ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ Է. ՃՇՏՎՈՒՄ Է ԳԻՆԸ…
Ադրբեջանական մամուլում շատ հաճախ հրապարակվում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները և պաշտոնական Բաքվի կողմից հովանավորվող փորձագետների վերլուծությունները, որով վերջիններս, «մեկնաբանելով» Հայաստանի և Ռուսաստանի միջև օրեցօր ամրապնդվող ռազմավարական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումները և իրադարձությունները, նշում են, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած խոշոր իրադարձություն վերահսկում է Կրեմլը, Հայաստանին անվանում են «Ռուսաստանի ֆորպոստ»` միաժամանակ զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի հետ և շեշտելով, որ «Ադրբեջանը, բառի բուն իմաստով, վարում է անկախ քաղաքականություն»:
Վերջին անգամ նման հայտարարություն հանրության առջեւ Իլհամ Ալիևի շուրթերից հնչեց 2011 թվականի հոկտեմբերին` Ադրբեջանի «անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված» ընդունելության ժամանակ: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի «մեկնաբանությունները» նույնիսկ ուշադրության արժանի չեն, քանի որ Հայաստանի վարած հավասարակշռված քաղաքականության վերլուծությունը ջախջախում է բոլոր այդ բարբաջանքները: Պարզ է, որ, բազմաթիվ գործոններից ելնելով, այսօր Հայաստանի ամենամտերիմ դաշնակիցը Ռուսաստանն է. երկու պետություններին կապում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ հաջողությամբ համագործակցում են տարբեր կազմակերպությունների, մասնավորապես` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի անվտանգության ապահովումն է: Վերջապես, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողն է: Հարկ է նշել, որ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարում մյուս տերությունների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը. Հայաստանը հաջողությամբ համագործակցում է նաև միջազգային տարբեր կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Դրա մասին վկայում է նաև այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան, որի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամությունը թևակոխեց նոր փուլ:
Ինչ վերաբերում է «Ադրբեջանի վարած անկախ քաղաքականությանը», ապա տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները վկայում են հակառակի մասին. Ադրբեջանը դառնում է Իսրայելի «ֆորպոստը» Իրանի դեմ պայքարում և այդպիսով կորցնում է սեփական` անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Բանը հասել է նրան, որ այդ մասին արդեն բացեիբաց հայտարարում են հարևան պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները:
Նոյեմբերի 9-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Զահրա Էլահիանը հայտարարել է, որ Արևմուտքի և Իսրայելի հատուկ ծառայությունները Ադրբեջանի տարածքում հակաիրանական աշխատանքներ են իրականացնում: Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքից իրականացվում են նաեւ հետախուզական և ահաբեկչական գործողություններ` ընդդեմ Իրանի իսլամական ռեժիմի:
Չնայած Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ տածած համակրանքին և Իրանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջների` ակնկալվում էր, որ Ադրբեջանը չեզոքություն կպահպանի Իրանի և Իսրայելի միջև օրեցօր սրվող հարաբերություններում: Այնինչ 2011 թվականի ամռանը տեղեկություններ տարածվեցին, որ իսրայելական և արևմտյան տերությունների ռազմաօդային ուժերը (որոնք արդեն տեղակայված են Ադրբեջանի օդուժի ռազմակայաններում) ցանկացած պահի կարող են հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Նշվում էր, որ Իրանի հյուսիսարևելյան սահմաններում հայտարարվել է ռազմական դրություն, և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իր ուժերը մոբիլիզացնում է մերձկասպյան շրջանում: Այդ կապակցությամբ ԻՀՊԿ բրիգադային գեներալ Մեհտի Մոհինին հայտարարել էր, որ իրեն հանձնարարված է հետ մղել իսրայելա-ամերիկյան հարձակումը: Ճիշտ է, այդ տեղեկությունները ոչ մի ձևով չհաստատվեցին, սակայն հետաքրքրական է, որ դրանից մեկ տարի առաջ` 2010 թվականի ամռանը, Ադրբեջանն ընդունեց նոր ռազմական դոկտրին, որով թույլատրվում է օտարերկրյա պետությունների ռազմաբազաների տեղակայումը Ադրբեջանի տարածքում: Հետաքրքրական է նաև այն, որ Իրանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը պաշտոնական Բաքուն դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել. բերանները ջուր են հավաքել նաև իշխանամետ փորձագետները, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը վախենում է տվյալ հարցի շուրջ անկանխատեսելի զարգացումներից:
Անկասկած, պաշտոնական Բաքուն ինքն իրեն «վաճառում է» Իսրայելին որոշակի ակնկալիքով: Հայտնի է, որ երկու պետությունների միջև հաջողությամբ զարգանում է ռազմաարդյունաբերական համագործակցությունը, մասնավորապես, իսրայելական մի շարք ընկերություններ (Soltam, Tadiran Communications, Israel Military Industries) ադրբեջանական բանակին են մատակարարում տարբեր ռազմական տեխնիկա: Հնարավոր է, որ այդ «գործարքի» շնորհիվ Իսրայելը Ադրբեջանին փոխանցի նոր տիպի ռազմական տեխնիկա և սպառազինություն:
Բացի այդ, բոլորովին վերջերս Ադրբեջանն ընտրվել է 2012-2014թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի դիվանագիտական նման «հաղթանակին» նպաստել է նաև Իսրայելը, որը եվրոպական երկրներում միշտ էլ բավականին ուժեղ լոբբի է ունեցել, և որի խոսքը ազդեցիկ է եվրոպական մի շարք պետություններում: Կարելի է ենթադրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը կարող է Իսրայելի կողմից Ադրբեջանին յուրահատուկ վարձատրություն լինել:
Ամեն դեպքում պաշտոնական Բաքուն չհիմնավորված ռիսկի է դիմում, քանի որ մի բան է` ավելի հզոր և տնտեսապես ուժեղ պետությունների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ և լինել ռազմավարական հուսալի գործընկեր, այլ բան` լինել սովորական շախմատային զինվոր ուրիշի մեծ խաղում, քանի որ տվյալ դեպքում մեծ է հավանականությունը, որ քեզ խաղափուլերից մեկում ուղղակիորեն զոհաբերության կենթարկեն և չեն էլ ափսոսա:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ռազմաքաղաքական