ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Նոյեմբերի 17-ին՝ Բուժծառայողի օրվա առթիվ, Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան N 77 դպրոցում կազմակերպել էին հրաշալի միջոցառում եւ հրավիրել Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի անձնակազմին։
Դպրոցի դահլիճում աշակերտները ոգեւորված ներկայացնում են ռազմական բժշկության պատմության կարեւորագույն դրվագները, նշում այդ ասպարեզի երախտավորներին, հատուկ ակնածանքով պատմում Արցախյան պատերազմի ժամանակ սխրանքներ գործած լեգենդար հերոս բժիշկների մասին, հիշում նրանց, ովքեր այսօր արդեն մեր կողքին չեն։
«Պատերազմը խառնեց բոլոր երազանքները, նպատակներն ու պլանները. մանկաբույժը, ատամնաբույժը, քիթ-կոկորդի բժիշկն ու տարբեր ուղղությամբ մասնագիտացած բժիշկները մեկեն դարձան զինվորական բժիշկներ եւ նրանց առջեւ, ի տարբերություն կռվող մարտիկների, դրվեց կրկնակի բարդ առաջադրանք՝ պաշտպանել հայրենիքը եւ պաշտպանել հայրենիքի զինվորի կյանքը։ Նրանք կռվեցին ե՛ւ թշնամու, ե՛ւ մահվան դեմ…
Այսօր էլ նրանցից շատերը շարքում են եւ շարունակում են իրենց մարդասիրական աշխատանքը՝ նրանց է վստահված հայրենիքի պաշտպանի առողջությունը։
Արցախյան պատերազմին մասնակցել են նաեւ Երեւանի կայազորային հոսպիտալի անձնակազմից՝ հոսպիտալի պետ փոխգնդապետ Հովիկ Դավթյանը, մայոր Միքայել Բայաթյանը…»:
-Անչափ ոգեւորված ենք,- ասում է Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի պետ փոխգնդապետ Հովիկ Դավթյանը,- իսկապես, այս երեխաները մեզ հաճելի անակնկալ մատուցեցին։ Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի կոլեկտիվին, հատկապես զինղեկ փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանին։ Չեմ կարող չխոստովանել՝ իրոք, հայրենասիրական դաստիարակությունն այս դպրոցում բավականին բարձր հիմքերի վրա է, վկայությունը` հաճախակի կազմակերպվող նմանատիպ միջոցառումները։
-Ամենամեծ նվերը Բուժծառայողի օրվա առիթով մեզ այս երեխաները պարգեւեցին,- ասում է Երեւանի կայազորային հոսպիտալի պետի` ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Միքայել Բայաթյանը։
-Ողջունելի է այս համագործակցությունը,- հավելում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Պետրոսյանը։ -Մեր աշակերտները շփվում են զինվորականների, զինվորական բժիշկների հետ եւ պատկերացում են կազմում զինվորական կյանքի մասին։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր դպրոցի առաջնահերթ խնդիրներից է։ Մենք ջանալու ենք է՛լ ավելի սերտացնել զինվորականների և երեխաների շփումները։ Օգտվելով առիթից` ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել բոլոր բուժծառայողներին. առողջ եղեք եւ առողջություն պարգեւեք։
Իսկ դահլիճում դեռ թնդում էր երաժշտությունը, պարում էին ե՛ւ դպրոցականները, ե՛ւ բժիշկները։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր