորից ուժեղ, բոլորից խիզախ, հասուն տղամարդիկ էին:
…Ամենածանրը մեր այն ապրումներն էին, երբ վիրավորներին տեղափոխելու հնարավորությունները սահմանափակ էին լինում, ու տեղ հասնելով՝ տեսնում էինք, որ վիրավորներն ավելի շատ են. ստիպված ենք ընտրություն կատարել: Ուսուցման ընթացքում, իհարկե, սովորել էինք առաջնահերթությունը որոշել, ինչպես վիրավորներին «տեսակավորել», բայց իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի դժվար է: Հաշվարկել փրկվելու հավանականությունը, փրկել մարդու կյանքը. սա բուժակի կարևոր սկզբունքներից մեկն է: Հնարավոր է՝ հետագայում այդ վիրավորը ապրի առանց վերջույթի կամ վերջույթների, բայց այդ պահին դու պետք է մտածես միայն նրա կյանքը փրկելու մասին: Մենք չէինք համակերպվում այս կանոնի հետ. փորձում էինք անել անհնարինը, որ և՛ ապրեր, և՛ վերջույթները փրկեինք: Մարտական բուժակի կարևոր սկզբունքներից մյուսը սեփական կյանքի մասին հոգալն է: Մեկ դասակի կազմում նախատեսված է մեկ բուժակ: Իրականում, ամեն ելքից առաջ քաջ գիտակցում էինք, որ կարող է չվերադառնայինք: Մարտական գործողությունների շրջանում կան գոտիներ, որտեղ բուժակը չպետք է մտնի. բայց մենք միշտ հատում էինք այդ գոտիները: Ասել, որ վախ չունեինք, սուտ կլինի, բայց երբ գիտակցում ես գործիդ կարևորությունը, վախը երկրորդական է դառնում:
-Նարեկը… միասին շատ էինք ելքերի դուրս գալիս,- գորովանքով մարտական ընկերոջն է նայում Հովհաննեսը: Նա էլ է հիշում «Դժոխքի դարպասները»:- Այդ օրն էլ հատեցինք չթույլատրված գոտին, մտանք, կարողացանք 15 հոգու դուրս բերել: Առանց ցավազրկելու տեղափոխեցինք. ժամանակ չկար: «Ույուտով» չբերեցինք, բայց բոլորին ողջ-առողջ տեղ հասցրինք:
…Հենց մի քանի րոպե ազատ ժամանակ էինք ունենում, մեր Մհերյան Մհերը բահը ձեռքն էր առնում ու վրանի ետևում փոս էր փորում: Ես անվտանգության հարցերին մի քիչ հումորով էի վերաբերվում: Քնելուց առաջ շորերս հանում, նոր էի պառկում: Թե մեռնելու եմ, գոնե մարդավարի, հանգիստ մեռնեմ: Մհերը փոս էր փորում, իսկ ես պտտվում էի շուրջը, հոգու հետ խաղում. «Էս մեր փոսն ե՞ս փորում»: Խորհրդավոր պատասխանում էր. «Կտեսնե՛ս, մի օր պետք կգա»: Ավարտեց գործը, ու հենց հաջորդ օրը, երբ հրետանիով մեր ուղղությամբ կրակեցին, բոլորս նետվեցինք այդ փոսի մեջ: … Մեր խեղճ Մհերյան Մհերին տեղ չմնաց…
