ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ – 2
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ շարունակում է ներկայացնել ռուս-չեչենական առաջին պատերազմի (1994-1996) փորձը` տեղեկութահոգեբանական դիմակայության տեսանկյունից:
– Պարոն Մարգարյան, մեր նախորդ զրույցում նշեցիք չեչեն գեներալ Դուդաևի քարոզչական այն հնարքները, որոնց թիրախը Ռուսաստանի հասարակությունն էր: Իսկ ի՞նչ հակաքայլեր էր ձեռնարկում Ռուսաստանի իշխանությունը:
– Բանն էլ հենց այն է, որ դաշնային զորքերում և դաշնային գործադիր իշխանության բոլոր մակարդակներում չեչենական պատերազմի տեղեկութահոգեբանական ապահովման սկզբնական փուլում տեղ գտան կոպիտ սխալներ, որոնք, իհարկե, պայմանավորված էին ոչ միայն բանակային համապատասխան կառույցների աշխատանքի թերություններով: Պատճառները շատ ավելի խորն էին. մի կողմից` պետությունում, այդ թվում նաև ԶՈՒ-ում, քաղաքական-գաղափարախոսական մարմինների համակարգի քայքայումը, և մյուս կողմից` համապատասխան տեղեկութաքարոզչական հայեցակարգ չլինելու հանգամանքը:
– Ճիշտն ասած` Ձեր ասածը տարօրինակ է. խորհրդային ամբողջ հասարակարգը «ներծծված էր» քարոզչությամբ, քարոզչական տեխնոլոգիաները ԽՍՀՄ-ում պետք է որ իդեալական կերպով մշակված լինեին: Մի՞թե ԽՍՀՄ-ի փլուզումից ընդամենը 3-4 տարի անց այդ ամբողջ փորձը կորսված էր:
– Փորձը գուցեև կորսված չէր, բայց զորքերում տեղեկութաքարոզչական համակարգը փլուզվել էր երկրում ամբողջ կուսակցական-գաղափարախոսական կառույցների հետ մեկտեղ: Իսկ եթե համակարգը չի գործում, ո՞ւմ է պետք փորձը, թեկուզև այն զորքերում կուտակվել էր տասնյակ տարիների ընթացքում` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Աֆղանստանում խորհրդային զորքերի սահմանափակ թվակազմի մարտական գործողություններ և այլն:
– Եւ իհարկե, չեչեններն օգտվեցին դրանից:
– Լիուլի: Հոգեբանական օպերացիաների ոլորտի դուդաևյան մասնագետները հատուկ նշանակություն էին տալիս անհատահոգեբանական ներգործությանը, որի նպատակն էր ռուս զինծառայողին կաշառել, շանտաժի ենթարկել, վախեցնել, հրահրել նենգադուլի և հիվանդությունների կեղծագործման, անդամախեղության, նրանց կողմնորոշել դեպի խուսափում մարտից և այլն:
– Փաստորեն, Ձեր նշած` «անհատահոգեբանական» ներգործությունը տարբերվում է հասարակության նկատմամբ ԶԼՄ-ների միջոցով կատարված ներգործությունից, որի մասին խոսեցիք նախորդ զրույցում:
– Այո՛: Անհատահոգեբանական ներգործության թիրախն անմիջականորեն զինվորն է, ոչ թե հասարակությունը:
– Հասարակության դեպքում տեղեկութահոգեբանական ներգործության միջոցը ԶԼՄ-ներն են` պարզ է: Իսկ որո՞նք են անհատահոգեբանական ներգործության միջոցները:
– Օրինակ` հետևյալը. չեչենական դիպուկահարները աշխատում էին հրաձգության ժամանակ գնդակով խոցել ընտրված զոհի ոտքերը: Երբ օգնություն ցույց տալու համար վիրավորին մոտենում էին նրա զինակիցները, նրանց էլ էին վիրավորում ոտքերից, իսկ հետո` մեթոդաբար ոչնչացնում:
– Ինչո՞ւ եք սա համարում հոգեբանական ներգործություն, մի՞թե դիպուկահարի սովորական «աշխատանք» չէ:
– Ո՛չ, որովհետև այս մեթոդն ամբողջովին հիմնված է մարդու հոգեբանության վրա. սոսկալի դժվար է դիմանալ այն բանին, որ մարտընկերդ ցավից գալարվում է, ոռնում, տնքում, իսկ դու նրան ոչնչով օգնել չես կարող: Սթափ դատողությունը հուշում է, որ մոտենալով` օգնել չես կարող, դեռ ինքդ էլ կհայտնվես նույն վիճակում, իսկ հոգեկան ապրումները, ընդհակառակը, մղում են առաջ:
– Եթե դիպուկահարը միանգամից սպաներ զոհին, ավելի հեշտ կլիներ սպասելը մինչև մութն ընկնի, և դիակը հանել:
– Այո՛. սպանվածը գոնե աչքիդ առաջ չի տանջվում:
– Հիմա հասկանալի է. բնականաբար, այդ ամենը զինծառայողների շրջանում անվստահության ու վախի զգացում կառաջացներ:
– Եւ առաջացնում էր, ինչն էլ ռազմական կառավարման մարմինների համար մարտական գործողությունների կազմակերպման գործում պրոբլեմներ էր ստեղծում: Ինչպես և հոգեբանական ներգործության համալիրի մյուս բաղադրիչները` դիվերսիաների կազմակերպումը, հանկարծակի հարձակումները, որոնք հանգեցնում էին խուճապի, մեծ թվով մարդկային զոհերի ու նյութական կորուստների:
– Իսկ ի՞նչն է անհատականը ներգործության ա՛յդ ձևերի մեջ:
– Այն, որ յուրաքանչյուր զինվոր, տեսնելով զինակցի մահը կամ անդամախեղումը, հասկանում էր, որ ինքը կարող էր լինել նրա տեղում, անմիջականորեն զգում էր «մահվան շունչը»: Եւ ամենակարևորը` հասկանում էր, որ մահը կարող է վրա հասնել միանգամայն անսպասելի:
– Այսինքն` այդ գործողություններն ունեին ոչ այնքան ռազմական, որքան` անձնակազմին վախեցնելու, ահաբեկելու նպատակ:
– Այո՛: Դուդաևյան մասնագետները մեծ տեղ էին հատկացնում ահաբեկչական գործողություններին. ճանապարհի առավել բանուկ տեղամասերում տեղադրվում էին տարբեր տեսակի ականներ (ական-թակարդներ, ական-անակնկալներ): Դա հնարավորություն էր տալիս «ընտրելու» անհրաժեշտ նշանակետ-զոհին, ինչը դաշնային զորքերի ստորաբաժանումների զինծառայողների շրջանում առաջացնում էր հոգեբանական ռեզոնանս:
– Ի՞նչ:
– Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր զինծառայողի ապրումները` վախը, տագնապը, շոկը, կարծես գումարվում, համադրվում էր մյուսի ապրումներին, և կատարվածի հոգեբանական ազդեցությունը բազմապատկվում էր, համակում բոլորին: Հաճախ դուդաևյան զինված կազմավորումները հմտորեն կիրառում էին պարտիզանական պայքարի այլ մեթոդներ, ինչը խիստ բացասական հոգեբանական ներգործություն էր ունենում դաշնային զորքերի վրա:
– Լավ, մի՞թե հնարավոր չէր դրա դեմն առնել:
– Իհարկե հնարավոր էր, բայց դաշնային զորքերի կողմից մարտական գործողությունների պատրաստման և վարման ընթացքում հակառակորդի հոգեբանական գործողություններին հակազդման գործընթացը համակարգված չէր: Հակառակորդի հոգեբանական գործողությունների կանխատեսումը, կանխարգելումը և չեզոքացումը, հետևանքների վերացումը դաշնային զորքերի հրամանատարության կողմից կատարվում էին ոչ արհեստավարժորեն, կռահողաբար և քաոսայնորեն:
– Օրինակ ինչպե՞ս:
– Օրինակ այսպես. մինչև թռիչքը գնդերից մեկի անձնակազմին (Մոսկվայի զինվորական օկրուգ) հայտարարեցին. «Թռչում եք Խաբարովսկ»: Մի քանի ժամ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոզդոկում, ապա գունդը ներգրավվեց մարտական գործողություններում, որոնց սկզբնական շրջանում գնդի անձնակազմի հոգեծին կորուստը 80 %-ից ավելի էր:
– Ի՞նչ է նշանակում հոգեծին կորուստ:
– Այսինքն` մարտունակության այն կորուստը, որը պայմանավորված է ոչ թե անձնակազմի զոհերով ու վիրավորներով, այլ` հոգեբանական պատճառներով` վախով, խուճապով, տագնապով, ապատիայով և այլն:
– «Հոգեծին կորուստը 80 %-ից ավելի էր»` նշանակում է, որ 100 զինվոր կորստից 80-ը չէր կռվում հոգեբանական պատճառներով, իսկ մնացած 20-ը` զոհված կամ վիրավոր լինելո՞ւ:
– Այո՛: Այլ կերպ ասած` չեչենական պատերազմում հոգեծին և ֆիզիկական կորուստների հարաբերակցությունը 80:20 էր: Համեմատության համար նշեմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոգեծին և ֆիզիկական կորուստների հարաբերակցությունը կազմել է 36:100, Լիբանանում պատերազմի ժամանակ իսրայելական բանակի առանձին ստորաբաժանումներում` 86:100, «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ անգլիական բանակի զինծառայողների հոգեծին կորուստները էապես գերազանցեցին ֆիզիկական կորուստները:
– Փաստորեն, չեչենական առաջին պատերազմի մարտական իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ «տեղեկութահոգեբանական ներգործությանը» հակազդման` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համակարգն ուներ լուրջ թերություններ: Եթե ամփոփելու լինենք, ի՞նչն էր նրանց թերությունը:
– Քարոզչության հայեցակարգի մշակումը, տեղեկատվական նյութերի պատրաստումը, լրագրողների հետ նպատակային աշխատանքը, զորքերում բարոյահոգեբանական մթնոլորտի գնահատումը և քարոզչական աշխատանքի համար հրահանգների մշակումը, բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորումը տեղեկութահոգեբանական (տեղեկութաքարոզչական) բնույթի այն խնդիրներն էին, որոնք միշտ չէ, որ իրենց արտացոլումն էին ստանում ռազմական կառավարման մարմինների գործունեության մեջ, ինչն էլ բարդացնում էր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի պատշաճ մակարդակի ապահովումը և մարտական խնդիրների կատարումը:
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ռազմական