ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՀԻՆ ԴԱՐԵՐՈ՞ՒՄ
«Երբ լույսը բացվեց, Ռաման, վերցնելով երկնային նավը, պատրաստվեց օդ բարձրանալ: Այդ նավը շատ մեծ էր ու հիանալի զարդարված, երկհարկանի էր, բազմաթիվ սենյակներով ու պատուհաններով: Նավը, մինչեւ անամպ երկինք սլանալը, մեղեդային ձայն արձակեց»:
Այսպես է նկարագրվում հին հնդկական «Ռամայանա» էպոսում հերոս-աստծո թռիչքը երկնային նավով: Եվ սա միակ վկայությունը չէ: Համարյա բոլոր հին հնդկական սանսկրիտերեն տեքստերում պատմություններ կան այն մասին, թե ինչպես են աստվածները մարտնչում երկնքում` օգտագործելով զենքով հանդերձված այսպես կոչված վիմանա թռչող սարքերը: Օրինակ, մեծ իմաստուն Մահարիշի Բհարադվաջի «Վիմանիկ Պրակարանամ» (Տրակտատ թռիչքների մասին) աշխատության մեջ հիշատակվում է լույսի հզոր փնջի մասին, որը կարող էր կիզակետի բերվել ցանկացած օբյեկտի վրա ու ոչնչացնել:
Շատ հին ձեռագրեր հին սարքերի այնպիսի տեխնիկական մանրամասներ են պարունակում, որոնցում քիչ չեն թարգմանական նշանակությամբ հետեւյալ բառերն ու բառակապակցությունները` «քարշի ուժ», «գրաֆիտ», «պղնձապատ կոճ», «բյուրեղական ինդիկատոր» և այլն:
Լեգենդի համաձայն, հին հնդկական Ռամայի կայսրությունը 15 հազար տարի առաջ ոչնչացրել է մի ինչ-որ հզոր զենք: Անգլիացի հետազոտող Դեյվիդ Դավենպորտը, կատարելով «Վիմանիկ Պրակարանամ»-ի և «Ռամայանա»-ի վերլուծությունը, հանգել է հետեւյալ եզրակացության. Մոհենջո-Դարո քաղաքը և հարակից բնակավայրերը, որոնք պատկանում են Ինդոս գետի ավազանում գտնվող մինչարիական հնագույն քաղաքակրթությանը (ներկայիս Պակիստանի տարածքում), ոչնչացել են ատոմային պայթյունի հետեւանքով:
Ահա թե ինչ է պատմում լեգենդը ճակատամարտերից մեկի մասին. «Գուրկհա աստվածը, թռչելով իր արագընթաց ու հզոր վիմանայով, վրիշների և անդհակների երեք քաղաքի վրա գցեց Տիեզերքի ողջ հզորությամբ լիցքավորված մի եզակի արկ: Ծխի ու կրակի հրեղեն սյունը` վառ, ինչպես 10 հազար արև, վեր բարձրացավ իր ողջ հիասքանչությամբ: Դա անհայտ զենք էր, «կայծակի երկաթե հարված», մահվան հսկայական բանբեր, որը մոխրի վերածեց վրիշների և անդհակների ողջ ռասան… Զոհված մարդկանց հնարավոր չէր ճանաչել, իսկ փրկվածներն էլ երկար չապրեցին. թափվեցին նրանց մազերը, ատամներն ու եղունգները: Ամանեղենը կոտրվում էր առանց պատճառի, թռչունները սպիտակ էին դառնում… Մի քանի ժամ անց բոլոր մթերքները վարակված էին… Այդ կրակից փրկվելու համար զինվորները ջուրն էին նետվում` իրենց և իրենց զենքերը լվանալու համար»:
Մի պահ կարող է թվալ, թե «Մահաբհարատան» ատոմային պատերազմ է նկարագրում: Այնտեղ ճշտորեն բերվում են բնակչության շրջանում ռադիոակտիվության ազդեցության հետևանքները: Միայն ջուրը թռչելն է մի փոքր թեթևացնում վիճակը: Ի դեպ, Մոհենջո-Դարոյի ավերակներում ակնհայտորեն երեւում է շատ բարձր ջերմաստիճանի և ուժեղագույն հարվածային ուժի ազդեցությունը: Այս մասերում հայտնաբերվել է նաև ապակու վերածված ավազ:
Եթե հավատանք հին տեքստերին, ապա աստվածներն ունեին առնվազն չորս տարբեր տիպի թռչող սարքեր, որոնք եղել են կոնաձև կամ սիգարաձև, օգտագործվել են ինչպես օդային, այնպես էլ ստորջրյա ճամփորդությունների համար: Վիմանաների մասին տեղեկությունները մեզ են հասել խիստ աղավաղված տեսքով: Գրել են ոչ թե նրանք, ովքեր պատրաստել են այդ սարքը, ոչ թե նրանք, ովքեր օգտագործել են այն, նույնիսկ ոչ նրանք, ովքեր տեսել են, այլ նրանց անգրագետ սերունդները, որոնք սերնդեսերունդ փոխանցել են արդեն աղավաղված տեղեկությունները: Շատ տերմիններ անհետացել են, որոշ բառեր փոխել են իրենց նախնական իմաստը: Եվ եթե վիմանաների նկարագրությունից հանենք խորհրդավորության շղարշը, ապա կմնան կոնկրետ տեխնիկական բնութագրերը:
«Վիմանիկ Պրակարանամ»-ի մի ամբողջ գլուխ նվիրված է վիմանայի վրա տեղակայված յուրահատուկ մի սարքի, որի օգնությամբ բարձրությունից կարելի էր որոշել հողի տակ թաքցված առարկաների տեղակայումը: Որոշ փորձագետների կարծիքով, խոսվում է ռադարի մասին, որն ընդունակ է արձագանքել հակառակորդի հակաօդային պաշտպանության սքողված միջոցներին: Թռչող սարքի վրա, ժամանակակից հասկացություններով, կարող էին տեղադրված լինել նաև լուսանկարչական ապարատ, լուսարձակներ, ոսպնյակներով հայելիներ: Նրանցից մեկը` Պինջուլայի հայելին, նախատեսվում էր հակառակորդի կուրացնող «դիվային ճառագայթներից» օդաչուներին պաշտպանելու համար: Տեքստերում ասվում է, որ վիմանաները հիմնականում օգտագործում են էներգիայի յոթ աղբյուր` կրակի, հողի, օդի, ինչպես նաև արևի, լուսնի, ջրի և տարածության էներգիան:
Հնդկաստանի անվանի կայսր Աշոկան (Մաուրիաների դինաստիայի տիրակալ, մ.թ.ա 3-րդ դար) հիմնում է մեծ հնդիկ գիտնականների «ինը անհայտ մարդկանց գաղտնի ընկերությունը», որը պետք է համակարգեր շատ գիտություններ: Աշոկան նրանց աշխատանքը գաղտնի էր պահում, քանզի վախենում էր, որ այդ մարդիկ հին հնդկական աղբյուրներից հավաքած տեղեկությունները կարող են ի չարս օգտագործել: Իսկ երկար տարիներ պատերազմ վարած և հզոր կայսրություն ստեղծած Աշոկան վճռականորեն պատերազմների դեմ էր այն բանից հետո, երբ բուդդիզմ ընդունեց:
«Ինը անհայտները» գրում են ընդամենը ինը գիրք, ենթադրաբար յուրաքանչյուրը` մեկական գիրք: Գրքերից մեկը կոչվում էր «Գրավիտացիայի գաղտնիքները»: Պատմաբանները այս գրքի մասին տեղյակ են, թեեւ երբեք չեն տեսել: Այն հիմնականում խոսում է երկրի ձգողականության նկատմամբ վերահսկողության մասին: Բացի այդ, Աշոկան լավատեղյակ էր Ռամայի թագավորությունը կործանող ավերիչ պատերազմների և օգտագործված զենքերի մասին:
Մի քանի տարի առաջ չինացիները սանսկրիտերենով գրված տեքստ են հայտնաբերել Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, որոնք փոխանցել են Հնդկաստանի Չանդիգար քաղաքի համալսարան` թարգմանության և ուսումնասիրության: Այդ համալսարանի դոկտոր Ռուֆ Ռեյնան վերջերս հայտարարել է, որ փաստաթղթերում ցուցումներ կան միջաստղային տիեզերանավերի կառուցման մասին, որոնք շարժվում էին «հակագրավիտացիոն» եղանակով: Այդ նավերը կոչվում էին «աստրա», և հին հնդիկները դրանցով կարող էին մարդկանց խմբեր դեպի այլ մոլորակներ ուղարկել, որոնք, համաձայն փաստաթղթի, կարող էին մինչև 1000 տարի ապրել: Ձեռագրերում խոսվում են նաև տիեզերագնացների հագուստի, դիետայի, «անտիմայի» կամ անտեսանելի դարձնող գլխարկի, ինչպես նաև «գարիմայի» գաղտնիքի բացահայտման մասին, որը թույլ է տալիս սարի կամ կապարի նման ծանր դառնալ:
