Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՀԵՏՈ



(համեմատական  վերլուծություն)

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՀԵՏՈԱՄՆ-ի ռազմավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Խորհրդային Միության ստեղծումից հետո Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը իրենց առաջ դրեցին երկու խնդիր. ա) ոչնչացնել կամ էապես թուլացնել ԽՍՀՄ-ը, բ) չեզոքացնել համաշխարհային տիրապետության համար պայքարում իրենց մրցակիցներին` Գերմանիային և Ճապոնիային: Այդ նպատակով Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը երկար ժամանակ վարում էին Գերմանիային և Ճապոնիային ԽՍՀՄ-ի վրա «քսի տալու» քաղաքականություն՝ հույս ունենալով ոչնչացնել նրան ուրիշի ձեռքերով, իսկ հետո համաշխարհային շուկաներից հեռացնել  պատերազմից թուլացած Գերմանիային ու Ճապոնիային:

Այդ պլանի իրականացման համար նրանք Գերմանիային տրամադրում էին մեծածավալ վարկեր, որոնք անհրաժեշտ էին նրա ծանր և ռազմական արդյունաբերությունների վերածնման ու թարմացման համար, ինչպես նաև ամեն կերպ խրախուսում էին հիտլերյան ագրեսիվ քաղաքականությունը:

Սակայն իմպերիալիստական պետությունների միջև հակասություններն ավելի մեծ էին, քան նրանց և ԽՍՀՄ-ի միջև: Ուստի պատերազմից առաջ ձևավորվում է իմպերիալիստական պետությունների երկու խմբավորում. մեկում` ԱՄՆ-ը, Անգլիան և Ֆրանսիան, որոնք ձգտում էին ամրապնդել իրենց դիրքը աշխարհում, մյուսում՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, որոնց նպատակն էր աշխարհի վերաձևումը:

1939 թ. ֆաշիստական բլոկի պետությունները տնտեսապես ու ռազմականապես իրենց այնքան ուժեղ զգացին, որ որոշեցին նախքան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմելը ջախջախել իրենց մյուս մրցակիցներին: Եվ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի ստեղծած ռազմական մեքենան 1939-1940 թթ. իր ամբողջ թափով իջավ հենց իր ստեղծողների գլխին: Իսկ, օրինակ, Ֆրանսիայի վերնախավը մինչև վերջին պահը հույս էր փայփայում, որ ֆաշիստական Գերմանիան կհարձակվի նախ ԽՍՀՄ-ի վրա և Արևմուտքում վճռական գործողություններ չի ձեռնարկի:

ԱՄՆ-ը և Անգլիան, պատերազմում լինելով ԽՍՀՄ-ի դաշնակիցները, ձգտում էին իրենց իմպերիալիստական նկրտումները իրագործել, թեպետև՝  քողարկված:

Անգլիան և ԱՄՆ-ը Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի նկատմամբ վարում էին այդ պետությունների` որպես մրցակիցների, հզորության թուլացման քաղաքականություն, բայց միաժամանակ ձգտում էին պահպանել նրանցում գոյություն ունեցող ֆաշիստական վարչակարգերը:

Իսկ ԽՍՀՄ-ի նկատմամբ ԱՄՆ-ի և Անգլիայի քաղաքական նպատակները արտահայտվում էին հստակ ռազմական խնդիրներով. 1) պատերազմը հնարավորինս վարել ԽՍՀՄ-ի հաշվին, 2) թուլացնել ԽՍՀՄ-ը, և 3) պատերազմի ընթացքում Կարմիր բանակին չթողնել Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա: Ելնելով այդ քաղաքականությունից` նրանք ամեն կերպ ձգձգում էին երկրորդ ճակատի բացումը, պլանավորում անգլո-ամերիկյան ռազմական գործողությունները իրագործել ոչ թե Ֆրանսիայում, որ առավել զգայուն կլիներ Գերմանիայի համար, այլ Ապենինյան թերակղզում ու Բալկաններում:

