«ՊԵԿԱ ԳԵՎՈՐԳՆ» ԵՄ՝ ԹՇՆԱՄՈՒ ԴԺՈԽՔԸ, ԻՄ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԿՊԱՏՄԵՆ…»
Երկնային պարգեւ է Հայրենիքը: Հայրենիքը մեր հավատքն է, մեր եկեղեցին, մեր լեզուն, մշակույթը, պատմությունը, մեր ինքնության վկայագիրը… Ու այս հարափոփոխ աշխարհում քո ինքնությունը, քո տեսակը պահպանելու համար պետք է անընդհատ մաքառես:
Մանկավարժ-ազատամարտիկ Արթուր Ավանեսյանը մինչ այս վերջին պատերազմը, մինչ տեղահանությունը «Պատմություն» եւ «Հասարակագիտություն» էր դասավանդում հայրենի Ակնաղբյուր գյուղում:
-Հայի ամեն սերունդ իր բաժին պատերազմն ունի,- ասում է Արթուր Ավանեսյանը:- 90-ականներին ես եղբայրներիս հետ կռվի դաշտում էի, տարիներ անց մեր որդիները հայտնվեցին կռիվների կիզակետում՝ մենք էլ նրանց թիկունք: Դիպուկ մի խոսք կա, էնքան բնութագրող մեզ. «Բոլոր ազգերի մարդիկ ծնվում են, ապրում, մահանում, հայը ծնվում է, ապրում ու…զոհվում»:
Արթուր Ավանեսյանն այս պատերազմում կորցրել է որդուն՝ Գեւորգին…
-Ավագ որդիս՝ Գրիշան, ծնվել է Արցախյան պատերազմի սկսվելու տարում, նրան անվանակոչեցինք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված հորեղբորս անունով: Երկվորյակներս էլ՝ Գեւորգն ու Գագիկը, պատերազմի ավարտին ծնվեցին: Գագիկին անվանակոչեցինք Գագիկ թագավորի անունով, Գեւորգին՝ Գեւորգ Մարզպետունու: Գեւորգը դեռ մանկուց երազում էր ռազմական կրթություն ստանալ, սպա դառնալ, սակայն ոտքի խնդիրների պատճառով չկարողացավ իրականացնել երազանքը: Բայց իրեն բանակից այն կողմ չէր պատկերացնում եւ որպես պայմանագրային շարքային ծառայության անցավ մոտակա զորամասում, մասնակցեց ապրիլյան պատերազմին:
Ինքն էությամբ, մտածելակերպով, ուղնուծուծով իսկական զինվորականի կատարելատիպ էր՝ ուղղամիտ, վեհանձն, կարգուկանոն սիրող…
…Սեպտեմբերի 26-ին Գեւորգն իջել էր մարտական հենակետից, երկու շաբաթ պետք է հանգստանար եւ դարձյալ գնար առաջնագիծ: Սակայն 27-ի լուսաբացը տագնապով բացվեց…
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել:
Առավոտ վաղ հայրը որդուն ճանապարհեց ճակատ, հետո, որոշ ժամանակ անց, ինքն էլ կամավորագրվեց:
Կռիվների արանքում հոր եվ որդու զրույցները կարճ էին. իրար խնայում էին պատերազմի դաժանությունը մանրամասնելուց, սակայն Գեւորգը հորեղբոր որդիների հետ խոսելիս ասել էր.
– Դժոխքի ձորում ենք, անընդհատ գալիս են՝ թիվ-հաշիվ չկա: Իրենք գալիս են, մենք մաղում ենք, կոտորում, մի տասն օր էլ թե էսպես շարունակվի, ձորը բերնեբերան լցվելու է… Հետո կատակել էր՝ իսկական Գեւորգ Դժոխք եմ դարձել՝ «Պեկա Գեւորգն» եմ՝ թուրքերի դժոխքը…Ես իմ արածների մասին չեմ պատմի, բայց իմ մասին դեռ պատմելու են…
Մարտական ընկերները Գեւորգի քաջագործություններից բազում հերոսական դեպքեր ու դրվագներ են հիշում, պատմում են, թե ոնց էր, անտեսելով ամեն վտանգ, ստույգ մահն աչքի առաջ, վիրավոր, զոհված զինընկերների մարմինները հանում չմարող կրակատարափի տակից: Գեւորգի համագյուղացի Դավիթը խոստովանում է՝ Գեւորգի դուխը ոչ մեկը չուներ: Դիրքից դիրք էր անցնում, զինամթերք, սնունդ, ծխախոտ հասցնում, բոլորին ոգեւորում, քաջալերում: Խիզախ հայորդին միշտ ամենավտանգավոր, ամենադժվար հատվածներում էր, ամենաբարդ հանձնարարություններն առանց վարանելու ինքն էր հանձն առնում:
-Մեր հայրենի գյուղը՝ Ակնաղբյուրը, թշնամու ենթակայության տակ էր անցել, չգիտեի՝ որդուս ոնց եմ հայտնելու այդ ծանր, սրտամաշ լուրը,- պատմում է Արթուր Ավանեսյանը,- բառեր էի փնտրում ու չէի գտնում. «Մեղավոր չեմ, մատաղ, վերջինը ես եմ դուրս եկել մեր շենից, մի «մագազին» էլ կրակեցի թշնամու ուղղությամբ»՝ հուսահատ անզորությունից փորձեցի արդարանալ: «Պա՛պ ջան, ես հիմա արեւելյան դարպասն եմ պահում, չեմ թողնի թուրքը մտնի այս տարածք: Հետո մեր գյուղն էլ կազատագրենք»,- հուսադրեց որդիս:
♦♦♦
Մարտերը գնալով թեժանում էին: Ուժերն անհավասարաչափ էին, հակառակորդը թե՛ զինտեխնիկայով, թե՛ մարդուժով տասնապատիկ գերազանցում էր:
Գեւորգը կռվում էր ինքնամոռաց. հայրենի հողի պաշտպանության գաղափարը նրա համար վեհ էր ամեն ինչից:
Ձեռքերով հողը փորել, դիրքավորվել էր ու մաղում էր թշնամուն:
Ինքը հստակ գիտակցել էր, որ ողջ չի մնալու, բայց կռվել էր աննահանջ, կռվել մինչեւ վերջին շունչը, մինչեւ սրտի վերջին բաբախը … Ու մինչ զոհվելը հասցրել էր մի քանի հարյուր թշնամու դժոխք ուղարկել:
-Հաջորդ օրը, ծանր մարտերի գնով, թշնամու գրաված դիրքը կարողացանք հետ վերցնել,- պատմում է զինակից ընկերը՝ Արտյոմ Մնացականյանը,- այդ դիրքում հերոսաբար կռվել ու զոհվել էին Գեւորգն ու Մաքսիմը, ոչ մի քայլ չէին նահանջել: Հակառակորդի վայրագությունը սահմաններ չուներ. կտրում էին հայի գլուխները, պատերազմը նրանց համար առեւտուր էր, իսկ կտրված ամեն գլուխը՝ 100 դոլար պարգեւավճար… Բայց թշնամու մեջ այդ պահին խոսել էր ռազմի օրենքը՝ զինվորական համազգեստով ծածկել էին Գեւորգի ու Մաքսիմի մարմինները՝ այդպես պատվում են խիզախ, արժանավոր հակառակորդին…
Գեւորգին հուղարկավորեցին «Եռաբլուրում»:
-Որդուս մարտական ընկերներն ասում են՝ հպարտացի՛ր, հայրի՛կ, հերոս է որդիդ: Որքան էլ որ ցավս անպարագրելի է, անամոք, բայց ես հպարտ եմ՝ տղաս անպարտ է զոհվել, իրեն վստահված տարածքից չի նահանջել ոչ մի սանտիմետր, իրեն վստահված Հայրենիքի մի կտորը պահել է կյանքի գնով… Ինքն այդպես էր դաստիարակվել…
Որդիս պատմական, հայրենասիրական գրքեր շատ էր ընթերցում, մենք մեծ գրադարան ունեինք: Հատկապես կլանված կարդում էր մեր ազգային-ազատագրական պայքարին վերաբերող գրքերը, ու հետո միասին զրուցում էինք այդ թեմաներով, հպարտանում էր 90-ականներին ազատագրված տարածքներով… Ավա՜ղ, այսօր մեր հայրենի գյուղն է թշնամու տիրապետության տակ,- դառնությամբ նշում է մանկավարժ-ազատամարտիկը: -Այս պատերազմը մեր ամբողջ պատմության խտացումն էր՝ նվիրվածություն, անձնազոհություն, հաղթանակ ու պարտություն, գաղթ, կորցրած տարածքներ, իր կեղծ բարեպաշտությամբ կույր ու խուլ աշխարհ՝ ամեն ինչին լոկ իր շահերի առանցքից նայող…
Արթուր Ավանեսյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ճանապարհ է մատնանշում. երբ ամեն մեկի նեղ, անձնապաշտ ես-ը վերափոխվի մենքի, այնժամ մենք կուղղենք մեր կքած ողնաշարը, կհզորանանք: Մեր համախմբվածության, միաբանության մեջ է մեր ուժը, ահա այդպես առասպելական փյունիկի նման մոխիրների միջից դարձյալ կհառնենք…
Հունվարի 12-ին Ավանեսյանների ընտանիքում՝ հենց Գեւորգի ծննդյան օրը, լույսաշխարհ եկավ Գեւորգի եղբորորդին: Փոքրիկին անվանակոչել են հերոս հորեղբոր անունով…
Փոքրիկ Գեւորգը օջախի մխիթարությունն է ու հերոսական գենի շարունակությունը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ճակատագրեր