Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍ



ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍՈւսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:

 

Մերուժանը մանկուց փափագել և ձգտել է նմանվել Արցախյան ազատամարտի հերոս տղաներին:

-Իմ մանկության տարիներին լսում էի պատմություններ մեր հաղթանակների մասին, ուրախանում էի Շուշիի, Քարվաճառի ազատագրման գործողություններով և անասելի ոգևորություն ապրում: Երբ ասում էին՝ «Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու», պատասխանում էի՝ «Ֆիդայի»:

Երկամյա ժամկետային զինծառայության ընթացքում, իր որոշմանը հավատարիմ, Մերուժանը հենց ծառայության ընթացքում դիմել և ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քրտնաջան ուսանել և արժանացել է, իր բնորոշմամբ՝ ամենանվիրական՝ սպայական կոչմանը:

-Հասարակության մեջ գնահատված ու հարգված մասնագիտություն է զինվորականը,- ասում է կապիտանը,- և դու ինքդ էլ քեզ գնահատված ես զգում, լավ ես զգում, քանի որ քո Հայրենիքին ես ծառայում:

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍ Հետագա տարիներին Մերուժանն անձնական օրինակով ու բծախնդիր հետևողականությամբ ստանձնած առաքելության հանդեպ իր վերաբերմունքն ու մոտեցումը փոխանցում էր նաև ենթականերին:

-Ամեն դասաժամ սկսում էինք նրանից, որ սովորում էինք հակառակորդի դեմ կռվել և դրա արդյունքը տեսանք պատերազմի օրերին: Այժմ, պատերազմի ավարտից հետո, զինվորներս արդեն ավելի ու ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ են մոտենում այս պարապմունքներին:

Պատերազմի շատ ու շատ մասնակիցների նման Մերուժանն էլ չի սիրում պատմել այդ օրերի մասին։ Փոխարենը անդադար խոսում, անթաքույց հպարտանում է իր հետ և իր կողքին կռված զինվորներով:

-Զինվորներիս ոգին աննկարագրելի բարձր էր: Անգամ մարտական գործողությունների պահերին հումոր էին անում ու լիցքաթափում բարդ իրավիճակը:

Շարունակելով միտքը՝ Մերուժանը հավելում է. երբեք չի մոռանա, թե ինչպես էր վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ Խաչիկը, հոսպիտալ տեղափոխվելու երկրորդ օրն իսկ փախել հիվանդանոցից ու վերադարձել մարտադաշտ:

-Նման բաները մոռանալ հնարավոր չէ: Բեկորային վնասվածք էր ստացել… Իր աչքով տեսել էր՝ ինչ իրավիճակ էր, վտանգներն էր զգացել, բայց նորից հոսպիտալից շտապել էր առաջնագիծ՝ մեզ մոտ…

Ժամանակին զինվորի կյանքով ապրած, նրա հոգսերին ու մտորումներին ծանոթ կապիտանը հավաստում է.

-Մինչև պատերազմը ես միշտ ձգտել եմ իմ ստորաբաժանումում հաստատել այնպիսի մթնոլորտ, որ իմ ենթակաները անվերապահորեն վստահեն ինձ: Եվ մարտական գործողությունների ժամանակ այս փոխվստահությունն է՛լ ավելի ամրապնդվեց:

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍԿապիտան Ալիխանյանի մասին զրուցեցինք նաև զինվորների հետ: Հենց նրանց խոսքից էլ հասկացանք, թե որն է ծառայակիցների՝ Մերուժանի հանդեպ անթաքույց պատկառանքի գաղտնիքը:

-Պահ է եղել՝ անգամ իր մարմնով մեզ ծածկել է, փրկել մեր կյանքը,- ասում է շարքային Նաիրի Խաչատրյանը:- Մի օր «Սմերչի» հրետակոծության տակ հայտնվեցինք և միայն նրա հմտության և արհեստավարժության շնորհիվ փրկվեցինք:

-Նրա ճիշտ, ժամանակին ու գրագետ հրամանների շնորհիվ մենք պատերազմում ոչ մի զոհ չունեցանք: Պատերազմի ժամանակ նա մեզ ոգի տվողն էր,- հավելում է Վահե Կարապետյանը:

-Կյանքով ենք պարտական պարոն կապիտանին,- ընկերոջն է միանում Ազիզ Նիկողոսյանը:

Գնահատանքի նման խոսքերն, անշուշտ, շատ բան են ասում սրտացավ սպայի ու պարզապես հայրենանվեր հայորդու մասին:

Նույն ոգևորությամբ իր զինվորների մասին է խոսում Մերուժանը. «Ոչինչ, անգամ ժամանակը ունակ չէ կազմալուծելու պատերազմի մեջ թրծված ու կոփված մարտական ընկերությունը: Մեր այս տղաների արածը մոռանալ հնարավոր չէ: Միասին այդ բոլոր դժվար օրերով անցնելը, չքնելը, հերթապահելը, այս ամենը բոլորիս մի բռունցք է դարձրել»:

Պատերազմի դաշտում ցուցաբերած անձնազոհության ու խիզախության համար կապիտան Ալիխանյանը ներկայացվել է «Արիության» մեդալով պարգևատրման: Կապիտանն ամենակարևոր հաղթանակն ու ձեռքբերումը համարում է այն, որ պատերազմի միջով անցած իր մարտկոցի բոլոր զինվորները ողջ և առողջ վերադարձել են զորամաս, պատրաստ իր հետ միասին, նույն ոգով ու վճռականությամբ կրկին պաշտպանելու Հայրենիքը:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/04/2021