ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ…
Ժպտերես են տղերքը, տխրադեմ ու խոհուն հայացքներով… Հերոսների շիրմաքարերի նկարներն են, որ վառում են անցորդի հոգին… Բազում Եռագույններ են փողփողում Մասիսի դիմաց ու պատմում մարտիրոսների մասին…
«Եռաբլուրում» ենք Սուրբ Հարության տոնի օրը: Մարդաշատ է «Եռաբլուրը», տղերքին այցի են եկել հարազատներն ու բարեկամները, մարտական ընկերները: «Եռաբլուրի» եկեղեցու մոտ են արդեն նաեւ Արցախյան վերջին պատերազմին մասնակից քաշաթաղցի կամավորականները։ Ստվարանում է խումբը։ Հավաքվում են տղերքը, ողջագուրվում։ Մի մասը նոր է իջել դիրքերից, շուտով կկայանա հերթափոխ, և նրանցից շատերը կրկին կբարձրանան մարտական հենակետեր։ Աջակցում են կամավորականները սահմանի զինվորին։ Այսօր ևս շատ է կարևոր կամավորների դիրքերում լինելը, ժամկետայիններին ոգևորելը։
Սեթ Բարսեղյանը դեռևս պատանի էր, որ մանկավարժ ծնողների հետ տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղ, այստեղ ստեղծեց տուն ու տեղ, մասնակից եղավ Ապրիլյան քառօրյային, Արցախյան վերջին պատերազմին… Այստեղ է մարտական ընկերների հետ, որոնց թվում են նաև վուրգավանցիները։
-Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու «Եռաբլուրի» բոլոր մարտիրոսներին, խոնարհվելու նրանց շիրիմների առջև,- ասաց Սեթը և անդրադարձավ իրենց ծրագրին՝ ստեղծել քաշաթաղցիների հուշաքար Եռաբլուրում, քանի որ շատ քաջորդիներ հուղարկավորվել են իրենց գրավյալ բնակավայրերում։ -Տարբեր ջոկատներում ենք մարտնչել, բայց, լինելով նույն շրջանի բնակիչներ, իրար ճանաչելով, համախմբվել ենք նույն նպատակի շուրջ՝ պաշտպանել Հայոց սահմանը…
Կամավորականները մեծ սիրով էին պատմում ժամկետային զինծառայող մեր քաջորդիների մասին, որոնք իրենց կռիվը տվել են, ինչպես երդվել են։
Տանկիստ Պապին Բնյանը տղաների համար իսկական հերոս է. կամավորական Շալիկո Եղիազարյանը ասում է՝ Պապինի արհեստավարժության, նվիրվածության ու քաջության շնորհիվ իրենց ջոկատի ուղղությամբ եկող թշնամական 15-ից ավելի տանկ ու զրահամեքենա է վնասազերծվել։ «Մեր հերոսը եկավ»,- կանչում են տղաները՝ տեսնելով հեռվից երեւացող Պապինին: Նա վիրավորվել է պատերազմի ընթացքում եւ զորացրվել է այս տարվա հունվարին։ Ձեռնափայտով է դեռ հերոսը։ Ուսանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ փրկարարի մասնագիտությամբ։ Հավատում է՝ վերքերը բուժվելու են։ Համեստորեն է պատմում իր մասին, մնացածը մարտական ընկերներն են ավելացնում…
Ավարտելով իրենց առաքելությունը «Եռաբլուրում»՝ քաշաթաղցի կամավորականները պայմանավորվեցին հանդիպել արդեն սահման մեկնելու համար պատրաստվելու նպատակով։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ճակատագրեր