Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԲՈՂՋ ՃԱՐՏԱՐՆ ԷՐ ՍԳՈՒՄ…



ԱՄԲՈՂՋ ՃԱՐՏԱՐՆ ԷՐ ՍԳՈՒՄ...Հայրենիքին բազում հերոսներ տված Ճարտարը սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Աղաջանյանների օջախի միակ զավակին՝ Արմանին ճամփեց ռազմաճակատ:

Հիմա տան լույսը մարել է. մայրն ընդհանրապես չի համակերպվում կատարվածի հետ, իր Արման որդուն է ուզում, ամեն օր, ամեն օր…

Դպրոցն ավարտելուց հետո Արման Աղաջանյանն ընդունվել է ԱրՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին։Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Ծառայության ընթացքում նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում։

«Մա՛մ, արխային, մունք ուժեղ ընք, մունք հաղթըլանք, լաց չինիս». պատերազմի օրերին իր մորն այսպես էր սփոփում 19-ամյա կենսախինդ, համեստ ու քաջարի Արմանը։ Մոր սիրտը լի էր տագնապներով, բայց և համոզում ուներ, որ որդին անպայման տուն է գալու… հաղթանակա՛ծ է տուն գալու:

… Եկավ փաթաթված Եռագույնի մեջ։

Դեռ դասընկերների հուշերում չէ, այլ նրանց աչքերի առաջ է Արմանը։ Երբ հավաքվում են` իսկույն պատմություններ են հիշում, մեծ ոգևորությամբ պատմում, աջ ու ձախ են նայում՝ Արմանն ո՞ւր է… բայց չեն գտնում։

«Վերջին զանգի սկավառակն էի ուզում դիտել։ Սկզբի մասում մեր նկարներն էին, նայեցի։ Առաջ եմ տալիս, որ գեղարվեստական մասը նայեմ։ Արդեն սկսվել է միջոցառումը, դասղեկը բոլորին բեմ է հրավիրում…Պողոսյան Հրանուշ, Աղաջանյան Արման… Իսկույն անջատեցի տեսանյութը»,- հուզված ասում է դասընկերուհին՝ Շուշանը։

2020 թ. հոկտեմբերի 23-ին Ավանում հրետանավոր, կրտսեր սերժանտ Արման Աղաջանյանը իր ծառայակից ընկերների հետ հակառակորդի օդուժի ռմբահարումից էր մահացու վիրավորում ստացել:

Ամբողջ Ճարտարը՝ մեծով-փոքրով, սգում էր հարազատ որդու կորուստը։

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ճակատագրեր


22/04/2021