Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐՈՋ ՈՂԲԸ



Մուրադ Մուրադյանի հիշատակին

-Դե, խոսի՛ր, ժպտա՛, երգի՛ր, եղբա՛յր ջան, քո անուշ ձայնին մատաղ։ Մեր հանդ ու սարերը պահե՞լ են քո քաղցր ձայնը, մեր ջրերը մինչեւ ե՞րբ են էդպես մորմոքվելու քո երգից։ Ընկերներդ, բարեկամներդ քո երգին են սպասում՝ դու ե՞րբ էիր նրանց այդքան սպասել տվել։ Պատմի՛ր, քո մարտերից պատմիր։ Էն ո՜նց էիր պատմում, էն ո՜նց՝ ծիծաղով, քաղցր խոսք ու զրույցով։ Դու հեչ քաղցած չէի՞ր մնում, դու հեչ ծարավ չէի՞ր մնում, իմ սիրելի եղբայր։ Ինչո՞ւ չէիր ասում, ինչո՞ւ գոնե մեկ անգամ չբողոքեցիր, որ քո կռիվները մահվան կռիվ չէին։ Ինչո՞ւ։ Ես հիմա ո՞ւմ անիծեմ, ո՞վ է մեղավոր, ո՞վ…
Էն ո՜նց էիր խոսում ընկերներիդ մասին, էն ո՜նց էիր նրանց սիրում։ Ի՜նչ գեղեցիկ երազներով էիր պատմում քո կանաչ-կապույտ հայրենիքի մասին։ Դու այն տեսնում էիր քո հոգու աչքերով, տեսնում էիր ու պատմում, պատմում։ Իմ եղբայր, ես ո՞նց ապրեմ քո պատկերած հայրենիքում, երբ դու չկաս, երբ դու պետք է պատմես, ասես։ Սարերը թափուր մնացին, անտեր, երեխեքդ որբ մնացին, անտուն, կինդ քո կարոտից հալվել-մաշվել է։ Օրը բացվելու ու փակվելու է առանց քեզ։ Դուռը բախելու են՝ դու չես լինելու, ճաշը եփելու են՝ դո՛ւ չես ուտելու, երեխադ լացելու է՝ դու չես օրորելու, չե՛ս սիրելու, չե՛ս սիրվելու, իմ անո՛ւշ եղբայր։ Տուր գոնե քո աչքերը, թո՛ղ մեզ քո հոգին, որ ապրենք՝ քո հոգու աչքերով տեսնենք, սիրենք քո երազած, քո գտած հայրենիքը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #42 (857) 27.10.2010 – 3.11.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010