ԱՆԿԱՏԱՐ ՄՆԱՑԻՆ ԲԱԶՈՒՄ ԵՐԱԶՆԵՐ…
Քաշաթաղում Մամիկոնին շատերն են ճանաչել: Եթե որևէ քաշաթաղցու հարցնեիր Մամիկոնի մասին, գուցե տեղը չբերեր, թե ում մասին է խոսքը: Բայց հենց ասեիր, որ նրան նաև Մնո են ասում, անմիջապես կլսեիր՝ դե ասա մեր Մնոն, էս կողմերում ո՞վ չի ճանաչում Մնոյին. քսանհինգ գարուն ապրած Մամիկոնը հասցրել էր բառիս բուն իմաստով մեծ հարգանք ձեռք բերել, սիրելի դառնալ քաշաթաղցիների համար:
Բազմազավակ ընտանիքում, որտեղ հասակ էր առնում հինգ երեխա, Մնոն ամենափոքրն էր, և ինչպես ընդունված է հայ օջախներում, բոլորի կողմից սիրվածը, քրոջ՝ Անուշի բնորոշմամբ՝ ամենասիրելին:
Մարտին Հարությունյանի ընտանիքը 1999 թվականին էր Արարատի մարզի Ղուկասավան գյուղից բնակության տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Սարատակ փոքրիկ գյուղակը:
Բնությունն իր շռայլության շտեմարանից Սարատակի համար չէր խնայել ոչինչ: Գեղատեսիլ ու չքնաղ բնության գրկում, մեղվի պես աշխատասեր ու հյուրընկալ օջախի հարկի տակ, մեկը մյուսին նեցուկ լինելով, հասակ առան, կրթություն ստացան ու մեծ կյանք մտան Մարտին եւ Թամարա Հարությունյանների հինգ զավակները: Եվ Հակարի գետի աջ ափին՝ Հակարիի սարահարթին ծվարած Սարատակը չորսամյա Մամիկոնի համար դարձավ աշխարհի կենտրոնը:
…Մարտինի երկու որդիներն էլ արժանապատիվ ծառայել ու, ինչպես ասում են, բանակային ծանրակշիռ «ավարով» են վերադարձել տուն՝ ուրախություն ու բերկրանք պարգևելով իրենց ծնողներին:
-Դեռևս մանկուց աչքի էր ընկնում զարմանալի հետաքրքրասիրությամբ, պայծառ մտքով, պատասխանատվությամբ, ազնվությամբ ու կարգապահությամբ։ Եվ չեք պատկերացնի, թե ինչքան գաղտնապահ էր: «Այս տարիքում երեխան այսքան գաղտնապահ կլինի՞», զարմանում էին հարևանները:
Դպրոցական տարիներից ծնողներիս հետ հող էր մշակում, ծառ տնկում, ջրհորից ջուր կրում, անասուններին տուն բերում…
Վճռական էր ու համարձակ։ Ամեն ինչ անում էր սիրով ու հավատով: Երազում էր իր տունը կառուցել ու շատ երեխաներ ունենալ: Քանի որ նրա կինը՝ բերձորցի Լուսի Մարգարյանը, նույնպես բազմանդամ ընտանիքի զավակ էր, որոշել էին՝ շատ երեխաներ ենք ունենալու։ Սակայն եղբորս՝ մեր սիրասուն Մնոյի այս ամենամեծ ու բաղձալի երազանքն անկատար մնաց,- արտասվելով պատմում է Անուշը:
Ավարտելով Սարատակի միջնակարգ դպրոցը՝ Մամիկոնն ընդունվել և ավարտել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ ստանալով գյուղատնտեսի մասնագիտություն։ Նրա ժամկետային ծառայությունն անցել է Արցախում։ Արժանացել է բազում պարգևների և ավագ սերժանտի կոչման։ Մամիկոնը մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Զորացրվելուց հետո կազմել է ընտանիք, աշխատանքի անցել Քաշաթաղի շրջանային ոստիկանությունում:
2019 թ. ծնվել է ընտանիքի առաջնեկը՝ Դավիթը։
-Մեր ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար Մնոն պատրաստ էր գիշեր ու զօր աշխատել։ Խենթանում էր որդու համար: Հենց տուն էր գալիս, գրկում էր ու գրկից չէր իջեցնում… Դավիթս արտաքինով հորն է նման: Կարծում եմ՝ բնավորությամբ էլ Մնոյին է նման: Թեև փոքր է, բայց, կարծես, հասկանում է ամեն ինչ: Աչքը միշտ դրսի դռանն է,- պատմում կինը՝ Լուսին։
Վերջին տարիներին Մնոն ծառայում էր Բերձորում տեղակայված զորամասում։
…2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Բերձորի ստորաբաժանումներն առաջիններից էին, որ հասել էին առաջնագիծ։ Մնոյենց խումբը Ջրականում անմիջապես մասնակցել է մարտական գործողության։ Այնուհետև տեղափոխվել են Վարանդա, ապա Հադրութ։
Հոկտեմբերի 10-ին կարևոր մարտական առաջադրանք կատարելիս Մամիկոնը ծանր վիրավորել և անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ավաղ, փորձառու բժիշկներն անզոր են եղել փրկելու հերոսի կյանքը։ Հոկտեմբերի 11-ին գիտակցության գալուց րոպեներ անց Մամիկոն Մարտինի Հարությունյանը հավերժ փակել է աչքերը՝ անկատար թողնելով իր բազում իղձերն ու նպատակները…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ճակատագրեր