Այդպիսի ռազմավարությունը, որն ուղղված էր պատերազմի ձգձգմանը, պայմանավորում էր նաև անգլիական և ամերիկյան զորքերի զինված պայքարի մեթոդները, այն է` դանդաղկոտ, պասիվ և անվճռական գործողություններ:

ԱՄՆ և ԽՍՀՄ-ի ռազմավարությունը 1945-1950-ական թվականներին

ԱՄՆ-ի ռազմավարության հիմքում ընկած էր «զանգվածային հատուցման» հայեցակարգը, որը հիմնված էր միջուկային զենքի հարցում ԱՄՆ-ի գերազանցության վրա: Հայեցակարգի էությունն այն էր, որ ռազմական գործողությունների ծագման ցանկացած տարբերակի դեպքում հակառակորդին անհապաղ հասցվում էին զանգվածային միջուկային հարվածներ, և ԱՄՆ-ը վարում էր միջուկային պատերազմ` իր ունեցած միջուկային ամբողջ ներուժի անսահմանափակ օգտագործմամբ` սեղմ ժամկետներում հաղթանակի հասնելու նպատակով:

Այս ռազմավարական հայեցակարգն իր ուժը կորցրեց 1950-ականների վերջին, երբ ԽՍՀՄ-ը նույնպես ստեղծեց միջուկային զենք:

Այս ժամանակահատվածում ԽՍՀՄ ռազմավարությունը «համընդհանուր ջախջախիչ հարձակումն» էր, որի համաձայն` ԶՈՒ խոշոր խմբավորումները անհապաղ անցնում են հարձակման բոլոր ռազմաբեմերում, որին հաջորդում է հակառակորդի հիմնական ուժերի ջախջախումը և նրա տարածքի գրավումը ռազմաբեմի ամբողջ խորությամբ՝ օգտագործելով հիմնականում սովորական սպառազինություն:

Այս ռազմավարությունը հիմնվում էր ցամաքային զորքերի, հատկապես տանկային զորքերի ուժերի և միջոցների ընդհանուր գերազանցության, ցամաքային զորքերի մյուս զորատեսակների, բանակի լիակատար մեքենայացման ու մոտորացման վրա, որը կատարվել էր 1940-ականների վերջին:

Հակառակորդի հնարավոր միջուկային հարվածին ի պատասխան՝ նախատեսվում էր թշնամական տարածքի արագ գրավում, որը կստիպեր հակառակորդին հարված հասցնելու իր դաշնակիցների տարածքին: Ենթադրվում էր, որ գլխավոր ջանքերը պետք է կենտրոնացվեին Արևմտաեվրոպական ռազմաբեմում, իսկ զինված ուժերի զորամասերը` Հարավային ռազմաբեմում: Արևելքում նախատեսվում էր զորքերի ծածկապաշտպանություն ծովից եկող հարվածներից՝ հաշվի առնելով նաև Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՀԵՏՈ1960-ական թվականներին

ԱՄՆ-ի ռազմավարությունը կոչվում էր «ճկուն արձագանքման ռազմավարություն», ընդունվել էր 1960-ականների սկզբին` «զանգվածային հատուցման» ռազմավարության փոխարեն և կապված էր ԽՍՀՄ-ում հզոր միջուկային ներուժի ստեղծման և երկուստեք համընդհանուր միջուկային պատերազմի վարման վտանգի հետ: 1967 թ. պաշտոնապես ընդունում է նաև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:

Ռազմավարությամբ նախատեսվում էին սովորական և միջուկային պատերազմների տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակ միջուկային պատերազմ ռազմաբեմում, որի ընթացքում ռազմական գործողություններն աստիճանաբար սրվում են, բաժնեչափվում և ընտրողաբար կիրառվում է միջուկային զենք, օգտագործվում են առաջանցիկ և պատասխան գործողությունների տարբերակներ:

Նախատեսվում էր միայն սովորական սպառազինությամբ ռազմական գործողությունների բավականին երկարատև շրջան, նահանջ առաջավոր և միջանկյալ ռազմավարական բնագծեր և անցում կրիտիկական պահին միջուկային զենքի կիրառման և հզոր հակահարվածի:

1960-ականների կեսին ընդունվում է «երաշխավորված ոչնչացման» հայեցակարգը` որպես ռազմական դոկտրինի բաղադրիչ՝ կապված «զանգվածային հատուցման» ռազմավարությունից «ճկուն արձագանքման» ռազմավարություն անցման հետ: Ըստ այդմ՝ ռազմավարական ուժերը պիտի պատրաստ լինեն ցանկացած հակառակորդի երաշխավորված (բացարձակապես հուսալի) ոչնչացման` պատերազմի սկսման ու վարման ցանկացած տարբերակի դեպքում, այդ թվում՝ առաջանցիկ զանգվածային միջուկային հարձակման:

1955-1965 թթ. ԽՍՀՄ-ում տիրապետող էր «համընդհանուր հարձակման ռազմավարությունը», որով նախատեսվում էր պատերազմի վարում առավելագույնս վճռական հարձակողական ձևերով` միջուկային և սովորական սպառազինության անսահմանափակ կիրառմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից մինչև ավարտը:

Ենթադրվում էր հակառակորդի միջուկային հարձակման հետմղում՝ նրան անհապաղ զանգվածային միջուկային հարված հասցնելով և բոլոր ուղղություններով ռազմաբեմերի ամբողջ խորությամբ խոշոր հարձակողական ռազմավարական օպերացիաների իրականացմամբ, օրական 100 կմ միջին հարձակման տեմպով: Ռազմավարական մասշտաբում, որպես ռազմական գործողությունների միակ տեսակ, ընդունվում էր միայն հարձակումը: Պաշտպանություն հնարավոր էր համարվում միայն սահմանափակ ծավալով բանակի (հետագայում` ռազմաճակատի) շրջանակում:

Պայքարի հիմնական միջոցն էլ համարվում էր միջուկային զենքը:

1970-ական թվականներին

ԱՄՆ-ի ռազմավարությունը կոչվում էր «իրատեսական ահաբեկման ռազմավարություն», ընդունվել էր 1970-ականների սկզբին` որպես «ճկուն արձագանքման ռազմավարության» զարգացում ԽՍՀՄ-ի հետ միջուկային սպառազինության համամասնության պայմաններում: Հիմնվում էր ուժերի որակական գերազանցության, գործընկերության (դաշնակիցների թվի մեծացում) և բանակցությունների վրա:

Ռազմավարությամբ նախատեսվում էին հակառակորդի ռազմական զսպում` միջուկային և այլ մեծ արդյունավետություն ունեցող զինատեսակների (այդ թվում հետախուզահարվածային համակարգերի) կիրառման սպառնալիքով, ռազմական գործողությունների մասշտաբների և ինտենսիվության աստիճանական ավելացում, տարբեր տեսակների պատերազմների վարում` կախված կոնկրետ իրավիճակից:

1971 թ. «երաշխավորված ոչնչացման» ռազմավարական հայեցակարգը փոխակերպվում է «ռազմավարական բավարարության» հայեցակարգի, որով նախատեսվում էր ամերիկյան հարձակողական ռազմավարական ուժերի որակական գերազանցություն այն սահմաններում, որը բավարար է հակառակորդին անընդունելի վնաս հասցնելու համար:

Նույն թվականին պաշտոնապես ընդունվում է նաև «մեկուկես պատերազմի» ռազմավարությունը, որով ենթադրվում էր ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք կարող էին վարել գլոբալ միջուկային պատերազմ և միաժամանակ մեկ տեղային պատերազմ` միայն սովորական սպառազինության կիրառմամբ:

1960-ական թվականների վերջին ԽՍՀՄ-ում ընդունվում է «հաջորդական գործողությունների» ռազմավարությունը, որը ելնում էր պատերազմի փուլ առ փուլ զարգացման հնարավորությունից, երբ այն սկսվում է սովորական սպառազինությամբ, և հաջորդ փուլերում նախ սահմանափակ, ապա անսահմանափակ կիրառվում է միջուկային զենք:

Վերանայվում է վերաբերմունքը պաշտպանության նկատմամբ: Սկսում է ընդունվել դրա օրինաչափությունը ոչ միայն օպերատիվ, այլև ռազմավարական մասշտաբում: Պլանավորվող հարձակման տեմպերը նվազեցվում են օրական 100 կմ-ից մինչև օրական 60 կմ: Կրճատվում է ռազմական գործողությունների խորությունը: Արդեն ենթադրվում է, որ ռազմաբեմի ամբողջ տարածքի գրավում և հակառակորդի ԶՈՒ-ի լիակատար ջախջախում հնարավոր չէ: Ուստի հաշվի է առնվում յուրաքանչյուր ռազմաբեմում երկու-երեք և ավելի հաջորդական ռազմավարական օպերացիաների անհրաժեշտությունը:

1980-ական թվականներին

ԱՄՆ-ի ռազմավարությունը կոչվում էր «ուղղակի ընդդիմամարտության ռազմավարություն», ընդունվել էր 1984 թ.` «իրատեսական ահաբեկման» ռազմավարության փոխարեն: Նախատեսում էր ակտիվ հակազդում ԽՍՀՄ-ի դեմ գլոբալ և տարածաշրջանային մասշտաբներում, լիակատար և անվիճելի ռազմական գերազանցության ձեռքբերում և ԱՄՆ-ի` աշխարհում առաջատարի դիրքի նվաճում:

Ռազմավարությամբ նախատեսվում էին միջուկային ուժերի կիրառման բազմաթիվ տարբերակներ` մենահատ միջուկային հարվածներից մինչև միջուկային զենքի զանգվածային կիրառում բոլոր ռազմական և ոչ ռազմական օբյեկտների դեմ: Հնարավոր էր համարվում սահմանափակ կամ համընդհանուր սովորական պատերազմի վարում ցանկացած ռազմաբեմում, որտեղ հակառակորդն առավել խոցելի է:

1981 թ. ընդունվում է «երկուսուկես պատերազմի» ռազմավարական հայեցակարգը, որի համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է պատրաստ լինեին դաշնակիցների հետ համատեղ վարելու 2 խոշորամասշտաբ (սովորական կամ միջուկային) պատերազմ (ենթադրաբար մեկը Եվրոպայում, մյուսը` Մերձավոր Արևելքում) և միաժամանակ «փոքր» տեղային պատերազմ՝ մեկուսացված շրջանում:

1980-ականների սկզբին  ԽՍՀՄ-ը որդեգրում է «բոլոր տեսակների պատերազմների ակտիվ վարմանը հավասար պատրաստականություն» ռազմավարությունը, որը ենթադրում էր համաշխարհային միջուկային պատերազմի, համաշխարհային սովորական պատերազմի և միայն սովորական սպառազինությամբ մի շարք տեղային պատերազմների վարման հնարավորություն: Բացառում էր առաջանցիկ միջուկային հարվածներ  հասցնելը:

Ի տարբերություն նախորդ ռազմավարության՝ այս դեպքում սովորական պատերազմում ագրեսիայի հետմղման համար պետք է նախ վարել ռազմավարական պաշտպանական գործողություններ, հակաօդային և օդային գործողություն ռազմաբեմում: Այնուհետև պետք է կազմակերպել ռազմավարական հակահարձակում և, վերջապես, պետք է իրականացնել մի շարք միաժամանակյա և հաջորդական ռազմավարական հարձակողական գործողություններ ռազմաբեմում, ինչպես նաև՝ օդային և օդադեսանտային։

Հնարավոր է նաև միջուկային պատերազմը, բայց միայն ի պատասխան հակառակորդի միջուկային հարձակման: Առաջ է քաշվում նաև ենթադրություն, որ միջուկային պատերազմում միգուցե հաղթող չլինի:

1990-ական թվականներին

Տվյալ ժամանակաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում արմատապես փոփոխվում էր` կապված սոցիալիզմի միջազգային համակարգի և դրա ռազմաքաղաքական կազմակերպության` Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզման հետ: Արևմուտքում այդ գործընթացը պլանավորվում էր, բայց դրա զարգացման արագությունն անսպասելի էր Արևմուտքի ռազմավարագետների համար: Ուստի իրավիճակի դժվար կանխատեսելիության պատճառով ԱՄՆ-ում ռազմավարությունը հաճախակի ճշգրտվում էր:

Պարսից ծոցում սկսված ճգնաժամն արագացրեց նոր ռազմավարության որդեգրման ընթացքը: Արդեն 1990 թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշը ելույթ է ունենում, որում ձևակերպում է ազգային պաշտպանական ռազմավարության ուղղությունները: Ըստ այդմ, ռազմավարությունը կողմնորոշված էր տարածաշրջանային սպառնալիքներին հակազդելուն: Նոր ռազմավարության կենտրոնական դրույթը «ԱՄՆ կողմից աշխարհակարգի ղեկավարման ապահովման անհրաժեշտությունն» էր, իսկ գլխավոր խնդիրը` ագրեսիայի զսպումը ահաբեկման միջոցով: Դա պայմանավորվում էր նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում միջուկային ներուժի պահպանմամբ և զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) մշակող «պոտենցիալ թշնամական պետություններից» բխող սպառնալիքի մեծացմամբ: Զինված ուժերից պահանջվում էր մշտապես պատրաստ լինել ռազմական գործողությունների վարմանը մեկ «էական տարածաշրջանային ճգնաժամում» և միաժամանակ ապահովել ամերիկյան շահերը այլ շրջաններում:

Կենսականորեն կարևոր էր համարվում «առաջավոր ներկայությունը»` աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշտական կամ շրջափոխական հիմունքներով ԶՈՒ խմբավորումների տեղաբաշխումը և դրանց ապահովումը բազաների ու պահեստների վաղօրոք ստեղծված համակարգով:

Ինչ վերաբերում է գլոբալ պատերազմին, ապա հնարավոր էր համարվում տարածաշրջանային պատերազմի վերաճումը համընդհանուրի։

1990-ականների երկրորդ կեսին ընդունված նոր ռազմավարության համաձայն` դրա գլխավոր խնդիրը պահպանելն էր այն ուժերը, որոնք ունակ կլինեին մասնակցելու և հաղթելու միաժամանակ երկու խոշոր տարածաշրջանային հակամարտություններում: Այս, այսպես կոչված՝ «ճկուն և ընտրովի ներգրավման» ռազմավարության համաձայն` ԱՄՆ ԶՈՒ երեք գլխավոր խնդիրներն էին. 1) խաղաղ ժամանակ ուժի ցուցադրումը, 2) հակամարտությունների զսպումը և կանխումը, 3) մարտական գործողությունների վարումը և դրանց հաղթական ավարտը:

Մյուս խնդիրներից էին օվկիանոսից այն կողմ գտնվող տարածքներում և կարևոր տարածաշրջաններում խաղաղ ժամանակ ներկայությունը, հակազդեցությունը ԶՈԶ-ի տարածմանը, մասնակցությունը բազմակողմ խաղաղարարական գործողություններին, աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին և այլ գործողություններին, որոնք բխում են ազգային անվտանգության ապահովման շահերից: Այս խնդիրները պետք է լուծվեին երկու փոխլրացնող ռազմավարական հայեցակարգերի` «առաջավոր ներկայության» և «ուժի տարածման (պրոյեկտման)» հիման վրա։

Ուժերի և միջոցների խնայման նպատակով ԱՄՆ ռազմական ռազմավարությունը նախատեսում էր դաշնադրային խմբավորումների օգտագործումը օպերացիաներին անպայման  ԱՄՆ  ղեկավարության ներքո:

1980-ականների վերջին ԽՍՀՄ-ն ընդունում է «ագրեսիայի հետմղումը պատասխան գործողություններով» ռազմավարությունը: Դրա համաձայն` ագրեսիան պետք է հետ մղվեր միայն առավելապես պաշտպանական գործողություններով բոլոր ռազմաբեմերում և հետո կազմակերպվեր լայնամասշտաբ հարձակողական գործողություն` դրանք հակառակորդի տարածք տեղափոխելով։

