Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ ՈՒՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ



Հարց. Արդեն մեկ տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ ԶՈՒ N զորամասում: Ծառայության ընթացքում զորամասի տարածքից արձակվել եմ մի քանի անգամ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է կարգավորվում զինծառայողներին զորամասի տարածքից ազատ արձակվելու կարգը, և ի՞նչ պարբերականությամբ զինծառայողները իրավունք ունեն արձակվելու զորամասի տարածքից:
ԱՐՏԱԿ, շարքային

Պատասխան. Սիրելի զինվոր, եթե քեզ վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը, ապա ինչպես դու, այնպես էլ բոլոր զինվորներն ու սերժանտները շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունեք: Սակայն արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:

«Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 246-րդ հոդվածով ամրագրված է, որ Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Իսկ առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո:

Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև ժամը 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը): Միաժամանակ, գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, Ձեր վաշտի հրամանատարը կարող է Ձեզ հարգելի պատճառով արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):

Հիշե՛ք, արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը պետք է կարգավորեն դասակների հրամանատարների տեղակալները:

Պետք է իմանալ նաև, որ հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:

Հիշատակված օրենքի 247-րդ հոդվածի համաձայն` արձակման թույլտվություն ստանալու համար Դուք պետք է դիմեք Ձեր անմիջական պետին: Դասակների հրամանատարների տեղակալների պարտականությունն է արձակման ցուցակները ներկայացնել վաշտի ավագին` վաշտի հրամանատարին զեկուցելու համար:

Զորամասի տեղակայման վայրից արձակվելու դեպքում Ձեզ մոտ պետք է լինեն Ձեր զինվորական գրքույկները: Նույն օրենքի 248-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Ձեզ տրված արձակման գրությունը ուժի մեջ է միայն Ձեր կայազորի սահմաններում:

Արձակումից վերադառնալուց հետո Դուք պարտավոր եք ներկայանալ գնդի հերթապահին և զեկուցել Ձեր վերադարձի մասին: Գնդի հերթապահն իր հերթին արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև անհրաժեշտ է ներկայանալ վաշտի հերթապահին, նրան հանձնել արձակման գրությունը և զեկուցել Ձեր անմիջական պետին:

Ինչ վերաբերում է բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) ծառայող զինվորների և սերժանտների արձակման խնդրին, ապա պետք է նշել, որ «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 251-րդ հոդվածով սահմանված է, որ բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) և այլ դեպքերում, երբ վերը նշված կարգով արձակումներն աննպատակահարմար են, զորամասի (առանձին ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգստյան օրերին կազմակերպվում են խմբային ուղևորություններ դեպի մերձակա խոշոր բնակավայրերը (քաղաքները):

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Սոցիալ-իրավական


30/11/2011