ՈՐԴԻՆԵՐԻՑ ԿՐՏՍԵՐՆ ԷՐ ՎԻՏԱԼԻՆ
Աբովյան քաղաքում էին բնակվում Իվան և Թագուհի Յակուբով ամուսինները, երբ իմանալով Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման մասին՝ 1997 թվականին չորս որդիների՝ Աշոտի, Լազարի, Աշուրի և Վիտալիի հետ տեղափոխվեցին Արցախ և բնակություն հաստատեցին Բերձոր քաղաքում, որտեղ էլ ծնվեց նրանց դուստրը՝ Սոսյան:
Բերձորում հասակ առան Յակուբով եղբայրները, սովորեցին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Կրտսեր որդին՝ Վիտալին, դպրոցն ավարտելուց հետո ընտրեց խոհարարի մասնագիտությունը: Բարձր առաջադիմությամբ ավարտեց նաև Բերձորի արվեստի դպրոցի ակորդեոնի բաժինը: 2016 թ. ապրիլին Յակուբով եղբայրները մասնակցեցին Քառօրյա պատերազմին և հետագա մարտական գործողություններին: Կրտսերը՝ Վիտալին, պարգևատրվեց «Արիություն» մեդալով: Պատերազմն ավարտվեց, ու տուն դարձան հերոսները: Եղբայրներից Աշոտն ընտրեց զինվորականի մասնագիտությունը, իսկ Վիտալին աշխատեց խոհարարի մասնագիտությամբ, ընտանիք կազմեց բերձորցի Մարիի հետ: 2018 թ. ծնվեց նրանց առաջնեկը՝ Մարին: Վիտալին երջանիկ էր իր նորաստեղծ ընտանիքով, աշխատում էր, նպատակ էր դրել տուն կառուցել Բերձորում… 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հենց առաջին օրը շատ քաշաթաղցիների հետ՝ որպես պահեստազորային, ռազմաճակատ մեկնեց նաև Վիտալին, մարտնչեց Ջրականում՝ ռազմաճակատի ամենածանր հատվածներից մեկում: Հոկտեմբերի 10-ին մարտական գործողություն իրականացնելիս զոհվեց հերոս քաջորդին… Վիտալիին հուղարկավորեցին Աբովյանում՝ Սարալանջի հանգստարանում: Եղբոր հուղարկավորությունից հետո կամավոր մարտադաշտ մեկնեց նաև Աշուրը: Կռվեց Շուշիի պաշտպանների շարքերում: Այսօր էլ նա շարունակում է զինվորական ծառայությունը զորամասերից մեկում:
…Հայտնի իրադարձություններից հետո, ճարահատյալ, Աբովյան վերադարձան Յակուբովները: Բազմանդամ ընտանիքը բնակվում է ժամանակավոր կացարանում:
-Մեծ սիրով ու ցավով պիտի խոսեմ իմ սանի՝ Վիտալիի մասին: Վիտալին միշտ մասնակցում էր դպրոցում կազմակերպված միջոցառումներին, նվագում իր սիրելի երաժշտական գործիքը՝ ակորդեոնը: Եվ ինչքան լավ էր նվագում: Բարեհամբույր, մեծին հարգող, չափից դուրս համեստ ու պատասխանատվության բարձր զգացումով օժտված տղա էր,- այսպես իր սանին բնութագրեց Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը:
-Որդիս պատրաստակամորեն մեկնեց առաջնագիծ, կռվեց հերոսաբար ու զոհվեց… Այսօր Բերձորի մեր տունը, որտեղ հասակ առան մեր զավակները, իրենց հոր հետ կառուցեցին, իրենց գիշերուզօր աշխատանքով կահավորեցին ու շենացրին, դատարկ է,- հուզված ասաց Վիտալիի մայրը՝ տիկին Թագուհին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ճակատագրեր