Միջուկային զենքի կիրառումը հնարավոր էր համարվում միայն պատասխան գործողություններում: Ռազմավարական գործողությունների գլխավոր տեսակը համարվում էր ռազմավարական պաշտպանությունը, որի ժամանակ ագրեսորը պետք է կասեցվեր: Հետագայում ենթադրվում էր անցում հակահարձակման, իսկ բացառիկ դեպքերում` նաև հարձակման:

Գլխավոր հաշվարկը երկարատև սովորական պատերազմի վարումն էր: Միջուկային պատերազմը դիտվում էր որպես ռազմական գործողությունների հարկադրված եղանակ մի շարք սահմանափակումներով, որպեսզի տեղի չունենար համաշխարհային միջուկային աղետ:

Եզրակացություն

ա) Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ը ցանկանում էր Գերմանիայի ձեռքերով թուլացնել ԽՍՀՄ-ը, այսինքն` վերջինիս նկատմամբ կիրառում էր հյուծման ռազմավարություն, ապա պատերազմից հետո ԽՍՀՄ-ի նկատմամբ որդեգրեց ջախջախման ռազմավարություն, ինչը պայմանավորված էր նրա զինանոցում միջուկային զենքի հայտնվելով: Սա լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է նոր զինատեսակի ստեղծումը (կամ ձեռքբերումը) ազդել ռազմավարության վրա։

բ) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ԽՍՀՄ-ի ռազմավարությունում աստիճանաբար մեծանում է սովորական սպառազինությամբ պատերազմին հատկացվող դերը, և նվազում միջուկային սպառազինության դերը: Անշուշտ, սա բացատրվում է այն փաստի գիտակցումով, որ միջուկային պատերազմը կլինի կործանարար բոլորի համար։

գ) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի ռազմավարությունը պահպանել է իր ագրեսիվ հարձակողական բնույթը: Թեպետ ամերիկյան քաղաքականության մեջ ռազմական ուժի նշանակությունը փոփոխվել է, այն մնացել է ԱՄՆ-ի գլխավոր նպատակի` համաշխարհային տիրապետության ապահովման հիմնական գործիք: Թեպետ ԱՄՆ-ում սկսել են ավելի իրատեսաբար վերաբերվել միջուկային սպառազինությանը, սակայն մինչև 1990-ականներն էլ պատրաստ են եղել առաջինը կիրառելու միջուկային զենք։

Համեմատելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ռազմավարությունների զարգացման ընթացքը համաշխարհային պատերազմից հետո, կարելի է նկատել, որ 1950-ականներին Խորհրդային Միության «մարտական ոգին» (ռազմատենչության աստիճանը) այնքան բարձր էր, որ նա նույնիսկ պատրաստ էր միջուկային զենքի դեմ կռվել սովորական սպառազինությամբ: Սա միանգամայն հասկանալի է. ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս էր եկել որպես հաղթող։ 1960-ական թվականներին, որպես ռազմավարական ռազմական գործողություններ, ԽՍՀՄ-ն ընդունում էր միայն հարձակումը, իսկ 1980-ականների վերջին` միայն պաշտպանությունը: Ակնառու է ԽՍՀՄ-ի ռազմաքաղաքական ղեկավարության մարտական ոգու` ռազմատենչության նվազումը ժամանակի ընթացքում, և դրա նվազագույն մակարդակի հասնելը հատկապես կայսրության փլուզման ժամանակահատվածում:

Կա նաև տեսակետ, ըստ որի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ի կրած զոհերի վիթխարի թիվը ստիպում էր երկրի ղեկավարությանը ավելի պատասխանատու լինել միջուկային պատերազմ չսանձազերծելու հարցում, և նրա զիջողականությունը բացատրվում է նաև դրանով։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Պահեստազորի գնդապետ

Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Պատմության էջերից


01/04/2021