Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ



ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐԳևորգ պապն ասում է.

-Նարեկը ազգանունս կրող իմ միակ արու թոռն է:

Գևորգ պապի աչքերը մետաղի գույն ունեն՝ ցավի գույն: Անփայլ ու անլույս:

-Նարեկն իմ ընկերն է, մենք միասին ենք քնում,- ասում է Գևորգ պապը, նա ներկա ժամանակով է խոսում թոռան մասին,- քի՞չ է պատահում, որ ԴՆԹ հետազոտության տվյալները սխալ լինեն: 99, 9 տոկոսը դեռ 100 տոկոս չէ, ու հնարավոր է, որ Նարեկս գա: Մի օր դուռը թակի ու ներս մտնի: Ասի՝ պա՛պ, ի՞նչ կա-չկա, ինչպես հարցնում էր ամեն օր քնելուց առաջ:

Ես գլխով եմ անում: Հույսը բարակ ճյուղ է, ու Նարեկին ողջ տեսնելու երազանքը՝ փոքրիկ տերև՝ կախված բարակ ճյուղից, իսկ դրսում մարտն է, ու ձյունախառն անձրևը շամփրում է պատուհանը: Եվ որքան ուժեղ է զարկվում, ես այնքան եռանդով եմ թափահարում գլուխս.

-Իհարկե, 99,9 տոկոսը դեռ 100 տոկոս չէ…

-Երբ տղաներս՝ Արթուրս ու Արտակս ծնվեցին, ես աշխատում էի: Բան չհասկացա նրանց մանկությունից, մեկ էլ տեսա՝ մեծ մարդիկ են: Իսկ Նարեկը իմ աչքի առաջ մեծացավ, միասին մեծացանք: Ես դարձա նրա տարեկիցը, միասին սովորեցինք հեքիաթ պատմել, պտուտակահանով քանդել մեխերը, ոտանավոր ասել: Հետո դպրոց գնացինք…Ու ես նորից բացահայտեցի աշխարհը, այս անգամ արդեն Նարեկի հետ, Նարեկի աչքերով…

Այնքան տխուր է պատմում:

-Էլի թոռներ ունեք, չէ՞, Գևո՛րգ պապիկ,- հարցնում եմ ես: Ուզում եմ շարունակել՝ մյուսներով մխիթարվեք, բայց Գևորգ պապիկը ասում է.

-Նարեկն ուրիշ է, Նարեկի նմանը չկա: Ինձ Նարեկն է սեր ու ջերմություն տալիս, Նարեկը բարության ծով է, Նարեկը օգնական է, Նարեկը հավատարիմ ընկեր է, իմաստուն խորհրդատու է: Նարեկը ազնիվ է, արդար է…Նարեկը…

Եթե ես ինչ-որ բա չասեմ, պապը Նարեկի առաքինությունները կշարի կողք կողքի, կթվի, կթվի, ու  ամեն բառի հետ աչքերի տխրությունը կմգվի, վիշտը կապարի պես կկախվի կոպերից:

-Հայոց պատմությամբ էր տարվել: Ուզում էր պատմաբան դառնալ… Նարեկն ասես ուրիշ աշխարհից լիներ: Շատերի նման չէր մտածում այնպիսի մասնագիտություն ընտրել, որ շատ փող ունենա, բարեկեցիկ ապրի, այլ ասում էր՝ ինչպե՞ս ավելի պետքական լինեմ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ: Եվ ընդունվեց Տնտեսագիտական համալսարան: Ասում էր՝ մեզ ուժեղ տնտեսությունը կփրկի, առանց մրցունակ տնտեսության ո՛չ հաղթող բանակ կունենանք, ո՛չ ինքնիշխան երկիր: Ուսանող ժամանակ աշխատանք ճարեց: Իր փողն էր վաստակում: Ուր էլ գնար, գրկաբաց էին ընդունում նրան, վստահում ու հավատում էին: Չգիտես ինչու՝ Նարեկին զինվորական համազգեստով եմ պատկերացնում՝ ձիգ, լուրջ, կարգապահ…

-Համոզված եմ, որ Նարեկը շատ լավ զինվոր է եղել:

ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐԻ պատասախան՝ Գևորգ պապը արագ-արագ թերթում է ալբոմը, Նարեկի զինվորական համազգեստով լուսանկարները առանձնացնում, շարում իրար կողք.

-Ինձ համար աշխարհի ամենալավ զինվորն էր: Էլ դիվերսիոն հարձակում հետ մղեց ծառայության ժամանակ, էլ գնդակոծության տակ ընկավ, բայց մենք ուրիշներից իմացանք էդ մասին: Մի օր էլ ասաց, որ սերժանտի կոչում է ստացել:…Պիտի հունվարին նշանեինք. սիրած աղջիկ ուներ, բայց պատերազմը մեջ ընկավ…

-Մի ամբողջ կյանք հպարտանալու եք Նարեկով: Նրա բոլոր ազգականները, ընկերները հպարտանալու են…,- ես մտածում եմ բարձրաձայն, – բոլորս ենք հպարտանալու:

Գևորգ պապը նայում է բացակա հայացքով, ասես՝ չի ընկալում ասածս:

-Նարեկը պետքական մարդ է, հասկանո՞ւմ եք: Նա պետք է երկրին, պետք է մարդկանց, նա նվիրյալ է, որը տալիս է, միայն տալիս է…

Պապը ճիշտ է, որ ներկա ժամանակով է խոսում Հայրենիքի ազատության համար զոհվածի մասին, մանավանդ՝ երբ ասում է՝ Նարեկը տալիս է, միայն տալիս է: Զոհված քաջերը իրենց սխրանքով, իրենց անմահությամբ ավելի շատ են տալիս երկրին ու ժողովրդին, քան ապրողները: Նրանք հսկում են ապրողների վարքը, նրանք պարտավորեցնում են:

Պատերազմի առաջին օրը երեկոյան առանց հարազատներին հրաժեշտ տալու Նարեկն աննկատ դուրս եկավ տնից, գնաց ռազմաճակատ: Ու դարձավ Մոբի Նարեկ: Այդ անունով են նրան հիշում զինակից ընկերները: Կռվեց Հադրութում, Հորադիզում, շրջափակման մեջ ընկավ: Բայց մինչև վերջին պահը չնահանջեց, մինչև վերջին շունչը հավատաց հաղթանակին:

-Մեծերից մեկն ասել է՝ պիտի նահանջեք, ուժերն անհավասար են, այլևս իմաստ չկա դիմադրելու, բայց տղաները չեն համաձայնել… Հիմա Նարեկը «Եռաբլուրում» է… Ես համոզված էի, որ նա մեծ ապագա էր ունենալու,- առաջին անգամ պապը Նարեկի մասին խոսում է անցյալ ժամանակով:

-Նարեկն ու մեր բոլոր զոհված տղերքը «Եռաբլուրում» են, և ոչ միայն, որ մենք ազգովի ապագա ունենանք, որ Հայաստանը մեծ ապագա ունենա,- ասում եմ ես: Պապը մտածում է երկար: Հետո գլխով է անում.

– Իմ թոռը Նարեկ Բաբայանն էր՝ Մոբի Նարեկը։Նա իր Հայրենիքի ու իր ժողովրդի զավակն է, որովհետև իր կյանքը նվիրաբերեց նրանց: Նա գիտեր, որ իր կյանքը իմ կյանքն է, իր ծնողների կյանքն է, բայց մեզ բոլորիս մատաղ արեց Հայրենիքին: Այս պատերազմում զոհվածները միայն ռազմի դաշտում ընկածները չեն: Նրանց հարազատները ավելի մեծ ու ցավոտ զոհեր են: Դե, հիմա հաշվենք էն գինը, որ վճարեցինք էս պատերազմում:

Ես չգիտեմ՝ ինչ ասեմ:

-Հաշվելն ի՞նչ կտա,- կմկմում եմ կիսաձայն:

-Հաշվենք, որ չկորցնենք հաղթելու հավատը, որ չմոռանանք մեր պարտքը, որ իրար ասենք՝ ոտքի՛ կանգնիր, որքան էլ ցավն ուժեղ լինի, ու առաջ գնա…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ճակատագրեր


25/03/2021