ՔԱՋ ՈՒ ՀԱՄԱՐՁԱԿ ԷՐ ԵՂԲԱՅՐԸ
Ռոման Սահակյանի պատանեկությունն անցել է ազատագրված ու վերստին հայացած Ծաղկաբերդ գյուղում։ Քաջորդին ծնվել է Գորիս քաղաքում, 1986 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սկզբնական կրթությունն ստացել է Գորիսում, այնուհետև Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որը կոչվում էր հայ քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի անունով։ Ծաղկաբերդը 1993 թ. օգոստոսին ազատագրվել է և վերաբնակեցվել մեկ տարի անց։ Դպրոցի բակում կանգնեցված էր խաչքար-հուշակոթող՝ ի հիշատակ գյուղի համար 1992-93 թթ. ազատագրական մարտերում զոհված քաջորդիների, այդ թվում՝ «Նիկոլ Դուման» ջոկատի զոհված տղաների։ Գյուղի մոտակայքում էր նաեւ Ազատամարտիկների աղբյուրը՝ գետի ափին։ Այս ամենը մեծ ազդեցություն էին թողել ծաղկաբերդցի պատանիների ու երիտասարդների վրա, և նրանք հասակ էին առնում՝ պատրաստ հայրենիքի զինվոր դառնալու։
Դպրոցն ավարտելուց հետո Ռոմանը զորակոչվել է Հայոց բանակ, 2004-2006 թթ. ծառայել է Սիսիանում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժին։ Մինչ Արցախյան վերջին պատերազմը Ռոմանը ծառայում էր հատուկ նշանակության զորամասում։ Տիրապետել է ռուսերենին, անգլերենին, նաև՝ ադրբեջաներենին։ 2014 թ. Բելառուսում մասնակցել է զորավարժությունների՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը։ Աչքի ընկել արհեստավարժությամբ, կարգապահությամբ։ Բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, ԱՀ նախագահի կողմից անվանական զենքով։ Պարգևների է արժանացել նաև ժամկետային զինծառայության ընթացքում։ Ամուսնացել էր 2012 թվականին, ուներ 2 զավակ։ Դուստրը՝ Լիլիթը, 2 տարեկան է, որդին՝ Արսենը՝ 8 ամսական։
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերին ստացանք լուր, որ շրջանի կամավորների, պահեստազորայինների, ժամկետային ու պայմանագրային զինծառայողների շարքերում զոհեր ու անհայտ կորածներ կան… Ռոմանը Թալիշում էր: Երրորդ օրը գուժեցին նրա մահը… Հերոսին հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նույն օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 29-ին, Ծաղկաբերդ գյուղից նահատակվել է նաև 1996 թ. հունիսի 22-ին ծնված Գոռ Հարությունյանը։
Ըստ ընկերների պատմածի՝ դիրքերում տղերքը զենք-զինամթերքի կարիք են ունեցել, և հետախույզ Ռոմանը փորձել է օգնության հասնել ընկերներին. երկու զինակիցների հետ դուրս է եկել հենակետի կացարանից, որ հասնի դիտակետ։ Հայտնվել է թշնամու անօդաչու թռչող սարքը և արկակոծել տղերքին։ Ընկերը՝ Ռոբերտը, որի դասակի համար զենք պետք է տաներ Ռոմանը, իմանալով ընկերոջ վիրավորվելու մասին, վազքով շտապել է օգնության, սակայն տեղ չի հասել. թշնամու տանկից արձակած արկը շատ մոտ է պայթել…
Քույրը՝ Սվետլանան, հուզված ու կարոտով է հիշում եղբորը… Եվ հպարտ է, որ ունեցել է քաջ, համարձակ, հայրենասեր ու իր գործին նվիրված եղբայր:
Ռոմանի մանկության ընկերը՝ Գարիկ Ալոյանը, որը նույնպես վերջին պատերազմի մասնակից է, ցավով է տանում իրենից մի քանի տարով կրտսեր ընկերոջ կորուստը։ «Նույն դպրոցում էինք սովորում, և բոլորս ընկերություն էինք անում։ Ցանկացած հարցով աջակցում էր ընկերներին, բոլորին հասնում էր Ռոմանը։ Ծաղկաբերդի ու մոտակա գյուղերի բոլոր բնակիչները նրան լավ էին ճանաչում ու շատ սիրում էին»,- ասում է Գարիկը։
Այդպես էլ եղավ նաև մարտադաշտում. Ռոմանը զոհվեց դիրքապահ ընկերներին օգնության հասնելիս…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ճակատագրեր