ՀԱՅ ԶՈՐԱՎԱՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԻՑ
1930-ականների վերջերին Համազասպ Բաբաջանյանը ծառայում էր Լենինգրադի ռազմական օկրուգի շտաբում։ Բաբաջանյանին Լենինգրադի կայազորում գնահատում էին, քանի որ ավարտել էր Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան և կադրային ու կարգապահ սպա էր։ Նա ընտանիք էր կազմել, աղջիկը Լենինգրադում դպրոց էր հաճախում։ Մեկ ուրիշը նման պայմանները դժվար թե թողներ և ԽՍՀՄ Հյուսիսային մայրաքաղաքը փոխեր հեռավոր մի զորամասի հետ։ Բայց Բաբաջանյանը չարդախլեցի էր։ Լենինգրադի հարմարավետ կյանքն իր համար չէր, երբ Եվրոպայում արդեն կռիվներ էին։ Նա դիմում դիմումի հետևից էր գրում՝ պահանջելով իրեն ազատել քաղաքում շտաբային ծառայությունից և նշանակել մարտական ստորաբաժանման հրամանատար։ 1941 թ. սկզբին, բազմաթիվ մերժումներից հետո, խնդրանքը բավարարվեց։ Լենինգրադում թողնելով ընտանիքը՝ նա միայնակ մեկնեց Հյուսիսային Կովկաս, քանի որ այնտեղ լեռնային բնակավայրերից մեկում իր հրամանատարության տակ դրել էին մի գունդ։ Բաբաջանյանի կենսագրության մեջ նման՝ հետաքրքրության արժանի, բայց պակաս հայտնի դրվագները քիչ չեն։
1941 թ. հունիսյան վերջին խաղաղ օրերն էին։ Համազասպ Բաբաջանյանի գունդը Կովկասից 19-րդ բանակի կազմում փոխադրվել էր Կիև։ Ուշագրավ է, որ Կիևում էր ծառայում նույնպես չարդախլեցի Հովհաննես Բաղրամյանը, որն այդ պահին Կիևյան հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ վարչության պետն էր՝ գնդապետի կոչումով։ Բայց այդ նույն օրը Բաղրամյանը պետք է լքեր Կիևը, քանի որ օկրուգի հրամանատարական կետը փոխադրում էին պետական սահմանին ավելի մոտ գտնվող Տերնոպոլ։ Երկու բարեկամների հանդիպումը տեղի չունեցավ բառացիորեն մի քանի ժամվա տարբերության պատճառով։
1941 թ. հունիսի 23-ին Բաբաջանյանը Կիևում պայմանավորվել էր հանդիպել ոմն գնդապետ Ռուսակովի հետ և մինչ հանդիպումը մի փոքր ազատ ժամանակ ուներ, ուստի որոշեց շրջել մոտակա հիվանդանոցի տարածքում։ Հոսպիտալի կանայք, բազմիցս լսած լինելով գերմանացիների կողմից դիվերսանտներ ուղարկելու մասին, տեսնելով քաղաքացիական հագուստով, անսովոր արտաքինով ու սպայի կեցվածքով տղամարդուն, սկսեցին զգուշանալ։ Որոշ ժամանակ հետևելով տարածքում քայլող Բաբաջանյանին՝ բուժքույրերը ահազանգեցին միլիցիա։ Քիչ անց նրանք օրինապահի հետ մոտեցան և օղակի մեջ առան Բաբաջանյանին։
-Ինչո՞ւ եք այստեղ քայլում,- հարցրեց միլիցիոները։
-Ի՞նչ է, արգելված գոտի՞ է,- հարցին հարցով պատասխանեց Բաբաջանյանը։
-Ձեր անձնագիրը տեսնեմ,- հակադարձեց միլիցիոները։
-Ես անձնագիր չեմ պահում, ես զին…,- խոսքը չավարտած՝ բուժքույրերը աղմուկով հարձակվեցին նրա վրա և «գերմանական լրտես» գոչելով, սկսեցին հարվածել։ Բաբաջանյանը հուշերում գրում է, որ կանանց չդադարող հարվածներից պատռվեցին հագուստները, դեմքն արյունոտվեց։ Զգում էր, որ այդ անհեթեթ վիճակում շուտով կարող է և ուշագնաց լինել։
-Ի՞նչ է այստեղ կատարվում,- հանկարծակի լսեց նա. խմբին մոտեցել էին զինվորական պարեկները։ Բաբաջանյանը գրպանից հանեց և անխոս նրանց մեկնեց զինվորականի փաստաթուղթը։ Պարեկը զննելով այն՝ ձգվեց ու պատվի առավ։
-Մայոր Բաբաջանյան, ի՞նչ է պատահել,- հարցրեց նա։
Ըստ մեր հայրենակցի՝ ակնթարթ անց կանայք և միլիցիոները չքվել էին։
1942 թ. մարտին Կարմիր բանակը փորձում էր հակագրոհներ կազմակերպել։Այդ ժամանակ 56-րդ բանակի գնդերից մեկի հրամանատար, արդեն փոխգնդապետ Համազասպ Բաբաջանյանը բանակի հրամանատար, գեներալ Ցիգանովին փորձում էր բացատրել, որ նախապատրաստական աշխատանքները պատշաճ չեն կատարվում, և գերմանացիների՝ Ազովից Դոնբաս ձգվող շատ լավ ամրացված Միուսի գծի ուղղությամբ անբավարար ուժերով գրոհները նպատակահարմար չեն։ Ցիգանովը չանսած գնդի հրամանատար Բաբաջանյանի խորհուրդներին, և գրոհները մնում էին անարդյունք։ Իրավիճակին ծանոթանալու համար Կարմիր բանակի հրամանատարությունը այստեղ գործուղեց քաղաքական հարցերով կոմիսարի, որը եկավ Բաբաջանյանի տեղակայման վայր։
-Լեոնիդ Բրեժնև,- ներկայացավ կոմիսարը, – իսկ դուք, ընկեր Բաբաջանյան, ենթադրում եմ, որ Կովկասից եք։ Իսկ ավելի հստակ՝ Հայաստանից, թե՞ Ադրբեջանից։
– Ե՛վ Հայաստանից, և՛ Ադրբեջանից,- պատասխանեց Բաբաջանյանը։
-Հետաքրքիր է,- ասաց քաղկոմիսարը,- կմանրամասնե՞ք։
Եվ հայ զինվորականը նրան սկսեց պատմել Չարդախլուի ու Ղարաբաղի մասին։
Այս դրվագը Համազասպ Բաբաջանյանը ներկայացրել է 1972 թ. հրատարակված իր հուշերի գրքում, երբ ինքը ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալն էր, իսկ նախկին քաղկոմիսարը ղեկավարում էր ամբողջ պետությունը։ Մարշալ Բաբաջանյանը փոքր-ինչ ռիսկի էր դիմել՝ բացեիբաց հիշեցնելով երկրի ղեկավարի հետ նուրբ թեմայով քննարկումների մասին։ Բայց պատերազմում խիզախության անհաշիվ օրինակներ ցուցաբերած Բաբաջանյանը կամ «Սև հովազը», ինչպես նրան կոչում էին գերմանացիները, ընդհանրապես չգիտեր, թե վախն ինչ է։
Երբ 1943 թ. Կուրսկի աղեղի հայտնի կռիվներն էին, արդեն գնդապետ Բաբաջանյանը ոտքից վիրավորում ստացավ։ Բայց թաքցնելով վիրավորումը՝ շարունակում էր մարտեր վարել, գերմանական տանկեր խփել, մինչև որ կորպուսի հրամանատար Կրիվոշեինին տեղեկացրին այդ մասին։ Նա Բաբաջանյանին կանչեց իր բլինդաժ, անձամբ քննեց բժիշկի հետ ու հրամայեց անմիջապես հոսպիտալացնել։
Հոսպիտալ ասածը մի կնոջ տնակ էր։ Ուկրաինուհին էլ առաջին հայացքից սիրահարվեց Բաբաջանյանի հանձնակատար Ալեքսեյ Կարպենկոյին։ Հարմարավետ տնակում և ջերմ միջավայրում Կուրսկի աղեղի կռիվների ավարտին սպասելը կրկին Բաբաջանյանի համար չէր. մի քանի օր դիմանալուց հետո նա հանձնակատարին կանչեց իր մոտ.
-Լյո՛շա, գնա՛ այդ աղջկանից դանակ բեր,- ասաց Սև հովազը։
-Բայց ինչո՞ւ,- կասկածանքով հարցրեց Ալեքսեյը։
-Բեր ու կտրիր գիպսը։ Մենք փախչում ենք այստեղից։ Սա հրաման է, հայտարարեց Բաբաջանյանը։ Քիչ անց նրանք «Վիլիսով» սլացան մարտադաշտ: Հենց այդ օրերին էր, որ նրան այցելեց գեներալ Կատուկովն ու անձամբ շնորհակալություն հայտնեց սխրագործության համար։ Բանն այն է, որ երբ Պրոխորովկային կից Բաբաջանյանի շտաբի մոտակայքում երևացել էին գերմանական տանկերը, հայ գնդապետը, ապահով վայր քաշվելու փոխարեն, վերցրել էր նռնակներն ու առաջ նետվելով՝ պայթեցրել էր տանկը։
-Ձեր խիզախությունների մասին շատ եմ լսել,- Բաբաջանյանին ասաց Կատուկովը, ի դեպ, այս ամենի մասին նշված է նաև Կատուկովի հուշերում։ Նույն Կատուկովն էր, որ Բեռլինի մատույցներում գործած սխրանքների համար Համազասպ Բաբաջանյանին ներկայացրեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման (առաջինը նա ստացել էր 1944-ին)։ Վերևներում մերժեցին՝ բավարարվելով Բաբաջանյանին միայն Սուվորովի շքանշանով պարգևատրելով։ Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց. Համազասպ Բաբաջանյանը թեև չդարձավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, սակայն դարձավ ԽՍՀՄ ամբողջ զրահատանկային զորքերի հրամանատար և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։ Խորհրդային Միության պատմության ամբողջ ընթացքում միայն երկու զինվորական է ստացել զրահատանկային ուժերի գլխավոր մարշալի կոչում, որոնցից մեկը մեր հայրենակիցն է։
ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱՄՆ
Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Պատմության էջերից