ԶԻՆՎՈՐԻՆ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԴԱՐՁԱԾ ՄԱՅՈՐԸ
Մեծ մարտական ուղի է անցել 1978 թ. ծնված ճարտարցի Գուրգեն Դաշյանը։ 1995-1998 թթ. պարտադիր ժամկետային զինծառայության մեջ է եղել ՊԲ շարքերում, իսկ 1999 թվականից անցել է պայմանագրային ծառայության։
Գուրգենը` ընկերների ու հարազատների սիրելի Գուգոն, նաև Ապրիլյան քառօրյային է ակտիվ մասնակցություն ունեցել։
…Հրամանատարության խոսքով` մայոր Դաշյանը պատերազմի առաջին օրից է ցուցաբերել անձնական արիություն ու խիզախություն։ Նա մասնակցել է Ջրականի և Վարանդայի պաշտպանական մարտերին։ Վարանդայի պաշտպանության ժամանակ մայոր Դաշյանը կարողացել է ճշգրիտ ղեկավարել անձնակազմն ու զգալի կորուստներ պատճառել թշնամուն։
Գլխից վիրավորում ստացած, միևնույն է, շարունակել է հետ մղել թշնամու հրոսակախմբին՝ հրաժարվելով հոսպիտալ տեղափոխվելուց։
Ընկերներն ու նրան ճանաչողները մեծ հպարտությամբ են խոսում Գուրգենի հերոսական կյանքի մասին։ Ափսոսում ու ցավում են, որ նա չհասցրեց իր երկրային կյանքում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ… Գուրգենն ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին ու ընկերներին՝ ցույց տալով, որ կյանքը լիաթոք, բայց արժանապատվությամբ ապրելու համար է…
Այս վերջին պատերազմի ընթացքում մայոր Գուրգեն Դաշյանը ապացուցեց, որ իսկական առաջնորդը լինում է իր նման՝ թև ու թիկունք զինվորին, ուժի և հավատի անսպառ աղբյուր։ Նա իր զինվորներին մենակ չթողեց և իր բաժին արդար պայքարը մղեց ու…զոհվեց նոյեմբերի 1-ին` թշնամու դիպուկահարի կրակոցից։
2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահի հրամանագրով Գուրգեն Դաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր