Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ



ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆԿրակային պատրաստության գործնական պարապմունքը մեկնարկում է անվտանգության կանոնների հրահանգավորմամբ. թե՛ պատերազմից առաջ և թե՛ հետո զինծառայողներին առաջադրված ուսումնամարտական խնդրի բովանդակությունն անփոփոխ է՝ որոշակի տարածությունից դիպուկ խոցել թիրախը։ Հրահանգիչ սպաների հսկողությամբ, ըստ հաստիքային զինատեսակների, անձնակազմը ուսուցանվում է, վերապատրաստվում հետպատերազմյան մարտական տրամադրությամբ։

Վարժադաշտում արցախյան վերջին մարտերին մասնակցած զինվորներն են։ Ինչպես արագ դիրքավորվել ու անցնել հրամանի կատարմանը՝ նրանք լավ գիտեն։ Պատերազմական փորձն է հմտացրել ու նաև պարտավորեցրել, որ պետք է կատարելագործել հաստիքային զենքին տիրապետելու  հմտությունները։

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆՄենք ներկա եղանք զորամասի վարժարանում ընթացող կրակային պարապմունքներին և համոզվեցինք, որ նոր ուսումնական փուլին անձնակազմը պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ:

-Դեպի կրակային դիրքերը, առա՛ջ,- լսվում է գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ղուլյանի հրամանը, և ստորաբաժանումը հաշված վայրկյաններում անցնում է հրամանի կատարմանը:

-Մեր նպատակը պատերազմից հետո գիտելիքների հիմնավոր ուսուցանումն է։ Տղաները պիտի նաև վարժ  կրակեն իրենց ամրակցված զենքերից: Մեծ է նրանց ցանկությունն ու ձգտումը, ինչը հաջողության հասնելու գրավական է,- մեզ հետ զրույցում ասաց մայոր Ղուլյանը:

Կարճատև ընդմիջման ժամանակ զրուցեցինք զինվորների հետ:

-Լավ ցուցանիշներով հաղթահարեցինք ստուգողական հրաձգության առաջին վարժությունը: Կրակեցինք ՁՀՆ-7 նռնակաձիգից: Իմ առջև նպատակ եմ դրել հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել ու կատարյալ տիրապետել ինձ ամրակցված զենքին,- ասաց ժամկետային զինծառայող Հովհաննես Ղարիբջանյանը:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ-Ես «Կորդ» զինատեսակը գործադրող ջոկի հրամանատարն եմ,- ներկայացավ Հրաչյա Սուգյանը։- Այս պահին իմ հրամանատարությամբ անձնակազմը ուսուցանում է այդ ծանր զենքը լիցքավորելու, լիցքաթափելու, դրանից վարժ ու դիպուկ կրակելու հմտությունները: Նոր ուսումնական փուլին նախապատրաստվել ենք բարձր տրամադրությամբ, եռանդով ենք կատարում մեր սպաների առաջադրանքները,- վստահեցրեց ջոկի հրամանատարը:

Հովհաննեսն ու Հրաչյան պատերազմի օրերից հայտնի «Հովազ» մարտական դիրքում մարտնչած տղաներից են։ Նրանք հետպատերազմյան շրջանում մեծ նվիրումով ու գիտակցորեն են շարունակում կատարել Հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Մերօրյա հերոսների համար սա բանակային վերջին ուսումնաշրջանն է: Նրանք շուտով կզորացրվեն, իսկ մինչ այդ իրենց փորձն ու հմտությունները կփոխանցեն նորեկներին՝ բառի ամենաուղիղ իմաստով ուսուցանելով ռազմական գործի այբուբենը։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ազգային բանակ


18/03/2021