Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԵՐԸ



ՏԵՂԵԿԱՆՔ. ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Սիրիայում հայերը ապրել են դեռևս հնագույն ժամանակներից: 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո տարածաշրջանում հայտնվել են ևս մի քանի հայկական համայնքներ, որոնք ապրում էին սիրիական եւ հույն ուղղափառ քրիստոնյաների հետ համատեղ։ Իրենց հերթին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի քրիստոնյաների հոգևոր կյանքում։

Հայերի բազմաթիվ խմբեր գաղթեցին Սիրիա` խուսափելով պարսիկների և օսմանցիների հետապնդումներից։ Մասնավորապես կարևոր դեր խաղացին նրանք Անտիոքում: Շատերը տեղափոխվեցին այնտեղ թուրքերի կողմից հայկական Կիլիկիայի զավթվելուց հետո։

1909թ. Ադանայի ջարդերը, ինչպես նաև 1915-1921թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը խթանեցին հայերի զանգվածային արտագաղթը Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դեպի Սիրիա: Թուրք ազգայնականները ոչնչացնում էին հայերին ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլ նաև Օսմանյան կայսրության այլ շրջաններում։ Մասնավորապես, Դեր Զորի անապատը և նրա շրջակայքը ընտրվել էին երիտթուրքական կառավարության կողմից։ Սիրիական անապատում են հանգչում Սեբաստիայի, Դիարբեքիրի եւ Խարբերդի հայերի մնացորդները։ Արևմտյան Հայաստանի վեց մարզերից դեպի սիրիական անապատ է վտարվել մոտ մեկ միլիոն մարդ: Դեր Զորի անապատում ոչնչացվել է ավելի քան 200000 հայ:

Այժմ հայերը համախմբված ապրում են Սիրիայի որոշակի շրջաններում, մասնավորապես` երկրի հարավ-արևմուտքում` Քեսաբում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Ալ Ռաքքայում, Հասաքեյում և Կղամիշլիյում։

Սիրիայի հայերը երկրում ունեն բարի համբավ և լավ համարում: Սիրիայի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը օգնել են արաբներին անկախության համար մղվող պայքարում: XIX դարի երկրորդ կեսին Սիրիայում ազգային, մշակութային եւ քաղաքական զարթոնքի` Նահդայի ընթացքում հայկական ծագում ունեցող գործիչները մեծ դեր խաղացին: Նրանց թվում են արաբական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից մեկը, նահդայի գործիչ Ադիբ Իսակը (1856-1882) և արաբական լրագրության հիմնադիր համարվող Ռզկլահ Հասունը(1823-1880)։ Շատ հայեր դարձան Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի սպաներ և մասնակցեցին երկրի պաշտպանության պայքարին, իսկ գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանը, որը համարվում է Սիրիական բանակի հիմնադիրներից մեկը, մասնակցել է 1948 թ. արաբա – իսրայելական պատերազմին։

Այսօր ևս Սիրիայի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի սոցիալ – տնտեսական եւ մշակութային կյանքում։ Դամասկոսում մեծ համբավ է վայելում Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի հայ դիրիժոր Միսակ Բագբուդարյանը։ Սիրիայի Գրողների միության անդամ են Նորա Արիսյանը Դամասկոսից, Ալեքսանդր Քեշիշյանն ու Հրաչ Կալսաակյանը։

Սիրիայում գոյություն ունի բավականին ակտիվ հայ կաթոլիկների և ավետարանականների համայնք, որոնց մեծ մասը կենտրոնացած է Քեսաբ քաղաքում և նրա շրջակայքի հայկական գյուղերում` Դուզահաջ, Էսգուռան, Հյուսիսային Աղբյուր, Չինարի, Չահալդձե, Կեռկունա, էկիլզուհ, Բահզառաջ, Կառադուռան, Կառադաշ, Բաշուռդ, ինչպես նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Քեսաբում կա հայկական եկեղեցի, որը կառուցվել է XIX դարի վերջին, իսկ մնացածը կառուցվել են XX դարում: Լաթակիայի շրջանի Յակուբիա և Առամո գյուղերում ապրում են լատինացված հայեր, որոնք չեն խոսում հայերեն։ Նրանց մայր լեզուն արաբերենն է։ Այս գյուղերի բնակիչները, ինչպես նաև Դամասկոսի հայերի մի մասը, անցյալ դարի սկզբին ընկան եվրոպական միսիոներների ազդեցության տակ` դառնալով կաթոլիկ և ավետարանական (բողոքական) եկեղեցիների հետևորդներ։ Այդ ընտանիքները մեկուսացված են ապրում հայերի հիմնական զանգվածից։

Հայ կաթոլիկները նույնպես մի հատուկ խումբ են կազմում: Միայն Հալեպում գործում է 5 հայ կաթոլիկ եկեղեցի, որոնցից ամենահինը կառուցվել է 1840 թվին։ Հալեպում կաթոլիկ հայերի թիվը հասնում է 15000։ Հյուսիսային Սիրիայի Կղամիշլի քաղաքում հայերի զգալի մասը նույնպես կաթոլիկ է։ Նրանք կենտրոնացած են Սուրբ Հայ Հովհաննես կաթոլիկ եկեղեցու շուրջը։ Դամասկոսում և Լաթակիայի հայկական գյուղերում ևս կան հայ կաթոլիկ եկեղեցիներ։ Ալ Ռաքքայի շրջանում, որտեղ մեծ թվով արաբացած հայեր են ապրում, ընդամենը մեկ հայկական եկեղեցի կա։

Վերջին տարիներին Սիրիայի տարբեր հատվածներում ձևավորվել են նոր համայնքներ, որոնք համարվում են իսլամացած և արաբացած։ Հայերի ցեղասպանության ընթացքում հազարավոր երեխաներ վաճառվեցին տեղի արաբներին և բեդվին ցեղերին։ Շատ հայեր գոյատևման համար ընդունեցին իսլամ։ Արաբացած և իսլամացված հայերը այժմ ապրում են Կղամիշլիում, Հասաքեում և հատկապես Ալ Ռաքեում։

Սիրիայի հայկական եկեղեցիներում հաճախ կատարվում են իսլամացած հայերի մկրտություններ։ Սիրիայի հայկական համայնքը Մերձավոր Արևելքում համարվում է ամենաազդեցիկներից մեկը։ Պատահական չէ, որ եկեղեցուն պատկանող կրթական եւ հոգևոր հաստատությունների մեծամասնությունը գտնվում են հենց այս երկրում:

Հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությունը Սիրիայում արգելված է։ Նրանք սահմանափակ ներկայացված են սոցիալական, մշակութային եւ մարզական կազմակերպությունների կամ միությունների` ակումբների միջոցով։ Հայկական համայնքը Սիրիայում ցանցի կառուցվածք ունի, քանզի բոլոր միությունները և կրոնական խմբերը ունեն իրենց սեփական ենթակառուցվածքները կամ մասնաճյուղերը երկրի գրեթե բոլոր հայաբնակ շրջաններում:

Ներկայումս Սիրիայում բնակվում է մոտ 70-75 հազար հայ։ Դամասկոսում 4-4.5 հազար հայ կա, Հալեպում` 50-55 հազար:

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության հնարավոր փոփոխությունը դժվար է դիտարկել որպես դրական գործոն, քանի որ այն չի նպաստի երկրի ժողովրդավարացմանը։ Եթե Սիրիայի աշխարհիկ իշխանությունը թուլանա, նրան անկասկած կփոխարինի իսլամականը, և այդ դեպքում երկրում կտիրի քաոս:

Այսօր Սիրիայում օրենքով ամրագրված փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում ապրում են տարբեր էթնիկական կրոնական համայնքներ, որոնք Բաշար ալ – Ասադի հոր` Հաֆեզ ալ-Ասադի իշխանության գալուց հետո ստացան բնականոն կյանքի ու գործունեություն համար անհրաժեշտ բոլոր իրավունքները։ Սիրիայում կրոնական խտրականության կամ էթնիկ հողի վրա երբեք որևէ խնդիր չի առաջացել, հատկապես որդի Ասադի իշխանության գալուց հետո: Ազգային և կրոնական բոլոր փոքրամասնություններն իրենց համարում են սիրիացիներ, և ոչ ոք իրավունք չունի այլ կրոնի և ազգության ներկայացուցչին ասելու` «Աչքիդ վերևը ունք կա»։

Սակայն հնարավոր իշխանափոխությունը կարող է լուրջ առճակատման հանգեցնել տեղական համայնքներում: Ներկայումս որոշակի լարվածություն կա սուննիների, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը` ալավիների իշխանությամբ ի դեմս Բաշար ալ – Ասադի, և շիաների միջև։ Մինչդեռ, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր սուննիներն են այսօր ընդդիմության ճամբարում: Միայն միջին ու անապահով խավերի սուննիներն են ներգրավված հակակառավարական կազմակերպություններում և կառույցներում, որոնց աջակցում և զենք են մատակարարում Պարսից ծոցի երկրները և Թուրքիան: Իսկ սուննի բուրժուազիան և էլիտան պաշտպանում են Բաշար ալ-Ասադի ռեժիմը:

Սիրիայում իշխանափոխությունը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմանը տարածաշրջանում, ամրապնդել Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում, ինչը հակասում է Իրանի մտադրություներին, որն իր բացահայտ աջակցությունն է ցուցաբերում Սիրիային:

Իրադարձությունների հետագա սրումը և Բաշար Ասադի իշխանության անկման հեռանկարը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայ համայնքի վրա։ Հայերը, ինչպես նաև Սիրիայի մյուս քաղաքացիները, մտահոգ են քաղաքական ճգնաժամով և չափազանց շահագրգռված իրավիճակի կայունացմամբ։ Բաշար Ասադի ռեժիմը պաշտպանելու` նրանց մտադրությունը բավականին տրամաբանական է, քանզի դեռևս Հաֆեզ Ասադի օրոք հայերն անվտանգ էին զգում իրենց, օգտվում բոլոր իրավունքներից, ունեին դպրոցներ և եկեղեցիներ։ Իսկ եթե սիրիական ռեժիմը թուլանա, տեղի ազգայնամոլները ամեն պահի պատրաստ են ոչնչացնելու հայերին` «պատճառաբանելով», թե հայերը 70 տարի առաջ «մերկ» եկան Սիրիա, իսկ այժմ իշխում են իրենց և անգամ շահագործում։ Այսօր հայկական համայնքը հավատարիմ է գործող նախագահին, որն իր հերթին աջակցում է հայերին։

Հայերը հիմնականում ապրում են այն տարածքներում, որտեղ դեռևս խժդժությունների ալիքը չի հասել` Հալեպում, Ջազիռայում, Դամասկոսում, Լաթակիայում, Քեսաբում և Կղամիշլիում։ Կղամիշլիի շրջանում առավել սպասելի են բախումները էթնիկական ու կրոնական համայնքների միջև, քանզի նկատելի է այստեղ ապրող քրդերի ակտիվացումը։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշել է, որ հայերը արաբների հետ դարերով ապրել են կողք կողքի, ունեն իսլամական երկրում բնակության մեծ փորձ, և գուցե դա կօգնի նրանց գտնելու ընդհանուր եզրեր նոր իշխանությունների հետ։

Եթե Սիրիայում բնակվող հայերի առջև ծառանա զանգվածային արտագաղթի խնդիրը, ինչի նախադրյալներն արդեն իսկ նկատելի են հայ համայնքներում, ապա նրանք առավել հավանական է մեկնեն ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես Իրաքի հայերը։ Այժմ շատ սիրիացի հայեր աշխատում են Ծոցի երկրներում, ուստի ծայրահեղ դեպքում կարող են վերաբնակվել նաև այդ երկրներում:

Նկատի ունենալով Իրաքի նախադեպը` քիչ հավանական է, որ Սիրիայի հայ համայնքը զանգվածաբար ներգաղթի Հայաստան: Ժամանակին Իրաքի հայերը նույնպես Հայաստանում հաստատվելու մեծ հույսեր ունեին, սակայն նրանցից շատերը Հայաստանում գտան միայն ժամանակավոր ապաստան, իսկ հետո գաղթեցին Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Եվրոպա։

ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
արաբագետ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


30/11/2011