ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՐՑԱԽ
Նարինեն ու Սերգեյն արդեն 4 ամիս է, ինչ ձեռք ձեռքի տված դուրս են գալիս բժշկական համալսարանից և միասին ուղևորվում Սերգեյենց տուն։ Զույգն արդեն նշանադրվել է, հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Նարինե Արզումանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է, ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից: Դպրոցն այնտեղ է ավարտել եւ բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար տեղափոխվել է Երևան:
Ապագա սրտաբանը մեծացել է ռազմական բժշկի ընտանիքում և մանկությունն անցկացրել է պատերազմող Արցախում, ծանոթ է ռազմական իրավիճակին, կրակոցներին, որոնք պարբերաբար հնչել են արցախա-ադրբեջանական սահմանին: Սակայն ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ սեպտեմբերի 27-ին լսեց նոր պատերազմի լուրը։
Արցախ վերադառնալու միտքը նրան հանգիստ չէր տալիս և հաջորդ առավոտյան մեկնեց հարազատ Մարտունի: Երիտասարդ բժշկուհին նախ տեղի հիվանդանոցում, հետո Ստեփանակերտում օգնում էր հիվանդներին, շտապօգնության մեքենայով վիրավոր զինծառայողներին ուղեկցում Երևան։
-Ապշած էի երիտասարդ զինվորների քաջությունից, համառությունից, ցավերին դիմանալու կամքից և ուժից: Այլ բան է կարդալ գրքերում, այլ բան է, երբ քո աչքերով ես տեսնում այդ ամենը, երբ արնաքամ են լինում, երբ իրենց կյանքին ուղղակի վտանգ է սպառնում, բայց ձգտում են օր առաջ գնալ մարտադաշտ,- ասում է Նարինե Արզումանյանը:
Նույն հպարտության զգացողությունն է ունեցել նաև ապագա ուրոլոգ Սերգեյ Արամյանը։ Սերգեյը նույնպես սեպտեմբերի 27-ին կամավորագրվել և ընկերոջ հետ մեկնել է Արցախ:
-Զինվորներից մեկի ոտքերում 4-5 բեկոր, բայց ասում է՝ մի բան արեք, փաթաթեք, գնամ ընկերներիս մոտ: Ընկերներս կռվում են, ոնց կարող եմ ես մնալ այստեղ,- հիշում է Սերգեյ Արամյանը:
Առաջին օրը Ստեփանակերտում աշխատելուց հետո տեղափոխվում են Մարտունու հիվանդանոց:
Եվ հենց այստեղ էլ կայանում է Սերգեյի և Նարինեի ճակատագրական հանդիպումը։
-Սեպտեմբերի 29-ին էլի վիրավորների բերեցին, ես ու ընկերս տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ էլ Նարինեին տեսա: Դուրս եկա ու ընկերոջս ասացի, որ ես էլի հետ եմ գալու հիվանդանոց… Նարինեին տեսնելու համար ամեն օր մի պատճառ գտնում էի,- անկեղծանում է Սերգեյը:
Այդ օրվանից Նարինեն ու Սերգեյն անբաժան են, ասում են, որ միասին ապրած դժվարությունները ստիպեցին իրար ավելի լավ ճանաչել, ցավի ու հույսի մեջ անմիջապես մտերմանալ և ի վերջո սիրել ու սիրվել։ Պատերազմն իր ամբողջ ողբերգականությամբ բազմապատկել էր հույզերն ու պայքարի կամքը, զինվորներից իրենց փոխանցվող ցավն ու այն դարմանելու ներքին ուժը։
-Պատերազմի օրերին ավելի սիրեցի ու գնահատեցի իմ մասնագիտությունը: Հասկացա, որ տասնութ տարեկան, նոր կյանք մտնող տղաների կյանքը նաև ինձնից է կախված,- ասում է Սերգեյը:
-Ողղակի համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ու այսուհետ միայն ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեմ մասնագիտությանս ու ավելի շատ կսովորեմ,- ապագա ամուսնու խոսքն է շարունակում Նարինեն
-Մասնագիտության մեջ առավել կատարելագործվելուց հետո անպայման վերադառնալու ենք մեր ծննդավայր և մեր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու ենք Արցախ աշխարհին, հավաստիացրին Սերգեյն ու Նարինեն:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Լուս.՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆ
Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Բանակ և հասարակություն