Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ…



ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...Հերոս քաջորդի Գոռ Աբգարյանի անունով օրերս անվանակոչվեց Օշականի երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների դասարանը:

-Գոռը մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, դժվար է, անասելի դժվար աշակերտի մասին անցյալ ժամանակով խոսելը,- անհուն հուզմունքով նշում է երաժշտական դպրոցի տնօրեն Աշոտ Մաթոսյանը:- Հպարտանում ենք, որ այսպիսի հայրենանվեր տղաներ ունենք. արժանի լինենք նրանց նման քաջերի կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողի վրա ապրելու:

-Մեր դպրոցի հպարտությունն էր Գոռը, բոլոր միջոցառումներին, փառատոներին առաջնահերթ իր հետ էինք հույսեր կապում,- ինքն ապրում էր երաժշտությամբ,- ասում է Գոռի երաժշտության առաջին ուսուցիչ Աշոտ Ամիրբեկյանը:

Բնությունը շռայլորեն օժտել էր Գոռին, այնպես հոգեպարար, զգայական էր նվագում` շվի, թավ շվի, դուդուկ, բլուլ…. Փոքր տարիքում էլ նկարահանվել էր Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում:

Ֆիլմում հայտնվել էր շատ պատահականորեն. Ալբերտ Մկրտչյանը եւ Գուժ Մանուկյանը շրջում էին Օշականում ու նկարվելիք ֆիլմի համար համապատասխան տուն փնտրելիս նկատում են մի աշխույժ փոքրիկի՝ բակում խաղալիս. հնգամյա Գոռի անմիջականությունը գրավում է նրանց ուշադրությունը, մինչ այդ էլ ֆիլմի փոքրիկ դերակատարի ընտրության համար Գյումրիում կասթինգ էին արել, չէին գտել համապատասխան մեկին: Իրենց փնտրած կերպարն էր, մնում էր միայն ծնողների համաձայնությունը, եւ այսպես Գոռը դառնում է «կինոյի տղա»…

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...Ֆիլմը 90-ականների Արցախյան պատերազմի մասին էր, որտեղ արտացոլված էր ժամանակաշրջանն իր ողջ գունապնակով, իր անվերջ հակասություններով. կյանքը ծանր է Գյումրիում, սակայն քաղաքի բնակիչների դժվարին կյանքում կա և՛ տոկունություն, և՛ հիասթափություն: Մարդիկ գոյության պայքար են մղում, սպասում իրենց ամուսինների և որդիների վերադարձին, որոնցից շատերին զոհված են հետ բերում… Ի վերջո, հաղթահարվում են փորձությունները, և տղամարդիկ, թեև կորուստներով, բայց հաղթանակած վերադառնում են տուն….

-Գոռն իր տարիքի համեմատ շատ հասուն էր, պրոֆեսիոնալի պես էր խաղում, թեկուզ տասն անգամ նույն գործողությունը կրկնվեր, երբեք չէր տրտնջում,- հիշում է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Արմեն Սարգսյանը:- Առաջին ցուցադրության ավարտին բոլոր դերասանները պետք է բարձրանային բեմ՝ հանդիսատեսին ներկայանալու: Ես էլ Գոռի ձեռքը բռնած՝ շտապեցի բեմ, սակայն ընթացքում ինչ-որ պատճառով մի պահ հետաձգվեց մեր բեմ բարձրանալը: Փոքրիկին պատվիրեցի՝ ուրիշ տեղ չգնա, մինչեւ կվերադառնամ: Լարված օրվա շրջապտույտի մեջ մոռացա ասածս, ու երբ բոլորս արդեն բեմում էինք, նկատեցինք՝ Գոռը չկա… Ինքը նույն տեղում կանգնած՝ ինձ էր սպասել…

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...Հետո մեր մտերմությունը նրա ընտանիքի հետ շարունակվեց, իսկ երբ Գոռն արդեն Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում էր ուսանում, հաճախակի էինք հանդիպում, զրուցում տարբեր թեմաներից: Տաղանդավոր երիտասարդ էր, բազմաշնորհ: Բանակ գնալուց առաջ պայմանավորվեցինք՝ ծառայությունից վերադառնա, իմ ներկայացումներից մեկում պետք է անպայման նվագի, սակայն…

«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում Գոռը թուրքի երեխայի դերն է մարմնավորում ու զոհվում հենց թուրքի գնդակից: Պատերազմի դաշտում էլ զոհվեց թուրքի գնդակից…

***

-Երբ ավագ որդիս՝ Լեւոնը, ծառայում էր, հուլիսյան դեպքերը եղան,- պատմում է Գոռի մայրը՝ Մարիամը:- Անհանգստությունից տեղս չէի գտնում, երեք օր շարունակ լուր չունեի տղայիցս: Հոգեմաշ տագնապը պատել էր սիրտս, Գոռս անընդհատ ինձ հուսադրում էր. մի օր էլ, ինչ-որ գործով դուրս էի եկել, երբ վերադարձա, ասաց՝ Լեւոնն էր զանգել, ասում էր՝ մամային ասա՝ թող չնեղվի, կապը խափանվել էր, այդ պատճառով էլ չեմ կարողացել զանգել, երեկոյան, եթե հնարավոր լինի, անպայման կզանգեմ:

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...Երեկոյան Լեւոնս զանգեց, հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ էր միայն եղբորը զանգել, իսկ ինձ՝ ոչ: Զարմացած ասաց. «Մա՛մ ջան, հեռախոսները քանի օր է՝ հավաքել էին, հենց նոր են տվել, ու առաջինը քեզ եմ զանգում»:

Գոռս ուշադիր լսում էր մեր հեռախոսային զրույցն ու քթի տակ ժպտում:

Երբ արդեն Գոռը պետք է բանակ գնար, մի տեսակ ինքնամփոփ էր դարձել, չշփվող, տանը համարյա չէր մնում: Սրտնեղում էի՝ շուտով բանակ ես գնալու, գոնե տանը մի քիչ շատ մնա, ասում էր՝ աստիճանաբար սովորեցնում եմ, որ հետո հեշտ հարմարվեք, բացակայությունս ծանր չթվա… Երեւի սիրտը մի բան կանխազգացել էր, մի օր էլ ասաց՝ մա՛մ, գնալու եմ բանակ, ու պատերազմ սկսվի…

Հանգիստ կարող էր քոլեջից տարկետում վերցնել ու միառժամանակ չգնալ ծառայության, բայց վճռական էր տրամադրված՝ գնամ, շուտ ծառայեմ, գամ, ուսումս շարունակեմ, նպատակներս իրականացնեմ: Ինչքա՜ն ծրագրեր ուներ…

Պատերազմի ժամանակ Աբգարյանների երկու որդիներն էլ առաջնագծում էին, մեկը՝ «Եղնիկներում», մյուսը՝ Մատաղիսում: Լեւոնից զանգ չկար ու չկար, Գոռը երբեմն զանգում էր ու առաջին հարցը միշտ ավագ եղբոր մասին էր:

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...Լեւոնից լուր չկար, բայց մայրը հակառակն էր ասում. մեկմեկու խնայում էին՝ իրականությունը չներկայացնելով: Գոռն էլ իր մասին միշտ նույնն էր կրկնում. «Մի՛ մտահոգվեք, ապահով վայրում ենք, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում»:

Ու որքան էլ ջանում էր ուրախ-զվարթ երանգ հաղորդել խոսքին, միեւնույն է՝ մայրական սիրտը զգում էր ձայնի տխուր ելեւէջները՝ տղա՛ս, ձայնդ դուրս չի գալիս: Կարճում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ու շուտ անջատում…

Այնքան զուսպ էր, ոչ մեկին չէր ուզում նեղություն պատճառել, չէր պատմում իր ապրումները, գլխով անցածը, որ չցավեցնի հարազատների սիրտը…

Պատերազմի դաշտից, թեժ մարտերի արանքում ժամանակ էր գտել, զանգել, պապի ծնունդն էր շնորհավորել: Սիրում էր անակնկալներ մատուցել՝ դեռ դպրոցում, բուֆետի համար տրամադրված փողը կոպեկ-կոպեկ հավաքում էր ու փոքրիկ նվերներ անում հարազատներին:

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...-Գոռն անչափ բարի էր, նրբանկատ, ուշադիր, ի՜նչ հարգանքով, ակնածանքով էր մոտենում մեծերին, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր,- ասում է մանկության ընկերը՝ Ռազմիկը:- Երբ ինչ-որ տարաձայնություն էր ծագում ընկերների մեջ, ինքն աշխատում էր հարթել, բոլորին հաշտեցնում էր, խաղաղությունը պահպանում, իր կյանքն էլ նվիրեց հայրենիքի խաղաղությանը…

Խիզախ հայորդին զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ Շուշի- Կարմիր Շուկա հատվածում մղվող կռիվների ժամանակ՝ ձեռքի մեջ ամուր սեղմած խաչը, որ մինչ իր բանակ գնալը «Եղնիկներից» ուղարկել էր ավագ եղբայրը…

-Գոռը երկնքում է, Աստված պապիկի մոտ,- ասում է Գոռի կրտսեր եղբայրը՝ չորսուկեսամյա Աբգարը:

Աբգարն ամբողջ օրը եղբոր լուսանկարի հետ է զրուցում, մանրամասն պատմում օրվա ամբողջ անցուդարձը, խոսում երազանքներից՝ որոշել է զինվոր դառնալ, վրեժ լուծել թշնամուց…

Իսկ Գոռի ավագ եղբայրը՝ Լեւոնը, ծառայավայրում է, զինակից ընկերների հետ պահպանում-պաշտպանում է հայրենի եզերքը, որ սրտաչափ մնացած հողակտորի լուսաբացը խաղաղությամբ բացվի…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ընտանեկան արխիվից

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


15/04/2021