Առաջին օրերին տեղանքին բացարձակապես ծանոթ չէինք: Ցերեկով, երբ ելքերի էինք գնում, էլի որոշ չափով կարողանում էինք կողմնորոշվել, բայց գիշերվա խավարի մեջ… Մի գիշեր կապ տվեցին, ասացին՝ կորպուսի բուժծառայության պետի հետ պիտի լինենք Հավսլու գյուղի մերձակայքում: Մեքենան նա էր վարում: Մթության մեջ, երբեմն մի պահ լուսարձակները միացնելով, առաջ էինք գնում: «Հարյուր մետր աջ, հարյուր մետր ձախ, ձեզ տեսնում ենք, առաջ գնացեք…»՝ մեզ ուղղորդում էին կապ տվողները: Գնացինք նրանց ասած ուղղությամբ ու գտանք. թշնամին խոցել էր հրանոթը, զինվորը մնացել էր դրա տակ: Մի կերպ դուրս բերեցինք. ոտքերը չէր զգում: Բարեբախտաբար, վնասվածքը շատ լուրջ չէր, ոտքի էր կանգնելու:
Մի օր Մհերյանի հետ գնացել էինք սահմանապահ ուղեկալ: Երկու մեքենայով էինք: Վիրավորները շատ էին: Շվարած կանգնել, նայում էինք՝ որին տանել, որին թողնել: Մենք էլ հաճախ բավականին հեռվից էինք գալիս: Այս դեպքում արդեն ստիպած էինք ըստ վիրավորների ապրելու հավանականության որոշում կայացնել: Սա ամենադժվար որոշումն է: Այդ օրը ճանապարհին վիրավորներից մեկը մահացավ… Դեռ նման բան չէր պատահել… Սկսում ես մեղադրել ինքդ քեզ. ախր, ամեն ինչ ճիշտ էր, ինչո՞ւ էսպես եղավ… Բայց… ինչպես ասում են՝ ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է…
Անհավանական, հեքիաթային աշխատանք են կատարել մեր բժիշկները: Նրանցից ամեն մեկը մի արտասովոր մարդ-տեսակ է: Մի բժիշկ ունենք՝ մեր ռեանիմատոլոգ-անեստեզիոլոգն է՝ Հարություն Սուքիասյանը, որը նույնիսկ «մահացածների» մեջ ողջ մարդ էր գտնում, եթե անգամ վիրավորի բութ մատի մեջ թեթև սրտի զարկ զգար, հարություն էր տալիս… Իզուր չէ, որ անունը Հարություն է: Երբեք չէր հանձնվում, երբե՛ք: Ասում էր. «Թող ոչ ոք չգա ինձ փոխարինելու. ես մինչև վերջ մնալու եմ էստեղ, ձեզ հետ»: Ու մնաց մինչև վերջին օրը:
Տղաներն, իրար հերթ չտալով, պատմում են. Հարութն ուրիշ է՝ հազվագյուտ բժիշկ, մարդ: Էլի էի լսել նրա մասին, ուզում էի հարցազրույց անել, բայց կտրականապես հրաժարվեց: Դե, իսկ լավ գործերի մասին պատմողներ գտնվում են: Նարեկն է հիշում.- Մի վիրավոր բերեցին. մարմինն արդեն սառել էր, կենդանության ոչ մի նշան: «Ուազի» դռները բացեցին, Հարութը մոտեցավ վիրավորին, և մի հայացքը, մարմնին մի թեթև դիպչելը բավական էր, որ արձանագրի. «Այ ախպե՛ր, սա հո «կակալ հիվանդ է», ի՞նչ մահացած»: Ու հենց մեքենայի մեջ սկսեց սրտի արհեստական մերսում անել, «էն աշխարհից» հետ բերեց վիրավորին: Նրան նստած վիճակում ճանապարհեցինք հիվանդանոց…
Հսկայական աշխատանք էր կատարում մեր գումարտակի ինժեները՝ Արա Գրիգորյանը,- շարունակում է Նարեկը:- Մոտ 40 տարեկան զինվորական է, կապիտան: Ամբողջ դաշտային հոսպիտալում ցանկացած տեխնիկական հարց միանձնյա էր լուծում: Հոգնել չուներ: Ասում էինք՝ «Արա՛ Գրիգորիչ, լա՛վ, հերի՛ք է, մի քիչ հանգստացի՛ր»: Համեստորեն պատասխանում էր. «Ինձ Արա Գրիգորիչ մի՛ ասեք. ես ձեր ընկերն եմ»: Ո՞նց չասեինք. այդ գերմարդու հանդեպ մեր ակնածանքն այնքա՜ն մեծ է:
Մեր բոլոր բժիշկներն էին հրաշալի՝ Համբարձումը, Կարապետը, մյուսները… Նրանք իրենց պարտականությունը կատարելուց զատ, արել են անհնարինը…
Դանիել Մարատիչի մասին խոսքեր չկան. ոչ միայն փայլուն ղեկավարում էր բուժանձնակազմին, այլև ամեն զինվորի, ամեն վիրավորի հետ հարազատ երեխայի պես էր վարվում՝ անսպառ սիրով, կարելի է ասել՝ մոր հոգատարությամբ: Իր ձեռքով մաքրում, լվանում էր վերքերը, փոշոտված, կեղտոտված մարմինները… Շատ բան կա պատմելու, նրա մարդկային տեսակը բնորոշող շատ պատկերներ են այս պահին գալիս մտքիս, բայց ամեն ինչ չես ասի… Մի խոսքով՝ հազվագյուտ բժիշկ ու մարդ:
Մեզ մոտեցան, զրույցին միացան նաև սերժանտներ Մհերյան Մհերն ու Ծռնվերանց Էդգարը:
-Մենք այնտեղ միայն բուժակ չէինք,- ասում է Մհերը,- զինվորական գործի իմացությունը շատ դեպքերում էր օգնության հասնում: Հրաձիք էինք, զինվոր, սպա… Միշտ մեր զենքերով էինք գնում ելքի. գիտեինք՝ առիթի դեպքում ինչ պիտի անենք: Ջրականի հոսպիտալը դեռ կար. այնտեղի բուժկետից էինք վերցնում հիվանդներին: Մեր վարորդ Լևոնի հետ էի այդ օրը: Դեռ չէինք հասել զորամաս, երբ թշնամու ինքնաթիռը սկսեց ռմբակոծել տարածքը: Անմիջապես դուրս եկանք մեքենայից, որ թիրախ չդառնանք, պառկեցինք մի փոսի մեջ: Քիչ անց ի՞նչ տեսնեմ՝ այդ ռմբահարումների ներքո Լյովիկը փոսից դուրս է եկել, կանգնել է փողոցի մեջտեղում ու հրացանն է լիցքավորում: Զենքը վեր պարզած՝ սպասում էր. ինչի՞ն էր սպասում,- ծիծաղում է Մհերյանը:- Գոռում եմ՝ «Լյո՛վ, փախի՛ր, հրացանովդ ի՞նչ կարող ես անել»: Ինքնաթիռը մեր գլխավերևում մի քանի շրջան կատարեց, բայց մեր ժամանակը, պարզվում է, չէր եկել, աննկատ մնացինք: Հասցրինք վերցնել վիրավորներին ու ետ գալ: Այ, այսպիսի վարորդներ ունեինք: Պահեստազորից էին եկել, 22-23 տարեկան մեր Լյովիկն ու Սերգեյը: Նրանց ամեն մի արարքը հերոսական էր: Շատ փորձ չունենալով՝ ոգով ուժեղ մարդիկ են, շատ ուժեղ:
Մհերը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցած, Ապրիլյան քառօրյա պատերազմով անցած մեր հրաշալի բուժակներից է, որի մասին ժամանակին ակնարկ էի գրել: Մհերն ինչ-որ տեղ է շտապում. հրաժեշտ ենք տալիս նրան, իսկ Նարեկը էլի մի հետաքրքիր դեպք է հիշել.
-Մի զինվորականի էինք բերել դաշտային հոսպիտալ. ցնցակաթված էր ստացել. ոչ մի բառ չէր խոսում, տեղից չէր շարժվում: Հետը խոսում էի՝ ոչ մի ռեակցիա: Ընդհանրապես, երբ վիրավորներին բերում ենք, բոլորին պարտադիր հանվեցնում, եթե հնար չկար՝ կտրտում, հանում էինք համազգեստները, ոտքից գլուխ մանրամասն զննում, որ ոչ մի վիրավորում աչքաթող չանենք: Այդ օրը շատ էին հիվանդները, չէինք հասցնում: Հարցրի՝ «Վիրավոր ե՞ս»,- անորոշ հայացքով նայեց ինձ: Սկսեցի հանել շորերը, մեկ էլ տեսնեմ՝ համազգեստի տակից թուրքական պիտակով սվիտր է: Անմիջապես գնացի Մհերյանի մոտ. «Մհե՛ր, մի արի, տե՛ս, սա ո՞վ է, նորմա՞լ է այն, ինչ տեսնում եմ…»: Մհերյանը տեսավ, նա էլ իրար անցավ: Այդտեղ արդեն այս մարդն էլ սկսեց ոչ կամային անհանգստության նշաններ ցույց տալ. բիբերը լայնացան: Շոկային վիճակում էր, խոսել չէր կարողանում, բայց ինքն էլ էր հասկանում, որ վատ դրության մեջ է: Հարցնում եմ՝ «Սա քեզ որտեղի՞ց»: Չի խոսում: «Հայ ե՞ս»՝ էլի չի խոսում: Զինգրքույկն եմ վերցնում՝ հայկական անուն-ազգանուն է: Մհերն էլ հեռախոսն է վերցնում: Հայտնի հայկական վարկային կազմակերպություններից մեկում վարկային գիծ ուներ, հանգստացած շունչ քաշեցինք: Ավելի ուշ, երբ շոկից դուրս եկավ, իմացանք, որ հենց կողքին եղբայրն էր զոհվել…:
-Մի գիշեր մի երիտասարդ եկավ. վիրավոր եղբորն էր բերել,- հիշում է Հովիկը,- կամավոր էին, թե զինվորական, չգիտեմ: Ցավոք, արդեն մահացել էր եղբայրը: Ձեռքերը խփեց ծնկներին՝ «Չհասցրի…»: Ու եղբոր դին մեզ մոտ թողնելով՝ քշեց-գնաց ուրիշ վիրավորի կյանքը փրկելու… Շվարած նայում էինք նրա հետևից:
…Հիշողությունները տղաներին կրկին վերադարձրել են այն օրերի ամենածանր ապրումներին:
-Մինչև վերջ, անգամ նահանջելիս միշտ հույս ունեինք, որ հետ ենք գնալու,- ասում է Հովիկը:- Մհերի հետ որոշել էինք՝ Իշխանաձորում տուն ենք ունենալու: Ամբուլատորիայի բժշկուհի Լուսինեին հարցնում էինք՝ «Ի՞նչ է պետք էստեղ բնակություն հաստատելու համար»: Ասում էր. «Թող ամեն ինչ վերջանա, ոչինչ էլ պետք չի: Կգաք, կապրեք»: Շատ էինք հարազատացել այդ վայրերին: Չենք հաշտվում կորստի հետ…
Մեր բժշկուհի Լուսինե Սարգսյանը արտակարգ մարդ է: Ամուսինը զինվորական է, կարծեմ՝ հրամանատար: Ինքն էլ՝ մի «բաևիկ-աղջիկ»: Ինչ պետք լիներ, րոպեներ չանցած կճարեր: Անգամ սառնարան, լվացքի մեքենա էր բերել հոսպիտալ: Մեկ էլ գալիս, հարցնում էր. «Հը՛, տղանե՛ր, սոված չե՞ք»: Ասում էինք՝ «Հա՛, Լո՛ւս ջան, լավ կլիներ»: Մեկ էլ գալիս էր՝ խորովածով, խաշլամայով: Զարմանում էինք՝ «Լուսի՛ն ջան, էս ո՞րտեղից»: «Ձեր գործը չի, կերե՛ք, միայն լա՛վ եղեք»: Մինչև վերջին պահը, երբ արդեն լուրեր էին հասնում, որ թշնամին Իշխանաձորում է, մեր կողքին էր մեր հերոս Լուսինեն:
Սերժանտ Էդգար Ծռնվերանցը՝ «Ծուռը», երեք անգամ Աֆղանստանում, մի անգամ՝ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում է եղել: Բուժակների վերապատրաստման գործում առաջիններից է եղել, նաև հոգեբանի կրթություն ունի:
-Տարօրինակ «ռոբոտների» բանակի դեմ էինք այս անգամ կռվում,- ասում է,- Էդգարը:- Ներարկում էին իրենց թմրանյութեր ու առաջ էին գալիս` առանց ցավ զգալու: Դեպք է եղել, երբ արդեն Իշխանաձորը թշնամու հսկողության տակ էր, մերոնցից մեկը այնտեղից ադրբեջանցիների քթի տակով անցել, հասել էր Կուբաթլու, չէին իմացել, որ հայ է:
Մեր տղաները… Սրտումս ցավ էր, բայց փորձում էի բարձրացնել նրանց տրամադրությունը: Անգամ ծանր վիրավորներին հումորով-կատակով էի ուղեկցում: Հենց բերում, հասցնում էինք, նորից կապ էին տալիս նոր վիրավորի մասին: Ամեն վայրկյանը թանկ էր. վիրավորի վիճակը կարող էր րոպեների ընթացքում ծայրահեղ ծանրանալ…
Մեր միակ մտավախությունը հաճախ լինում էր այն, որ հանկարծ հիվանդ տեղափոխելիս հոգնածությունից պատգարակի բռնակը ձեռքներիցս դուրս չպրծնի: Թե իրար չհիշեցնեինք, օրերով կարող էինք առանց քնելու, սոված մնալ:
Շատ պատմություններ են եղել, շատ փորձություններով ենք անցել, բայց հատկապես մի դեպք է տպավորվել, միակ դեպքը, երբ իրոք վախ ապրեցի: Բուժծառայության պետը՝ Վարդան Ղուշյանը, կապ էր տվել՝ թե պետք է Հավսլուից վիրավորների բերել (այնտեղ ամենադաժան մարտերն էին ընթանում): Ինքն էր մեքենան վարելու. վտանգավոր էր, վարորդին չէր վերցրել: «Ուրալով» ընդառաջ էին բերելու վիրավորներին: Հասանք Հավսլուի մատույցներին, որտեղից «Ուրալով» մեզ էին փոխանցելու վիրավորներին: Տեսանք «Ուրալը», կանգնեցինք, ես ու Վարդանը դուրս եկանք մեքենայից, մեկ էլ շրջվեցի՝ տեսնեմ մեր մյուս մեքենան է կանգնած: Մեր ամենաերիտասարդ նորեկ բուժակն էր՝ Մանուկը: Զարմացա, քանի որ կարգադրել էի, որ մոտ 15 կմ հեռու թիկունքում սպասեին: Բոլորիցս էլ խիզախ մի տղա է մեր Մանուկը: Որպես հոգեբանություն ուսումնասիրած մարդ՝ ես երբեք նրա տեսքից չէի գուշակի, թե որքան քաջություն կա այդ տղայի մեջ: Բարկացած հարցրի՝ «Քեզ ո՞վ է ասել, որ գաս»: Պատասխանեց. «Ինչո՞ւ, իմ կյանքն ավելի կարևոր է, քան քո՞նը: Որտեղ դու՝ էնտեղ էլ ես»: «Ուրալից» դուրս բերեցինք 11 վիրավորի: Բուժծառայության պետ Վարդանը պնդեց, որ ինքն իմ «Ուազով» ավելի առաջ է գնալու, մտնելու է Հավսլու: Փորձեցի կանգնեցնել. «Եթե ասել են՝ «Ուրալներն» ընդառաջ են գալու, իմաստը ո՞րն է, որ ավելի առաջ գնաս»: 50-100 մետր էր մնացել մինչև վտանգավոր գոտին, որտեղ թշնամին բարձունքից կարող էր նկատել ու խոցել մեքենան: Բայց անդրդվելի էր. նստեց իմ «Ուազն» ու գնաց: Մանուկի հետ «տեսակավորեցինք» վիրավորներին: 5 ծանր վիրավորի անմիջապես նրա հետ ուղարկեցի: Ես էլ մյուս՝ համեմատաբար թեթև վիրավորներին զիգզագաձև շարեցի ու սկսեցինք քայլելով հետ գնալ դեպի թիկունք: Շուտով մթան մեջ մոտեցող մեքենայի ձայն լսվեց. ձայնից հասկացա, որ «Ուրալ» է: Փորձեցի կանգնեցնել, չկանգնեց: Գլխիս վիրահատական լույս ունեի, միացրի, նկատեց, կանգնեց: Վարորդին ասացի՝ «Վիրավորներին հասցրու Իշխանաձորի հոսպիտալ»: Ինքս մնացի. պիտի սպասեի մեր «Ուազի» վերադարձին, Վարդանին: Հետո սկսեցի քայլել դեպի թիկունք. 6 կիլոմետր այդպես քայլեցի: Մինչև Իշխանաձոր դեռ ավելի քան 40 կմ ճանապարհ կար: Չէի վախենում, որ կարող է շրջափակման մեջ ընկնեմ, կարող է ինձ գնդակ դիպչել: Բայց սարսափում էի այն մտքից, որ կարող է հանկարծ մերոնք ինձ խփեն: Որ ասում էի՝ իրոք վախեցել եմ, սրա մասին էի ասում: Վիրավորական կլիներ յուրայինի գնդակից ընկնելը… Որոշ ժամանակ անց նկատեցի, որ դիմացից լուսային ազդանշան են տալիս: Մերոնք էին: Գոռացի՝ «Իշխանաձորի հոսպիտալից եմ»: Մեր գյումրեցիների ջոկատն էր: Բացատրեցի, որ իմ «Ուազին» եմ սպասում: Ի վերջո, ճանապարհին մոտեցող երկու փոքր «լուսե աչք» նկատեցի: Հավասարվեց մեզ: «Ուազով» Վարդանն էր: Սարսափելի հրետակոծության տակից մի կերպ էր դուրս եկել: Մի վիրավորի տեղավորել էին մեքենայում, չէր հասցրել զննել. հազիվ հեռացել էր վտանգավոր գոտուց: Մտածում էր՝ մահացած կլինի: Դուռը բացեցի, լույսը գցեցի, մեկ էլ մի զույգ աչքեր հառվեցին վրաս: «Վա՜յ, ես քո ցա՜վը տանեմ, ողջ ե՞ս»: Ո՜նց էինք ուրախացել. մի կյանք էլ փրկվեց: Իշխանաձորում բուժանձնակազմին ասացինք. «Շո՛ւտ, վիրավոր գեներալ ենք բերել…»: «Ի՞նչ գեներալ. ջահել տղա է»: Մեզ համար գեներալ էր…
Տղաները լռել են. հիշողություններն այնքան շատ են. ո՞ր մեկը պատմեն. այդ 44 օրվա ընթացքում մի ամբողջ փոթորկոտ կյանք են ապրել…
Հաջորդը՝ իր «իրապատում հեքիաթը» պատմելու հերթը Մանուկինն է՝ դաշտային հոսպիտալի ամենաերիտասարդ բուժակինը, «տան փոքրինը»…
Շարունակելի
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
և բուժակների անձնական արխիվից
Խորագիր՝ #09 (1380) 10.03.2021 - 16.03.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում