Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ



ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸԱզգային անվտանգության համակարգի կարևոր և անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է նաև էկոլոգիական անվտանգությունը՝ մարդու կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածությունը, առաջին հերթին՝ մաքուր, առողջ, կյանքի համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Էկոլոգիական անվտանգության համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում զինված ուժերի էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրը, որի ուսումնասիրությամբ զբաղվում է ռազմական էկոլոգիան: Ընդհանուր էկոլոգիայի այս բնագավառը ուսումնասիրում է զինված պայքարը, պայքարի ոչ ռազմական ձևերն ու միջոցները, ռազմական օբյեկտները, զինված ուժերն ամբողջությամբ և շրջակա միջավայրը: Ռազմական էկոլոգիայի հետազոտման առարկան զինված ուժերի գործունեության և շրջակա միջավայրի փոխազդեցությունն է:

ՀՀ ԶՈՒ գործունեությունն իր մեջ ներառում է՝

  1. զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեություն,
  2. զորահավաքային ծավալում,
  3. մարտական գործողությունների վարում:

Զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեությունն իր մեջ ներառում է ուսումնամարտական պատրաստությունը, ռազմատեխնիկական և տնտեսական-կենցաղային գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ նյութերով և ֆիզիկական տարբեր ճառագայթներով (ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն ռադիոալիքներ և այլն) շրջակա միջավայրն աղտոտող մշտական և իրական էկոլոգիական վտանգ:

Զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության ընթացքում պետք է պահպանվի անձնակազմի, քաղաքացիական ծառայողների, բնակչության առողջության ու կյանքի պաշտպանության առաջնահերթության սկզբունքը: Դրա իրագործումը հնարավոր է իրականացնել շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) կանոնակարգված պահանջների, ՍՌՏ էկոլոգիական անվտանգության նորմերի և պահանջների պահպանման հսկողության, շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների վերացման միջոցով:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՌազմական օբյեկտում շրջակա միջավայրը աղտոտող հնարավոր աղբյուրները բավականին շատ են: Դրանցից են «կազմակերպված» աղբյուրները, որ ունեն հատուկ սարքավորումներ աղտոտող նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար (ռեակտիվ շարժիչի ծայրափողակը, ծխատար խողովակը, կոյուղու ելքը, օդափոխիչի խողովակագլխանցքը և այլն): Հատուկ սարքավորումներ չունեցող աղտոտող աղբյուրները կոչվում են «չկազմակերպված»: Դրանք են՝ շինհրապարակները, հրաձգարանները, երկաթգծի կայարանները, դաշտային խողովակաշարերը և այլն: Ըստ ռազմական օբյեկտի գործունեության ռեժիմի` աղտոտման աղբյուրները լինում են անընդհատ գործող (էլեկտրակայաններ, մաքրող կառույցներ), պարբերաբար գործող (տրանսպորտային միջոցներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, հրետանի) և մեկանգամյա (հրթիռներ, ականառումբեր): Բոլոր ռազմական օբյեկտների համար ընդհանուր և առավել բնորոշ են կենցաղային աղտոտման աղբյուրները՝ կաթսայատները, սննդի կետերը, բուժհաստատությունները, բաղնիքները, լվացքատները, ընդհանուր նշանակության տրանսպորտային միջոցները, տեխսպասարկման կետերը, վառելիքաքսուքային միջոցների պահեստները, կենցաղային թափոնների հավաքատեղիները և այլն: Ռազմական օբյեկտների աղտոտման մյուս բոլոր աղբյուրները համարվում են հատուկ աղբյուրներ, որոնք բնորոշ են միայն զինված ուժերի գործունեությանը (ռադիոտեխնիկական միջոցներ, ՍՌՏ համակարգեր, ռազմամթերք և այլն): Ցամաքային զորքերի գործունեության հետ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության ամենամեծ բաժինը կազմում են վառելիքի, վառելիքաքսուքային նյութերի և դրանց այրման արդյունքները։ Շրջակա միջավայրի ֆիզիկական աղտոտումը տեղի է ունենում ձայնորսիչ, իոնացնող, էլեկտրաստատիկ, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր ճառագայթումներով, որոնք ի հայտ են գալիս մարտական գործունեության՝ զենքի փորձարկման, մարտական վարժանքների, սպառազինության ոչնչացման և օգտահանման ժամանակ:

Ռազմական օբյեկտների շինարարության և շահագործման ընթացքում իրականացվում են շրջակա միջավայրի կանխամտածված տարբեր փոփոխություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ռազմական օբյեկտների, անձնակազմի և բնակչության վրա: Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էկոլոգիական գործոնների ազդեցության հետևանքով մեկ երրորդով կարող է նվազել զենքի մարտական կիրառման արդյունավետությունը: Ցամաքային զորքերը, այդ թվում՝ տեխնիկապես հագեցած, կարող են ենթարկվել էկոլոգիական անբարենպաստ այնպիսի գործոնների ներգործությանը, ինչպիսիք են՝ մթնոլորտի էլեկտրաֆիզիկական ցուցանիշների փոփոխությունները, միջավայրի կոռոզիոն ակտիվության և մառախուղի առաջացման հաճախականության մեծացումը, հողերի աղակալումն ու ճահճացումը, ջրավազանների ափերի փլուզումները և այլն:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՑամաքային զորքերին բնորոշ էկոլոգիական խնդիրներից են.

♦   Մշտական տեղակայման վայրերում ՍՌՏ-ի շահագործման և պահպանման էկոլոգիական անվտանգության ապահովումը: Դրան կարելի է հասնել ՍՌՏ-ի կայանատեղիները, տեխսպասարկման կետերը և վերանորոգող ձեռնարկությունները` ՍՌՏ-ի լրակազմի և նմուշների էկոլոգիական անվտանգությանը վերաբերող ընդհանուր տեխնիկական պահանջներին համապատասխան կահավորելու միջոցով։

♦   Տեխսպասարկման կետերը և վերանորոգող ձեռնարկությունները պետք է ունենան օդափոխության և շարժիչների աշխատած գազերը հեռացնող համակարգեր, մատակարարվող օդի մաքրման համար զտիչներ: Շարժիչները և տաքացնող սարքերը գազը հեռացնող համակարգերին պետք է միանան ճկուն խողովակների միջոցով։

♦   Հսկիչ-տեխնիկական կետում պետք է լինի գազանալիզատոր՝ ներքին այրման շարժիչների աշխատած գազերում ածխածնի օքսիդի պարունակությունը որոշելու համար։

♦   Զրահատանկային և ավտոտրակտորային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման կետերը ջրավազաններից և ջրամբարներից պետք է գտնվեն առնվազն 200 մետր հեռավորության վրա։

♦   Տեխնիկայի մաքրման և լվացման կետերը պետք է հագեցած լինեն ջրամատակարարման կրկնակի համակարգերով՝ գրունտային ջրերի աղտոտումը բացառելու համար։

♦   Դաշտային զուգարանները, աղբանոցները արգելվում է տեղադրել ջրավազաններին և ջրամբարներին մոտ, զառիվայր տեղանքում: Տարածքը լքելուց առաջ զուգարանների մեջ պետք լցվի քլորակիր, գրունտ և ծածկվի ճիմով։

♦   Արգելվում է թրթուրավոր և անվավոր տեխնիկան մաքրել և լվանալ ջրավազանների, ջրամբարների մոտ, անտառածածկ տարածքներում և դաշտերում: Դրա համար խորհուրդ է տրվում օգտագործել համապատասխան հարթակները և պինդ ծածկույթով ճամփեզրերը: Տեխնիկան լվանալուց և մաքրելուց հետո մնացած թափոնները (փալասներ, թղթեր և այլն) անհրաժեշտ է հավաքել և այրել սահմանված կարգով:

Ներկայացվածը ցամաքային զորքերին բնորոշ խնդիրների միայն մի փոքր մասն է: Առանձին խումբ են կազմում օդուժի էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրները:

Ավիացիոն վառելիքի և դրա այրման արդյունքներով շրջակա միջավայրի աղտոտումն ունի որոշակի առանձնահատկություններ: Ավիացիոն կերոսինը մեծ քանակությամբ ցիկլիկ և արոմատիկ միացություններ պարունակելու հետևանքով շատ թունավոր է: Ավիացիոն կերոսինով շրջակա միջավայրը աղտոտվում է թռչող սարքերը լիցքավորելու և վառելիքային համակարգերը սպասարկելու, թռիչքի ընթացքում վթարային իրավիճակների հետևանքով չօգտագործված վառելիքը դատարկելու ժամանակ, ինչպես նաև փոխադրման և պահպանման ընթացքում կորուստների հետևանքով:

Ավիացիոն գազատուրբինային շարժիչները, երբ գործնականում հնարավոր չէ ապահովել այրման նպաստավոր պայմաններ, թռիչքի և վայրէջքի ժամանակ աշխատում են բարձր ծխարձակմամբ: Այդ պատճառով ավիացիոն վառելիքի այրման արդյունքները առավել անբարենպաստ ներգործություն ունեն օդանավակայանների տարածքների և դրանց շրջակայքի վրա:

Ավիացիոն տեխնիկայի օգտագործումը ուղեկցվում է բարձր ինտենսիվությամբ ձայնային և ռադիոալիքներով: Օդանավակայանի և շրջակա տարածքում անընդհատ բարձր աղմուկի առկայությունը բացասաբար է անդրադառնում անձնակազմի, քաղաքացիական ծառայողների և բնակչության վրա: Դրա հետ կապված ավիացիոն տեխնիկային և օդանավակայաններին ներկայացվում են հետևյալ էկոլոգիական պահանջները.

♦   ինքնաթիռների (ուղղաթիռների) թռիչքի և վայրէջքի ցածր բարձրության թռիչքուղիները չպետք է անցնեն բնակավայրերի վրայով,

♦   շարժիչների փորձարկման հարթակները պետք է տեղակայված լինեն այնպես, որ փորձարկման ընթացքում ինքնաթիռի քիթն ուղղված լինի դեպի բնակելի կառույցը,

♦   պետք է կիրառվեն աղմուկը կլանող ստացիոնար և շարժական միջոցներ,

♦   ձայնային ալիքների շարժման ուղղությամբ պետք է ստեղծվեն աղմուկից պաշտպանող ծառերի երկշարք կամ եռաշարք պատնեշներ՝ թփուտների համակցությամբ,

♦   բուժհաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում և հասարակական այլ կառույցներում պետք է կիրառել ձայնամեկուսիչ նյութեր։

ՀՀ ԶՈՒ գործունեության մեկ այլ տեսակ է զորահավաքային ծավալումը, որը բնութագրվում է կազմավորվող զորամասերի, զորամիավորումների, զորահավաքային, մարտական ներդաշնակման, կենտրոնացման շրջանների, օպերատիվ նախորոշման շրջանների առաջխաղացման երթուղիների շրջակա միջավայրի վրա ինտենսիվ բացասական ազդեցությամբ: Շրջակա միջավայրի վրա բացասական ներգործություն կարող է ունենալ անտառների ոչ պլանային հատումը, բնահողի մաքրումը զինվորական գործունեության կարիքների համար:

Մարտական գործողությունները անխուսափելիորեն ուղեկցվում են բնության և բնակավայրերի ավերմամբ, շրջակա միջավայրի քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ նյութերով և ֆիզիկական ճառագայթներով աղտոտմամբ: Մարտական գործողությունների վարման թատերաբեմում առաջնահերթությունը տրվում է մարտական խնդրի կատարմանը, իսկ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մղվում են երկրորդ պլան:

Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարտական գործողություններին զուգահեռ իրականացվում է կանխամտածված կամ նպատակաուղղված ներգործություն շրջակա միջավայրի վրա: Օրինակ՝ ամերիկյան զորքերի՝ 1964-1970 թթ. կիրառած մեծ քանակությամբ դեֆոլիանտների (բույսերի տերևաթափը առաջացնող նյութեր) և հերբիցիդների կիրառման հետևանքով ոչնչացվել է Վիետնամի բուսական տարածքների մոտավորապես 50%-ը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախնական տվյալներով Արցախի Հանրապետության տարածքում ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառային տարածք: Թշնամու բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև ՀՀ տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև՝ բնության հատուկ պահպանվող տարածքներ: Ադրբեջանի որդեգրած հակաբնապահպանական գործողությունների հետևանքով հրդեհվել են Տավուշի մարզի «Արծվաբերդ» անտառային տնտեսության շուրջ 170 հեկտար և Գորիսի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածքներ: Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի անտառագոտիներին, «Շիկահող» պետական արգելոցի 65 հեկտար տարածքին: Այս պահին առկա տվյալներով՝ ՀՀ և ԱՀ տարածքներում ընդհանուր առմամբ վնասվել է 2000 հեկտարը գերազանցող անտառածածկ և բուսածածկ տարածք: Ռազմական գործողությունների ընթացքում թշնամին կիրառել է նաև ֆոսֆոր պարունակող ռումբեր, որոնց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դեռևս լիովին ուսումնասիրված չէ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղային մարտական գործողություններից հետո շրջակա միջավայրը աղտոտվում է նավթամթերքով և դրա այրման արդյունքներով, ինչպես նաև տարբեր ձեռնարկությունների խոցման հետևանքով վտանգավոր քիմիական նյութերով։ Դրա հետ կապված այդ տարածքներում մերձգետնյա օդը պարունակում է այնպիսի վտանգավոր քիմիական նյութեր, ինչպիսիք են՝ բենզապիրենը, դիօքսինը, ծծմբի, ածխածնի, ազոտի օքսիդները, ինչպես նաև ծանր մետաղներ՝ վանադիում, ցինկ, կապար, կադմիում և այլն: Այդպիսի տարածքներում առանց անհատական պաշտպանական միջոցների երկար ժամանակով տեղակայվելը լուրջ վնասներ կարող է հասցնել անձնակազմի առողջությանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ԶՈՒ էկոլոգիական ավտանգության ապահովման հիմնախնդիրներն են`

  1. ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովման տեսական հիմքերի ձևավորումը,
  2. զորքերի (ուժերի) էկոլոգիական անվտանգության ապահովման, էկոլոգիական վնասակար գործոններից պաշտպանվելու, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման բնագավառներում նորմատիվային, իրավական և մեթոդական հիմքերի մշակումը,
  3. ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովումն ու շրջակա միջավայրի պահպանությունը, զորքերի (ուժերի) գործունեության ընթացքում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու շրջակա միջավայրի պահպանությունը,
  4. զորքերի (ուժերի) մարտունակության վրա մարտական գործողությունների էկոլոգիական հետևանքների ազդեցությունը նվազեցնելու մեթոդների և միջոցների մշակումը,
  5. ԶՈՒ էկոլոգիական անվտանգության ապահովման համար արդյունավետ միջոցների, ռազմական նշանակության նոր տեխնոլոգիաների և մեթոդների մշակումը,
  6. զորքերի (ուժերի) մարտունակության վրա էկոլոգիական վտանգավոր գործոնների ազդեցության հետազոտումը, նրանցից պաշտպանվելու մեթոդների և միջոցների մշակումը,
  7. ԶՈՒ օբյեկտներում տեխնածին վթարների և բնական աղետների էկոլոգիական հետևանքների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
  8. ԶՈՒ անձնակազմի էկոլոգիական ուսուցանումը և դաստիարակումը, էկոլոգիական մշակույթի ձևավորումը:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ավագ սպա,

կապիտան

Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


25/03/2021