Ի դեպ, հնդիկ գիտնականները երկար ժամանակ հին տեքստերին լուրջ չէին վերաբերվում, սակայն փոխեցին իրենց վերաբերմունքն այն բանից հետո, երբ չին իշխանությունները հայտարարեցին, թե դրանց որոշ մասը օգտագործել են իրենց տիեզերական ծրագրերում: Սա առաջին դեպքն է, երբ կառավարությունը, թեկուզև հարևան, պաշտոնապես ընդունում է տեխնոլոգիական հետազոտությունների անհրաժեշտությունը հին աղբյուրների համաձայն և որոշում թույլատրել հակագրավիտացիայի հետազոտությունը:
20-րդ դարի սկզբին աշխարհով մեկ մի սենսացիոն լուր տարածվեց. մի հնդիկ ուսուցիչ մեկտեղանոց մի ոչ մեծ թռչող սարք` վիմանա է կառուցում սրբազան ծառերի ծաղկած ճյուղերից և, մանտրաներ (աղոթք, հմայախոսք) երգելով, թռչում էր իր գյուղի վրայով` հրճվանքի հասցնելով տեղի երեխաներին: Անգլիացի զինվորների հրամանով նա վայրէջք է կատարում, և մինչև նրանք կմտածեին, թե այդ հրաշքի մասին ինչպես զեկուցեն թագուհուն, ուսուցիչն արագ քանդում է վիմանան ու հայտարարում, որ գաղութարարներն արժանի չեն նման թռչող սարքի կառուցման գաղտնիքն իմանալու, քանի որ կօգտագործեն ռազմական նպատակներով:
Երբ անգլիական կայազորի պարետը սպառնում է նրան բանտ նետել` վիմանա պատրաստելու եղանակը թաքցնելու համար, ուսուցիչը պատասխանում է, որ անգլիացիները կարող են ցանկացած գրադարանում վերցնել Վեդաները (հին հնդկական սուրբ տեքստերը) և հեշտորեն վիմանա պատրաստել: Այնինչ կամ նրանց ուղեղը չբավականացրեց, կամ էլ` հոգևոր ընդունակությունները, սակայն փաստն այն է, որ մինչև հիմա այդպիսի սարքեր դեռ չեն հայտնվել:
Այս գաղտնիքը համարյա բացահայտել էին Երրորդ Ռայխի գիտնականները: Նրանց կառուցած փորձնական օրինակները գմբեթանման սկավառակի տեսք ունեին և շարժվում էին ռեակտիվ քարշուժով: Ասում են, որ նրանք նույնիսկ հակագրավիտացիոն շարժիչներով վիմանաների գործող նմուշներ են ունեցել: Սակայն այդ ժամանակ Գերմանիան արդեն լուրջ հակասության մեջ էր տիեզերական օրենքների հետ` իր արյունակիցների արյունը հեղելով: Եվ դեռ վիմանաները պատրաստվում էր օգտագործել արյունահեղությունը շարունակելու նպատակով, ինչի համար էլ ստացավ իր արժանի պատիժը:
«Այն ժամանակներում մարդիկ ծնվում էին արդեն ազնվաբարո հատկանիշներով ու զարմանալի, գերբնական ուժերով: Նրանք գիտելիք և իմաստություն ունեցող առաքինի մարդիկ էին եւ կարող էին բնականորեն սեփական ցանկությամբ տեղաշարժվել երկնքով քամու արագությամբ: Նրանք բոլորը տիրապետում էին ութ գերզգայուն ունակություններին` դառնալ շատ փոքր եւ հասնել հսկայական չափերի, դառնալ շատ ծանր և հակառակը` անկշիռ, ստանալ այն, ինչ ցանկանում ես, լիովին ազատվել ցանկություններից, հասնել բարձրագույն նվաճումների, ձեռք բերել զարմանալի ճկունություն»:
Բոդհանանդա Վրիտտի, «Վիմանիկա-շաստրա»-ի մեկնաբանություններից
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից