ՖԻՖԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՐՏՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Պատմության մեջ առաջին անգամ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու խմբային մրցաշարը մեկնարկեց ոչ միայն մեկ, այլև երեք անընդմեջ հաղթանակով: Նախ՝ մեր ընտրանին առաջին տուրում նվազագույն՝ 1 : 0 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ Լիխտեյնշտեյնի հավաքականի նկատմամբ, որին ի դեպ առաջին անգամ հաղթեց նրա հարկի տակ, ապա տանը՝ 2 : 0 հաշվով հաղթեց վերջին տարիներին համաշխարհային ֆուտբոլում, առանց չափազանցության, մեծ իրարանցում առաջացրած Իսլանդիայի հավաքականին: Իսկ մարտի 31-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեր ընտրանու հաղթանակը՝ 3 : 2, Ռումինիայի ուժեղ, մեզ համար բավականին դժվարին ու բարդ մրցակցի նկատմամբ, որին երբևէ չէր հաջողվել հաղթել (թիմերը հանդիպել են 5 անգամ, 4 խաղում հաղթել են ռումինացիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, գնդակների ակնհայտ մեծ ու մեզ համար ոչ պատվաբեր տարբերությամբ՝ 12 : 1), ինչ խոսք, կարելի հաճելի անակնկալների շարքը դասել: Ի դեպ, մեր իսպանացի մարզչի՝ Խոակին Կապառոսի «հրամանատարությամբ» մեր հավաքականը առանց պարտության անընդմեջ 8-րդ խաղն է անցկացնում՝ տանելով վեց հաղթանակ և երկու խաղ ավարտելով ոչ-ոքի արդյունքով:
Ռումինիայի հետ մրցավեճում մենք ականատես եղանք մեր տղաների անչափ դիտարժան, թիմային համերաշխ ու գրագետ խաղին, ինչն էլ տվեց ցանկալի արդյունքը:
Սակայն, այս խմբում տեղի ունեցավ, կարելի է ասել, ոչ միայն խմբի, այլև, թերևս, աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու ամենամեծ անակնկալը՝ Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակը՝ 2 : 1, աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հզոր հավաքականի նկատմամբ, նրա իսկ դաշտում: Մակեդոնիայի ընտրանու՝ ֆուտբոլային աշխարհը ցնցած, հիրավի սենսացիոն հաղթանակը հնարավորություն տվեց մեր ընտրանուն միանձնյա գլխավորելու խմբային աղյուսակը: Դիպուկ է ասել մեծ բանաստեղծը. «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցում շատ պատկերավոր ու դիպուկ ասել է. «Սեփական հավաքականի մարզաշապիկի ու զինանշանի հանդեպ սերը մեզ առավելություն է տալիս մյուս հավաքականների նկատմամբ»:
Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային խաղից հետո ՖԻՖԱ-ն կրկին անդրադարձել է Հայաստանի հավաքականի փայլուն մրցելույթներին հետևյալ տպավորիչ գրառումը կատարելով աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում. «Հայաստանը պատմություն է կերտում 2022 թվականի աշխարհի առաջնության ճանապարհին: «8 անպարտելի խաղ, 4 անընդմեջ հաղթանակ, առաջին անգամ 3 անընդմեջ անպարտելի խաղ աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում»։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Մարզաշխարհ