«ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ»
Սահմանից այն կողմ ինքնավստահ զգալու համար անչափ կարևոր է նաև, թե ում հետ ես գնում առաջադրանքը կատարելու: Նրանք անվարան սեփական կյանքը վստահում են ընկերոջը: Տիրապետում են զինվորական գրեթե բոլոր մասնագիտությունների նրբություններին. չէ՞ որ նրանց գործողություններից են կախված մյուս ստորաբաժանումների հետագա քայլերը։
Հատուկ հանդերձանքով, դիմակներով, ձեռնոցներով, պաշտպանիչ միջոցներով ու զենք-զինամթերքով այս տղաները հատուկ նշանակության խմբի մարտիկներն են։ Պարզապես հրաձիգներ չեն. գործում են անսպասելի, անկախ եղանակից ու տեղանքից և նույնքան անսպասելի ու աննկատ հեռանում մարտական խնդիրը գերճշգրիտ կատարած։
…Զորավարժության սցենարով նախատեսված է պայմանական հակառակորդի դիրքի գրավումը։
Մինչև հակառակորդի դիրքին հասնելն ու դիրքավորվելը, նախ անհրաժեշտ է ականազերծել ճանապարհը։ Գործի է անցնում սակրավորը։
Անցնելով ականապատ դաշտը՝ խմբի ավագը առաջադրանք է տալիս դիպուկահարներին։ Նրանք պետք է նպաստավոր դիրք զբաղեցնեն, քողարկվեն և ապահովեն խմբի ծածուկ անցումը հակառակորդի տարածք։ Ընդ որում, ամբողջ գործողությունը կատարվում է լուռ։ Այս մարտիկները միմյանց հասկանում են դիմախաղով ու ժեստերով, կարող են ժամեր շարունակ մնալ անշարժ, համբերատար սպասել ամենահարմար պահին:
…Հասնելով պայմանական դիրք, հատուկ նշանակության խումբը, կիրառելով մարտական նռնակներ, անմիջապես ճնշում է հակառակորդին, այնուհետ սրընթաց գրոհով ներխուժում հակառակորդի խրամատ և ոչնչացնում դիրքապահներին։
Հատուկ առաջադրանքը կատարված է, սակայն հակառակորդն անսպասելի անցնում է հակահարձակման, ամեն գնով փորձում է վերադարձնել դիրքը։ Հատուկ նշանակության խումբն ամբողջովին ոչնչացնելով հակառակորդին և նախապես ականապատելով հակառակորդի դիրքը, նահանջում է։ Ու հենց նահանջի ժամանակ էլ հնչում է վերջին պայթյունը։ Դիրքը վերացված է:
Կատարել առաջադրանքը, մնալ ստվերում և վերադառնալ նույն կազմով. սա է հատուկ նշանակության մարտիկի գործողության նախապայմանը, իսկ կարգախոսն անփոփոխ է՝ «Վասն հայրենյաց, առանց փառքի իրավունքի»։
ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ազգային բանակ