Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ



ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻԵս զինվոր եմ, ծառայությունս սկսել եմ Քարվաճառում, անցել եմ 44-օրյա պատերազմի արհավիրքով, իմ կորուստները բազում են, բայց ուզում եմ խոսել դրանցից մեկի՝ իմ մանկության ընկերոջ՝ Լևոն Հովհաննիսյանի մասին: Նա մեծ ապագա ունեցող դաշնակահար էր, հայրենասեր, բարի, տաղանդավոր, ազնիվ, արժանապատիվ երիտասարդ: Լևոնը ծառայության էր անցել Ջաբրայիլում՝ 2020 թ. հուլիսին: Ընկերոջս կորցնելու օրվանից մի միտք հանգիստ չէր տալիս ինձ՝ ի՞նչ անեմ ընկերոջս հիշատակը անմահացնելու, նրա երազանքները իրականացնելու, նրա զոհողությունները արժևորելու ու նրա պայքարը հաղթանակով պսակելու համար: Ու հասկացա, որ Հայաստանի ապագային միտված ծրագրերը կարող են իրականություն դառնալ, եթե ունենանք հայրենասեր, նախնիների պայքարին, երազանքներին տեր կանգնող, հզոր, ազգային արժանապատվությամբ տոգորված սերունդ: Ու այդ սերնդի դաստիարակությունը պետք է սկսել նախակրթարանից: Ուստի, ռազմահայրենասիրական թեքումով նախակրթարան հիմնելու որոշումս ավելի ամրապնդվեց:

Ես ծառայում եմ ազգային բանակում, իսկ իմ ծնողներն իրականացնում են իմ երազանքը, մինչև ես զորացրվեմ ու սեփական ձեռքերով կյանք տամ երազանքներիս: Ես թերևս միակ նախակրթարանի տնօրենն եմ լինելու Հայաստանում, որը տղամարդ է: Ընդունված է, որ նախակրթարանները ղեկավարեն կանայք, բայց, իմ կարծիքով, փոքրիկներին տղամարդկային դաստիարակություն և տղամարդու ներկայություն է պետք մանկուց, մանավանդ, եթե ուզում ես, անկախ սեռից, դաստիարակել հայրենիքի ապագա նվիրյալներ, մեր բոլոր կորուստները հետ բերելու ունակ սերունդ:

Մեր նախակրթարանը Եղվարդում է, այն կրում է իմ զոհված ընկերոջ՝ Լևոն Հովհաննիսյանի անունը: Այժմ ունի 60 սան, բայց, ես հուսով եմ, որ սաների թիվը կմեծանա, ու շատերը հնարավորություն կունենան դաստիարակվելու 44-օրյա պատերազմում իր կյանքը հանուն Հայրենիքի ազատության, հանուն հարազատ ժողովրդի պատվի զոհաբերած ընկերջս օրինակով:

Ես հոգեպես խաղաղվել եմ, քանի որ իմ փոքրիկ ավանդն եմ բերել ընկերոջս ու մեր բոլոր հերոս տղաների գործին, որոնք ընկան հանուն վաղվա հզոր, պաշտպանված, ազատ ու երջանիկ Հայաստանի:

Մինչ ես շարունակում եմ ծառայությունս, զոհված ընկերոջս անվան նախակրթարանը գործում է ու նոր մանուկներ է ընդգրկում: Երբ ծառայությունս ավարտեմ, կստանձնեմ նախակրթարանի տնօրենի իմ պարտականությունները:

Օրերս մեր կրթօջախը «Զինուժ մեդիայից» նվեր ստացավ «Հայ զինվոր» հանդեսի հավաքածուն: Վստահ եմ, որ «Հայ զինվոր» հանդեսը կդառնա մեր լավ բարեկամը, իսկ մենք՝ նրա հավատարիմ ընթերցողը:

ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Բանակ և հասարակություն


08/04/2021