ՀԻՇԱՏԱԿԻ ԳՈՐԳ
-Լուսադեմի հանկարծակի, անսպասելի հարձակումից ադրբեջանաբնակ գյուղը դատարկվեց,- պատմում է Էդիկ Մարտիրոսյանը։ -Բնակչությունը՝ մեծ ու փոքր, բռնեցին սար բարձրացող ճանապարհը, որի մյուս կողմում նույնպես ադրբեջանաբնակ գյուղ կար։ Հրամանատարի կարգադրությամբ՝ դադար առանք գյուղում, որպեսզի խաղաղ բնակչությունը հանգիստ հեռանա։ Պարզ տեսանելի էին սարերի փեշերին իծաշարուկ փախչող գյուղացիները։ Կեսօրին մոտ էր, երբ արցախցի կինը որդու հետ, որոնք հարեւան հայկական գյուղից էին, գյուղ մտան ու քայլերն ուղղեցին շքեղ մի առանձնատուն։ Երբ ներս մտանք, նրանք պատից իջեցրել էին արցախյան գորգը, ու մայրն անձայն լալիս էր։ Մեզ տեսնելով՝ ձայնը բարձրացրեց ու շուռ տալով գորգը՝ ցույց տվեց։ «Էս մեր պատի գորգն է, խոխեքիս անունը հետեւին գրված է, նայե՛ք։ Մեր գյուղը թալանելուց էս էլ են տարել։ Ես գիտեի, որ էդ Ահմադի արածը կլինի, որովհետեւ առաջներում՝ մեր տանը հյուր եղած ժամանակ, տեսել էի, թե ոնց էր նայում գորգին։ Իսկ գորգն արդեն հիշատակ է, խոխեքիցս երկուսը զոհվել են»,- աչքերից արցունք թափելով՝ մղկտում էր հայ մայրը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր