Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ԽՈՇՈՐ ԶՈՐԱԽԱՂԵՐ Է ՍԿՍԵԼ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ



Զորախաղերին մասնակցում է 50.000 զինծառայող` հիմնականում երկրի հարավային Բուշեր գավառում տեղակայված բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաև ժողովրդական աշխարհազորի ջոկատներ: Զորախաղերն անց են կացվում «Իրանական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի այն հայտարարության շրջագծում, թե «Իրանի վրա հարձակման դեպքում իսլամի թշնամիները կհայտնվեն պատմության աղբանոցում»:

Պարսից ծոցում Իրանի ափերի ողջ երկայնքով անցկացվող զորախաղերի նպատակն է մշակել երկրի ծովային, օդային ու ցամաքային սահմանների պաշտպանության ընթացքում զորատեսակների գործողությունների ներդաշնակումը:

Զորախաղերի սկզբում Իրանի ռազմածովային ուժերը հանդիսավոր պայմաններում ստացել են «Գադիր» կարգի ևս երեք ռազմական սուզանավ, որոնց թիվն այդպիսով հասել է յոթի, իսկ, ընդհանուր առմամբ, Թեհրանն արդեն ունի 26 ռազմական սուզանավ: Առափնյա պաշտպանության համար նախատեսված այս սուզանավերի սպառազինությունում կա տորպեդներ կրակող 533 միլիմետրանոց երկու կայանք, ինչպես նաև ծովային ականների տեղադրման հնարավորություն:

Միաժամանակ առավել վատթարացել են Թեհրանի ու Լոնդոնի հարաբերությունները: ՄԱԳԱՏԵ-ի հայտնի զեկույցի հրապարակումից հետո երկու պետությունները քաղաքական ու ֆինանսատնտեսական պատժամիջոցներ են սահմանել միմյանց նկատմամբ: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանն առաջիկայում կվտարվի Իրանից:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Տարածաշրջան


28/11/2011