ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Նիկոլայ Գրիգորյանը բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է՝ ծնունդով Ստեփանակերտից: Նիկոլայի հայրն ու մայրը զինվորականներ են, և մանկուց Նիկոլայի համար սովորական ու միևնույն ժամանակ հոգեհարազատ է դարձել զինվորականի հանդերձանքը: -Երբ փոքր էի, մտածում էի, թե դա մեր ընտանեկան ավանդական հագուստն է, և շատ էի սիրում ու որոշել էի, երբ մեծանամ, ես էլ կունենամ իմը,- ասում է Նիկոլայը:
Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ նա ընտրեց զինվորականի ուղին. միայն թե՝ որոշել էր, որ Հայրենիքի պաշտպանի առաքելությանը զուգահեռ ուսումնասիրելու է նաև ամենամարդասիրական մասնագիտությունը՝ բժշկությունը:
-Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, որոշեցի, որ պետք է զինվորական դառնամ: Իսկ ինչու՝ ռազմական բժիշկ, այդ էլ պայմանավորված էր մարդկային կյանքեր փրկելու և առհասարակ մարդկանց օգնելու ձգտումով: Անկեղծ ասած՝ ծնողներս դեմ էին որոշմանս և իրենց դեմ լինելը հիմնավորում էին, ասելով. «Զինվորական՝ գումարած բժշկի մասնագիտություն, տղա՛ս, դու տան երեսը ընդհանրապես չես տեսնի…»,- անկեղծանում է ապագա վիրաբույժը:
Նիկոլային ոչինչ հեշտ չի տրվել: Մասնագիտական ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ եղել են, բայց ամեն ինչ պատվով է հաղթահարել:
Երկու համազգեստ՝ բժշկի ու զինվորականի, երկու երդում՝ Հիպոկրատի ու զինվորի, երկու մասնագիտություն. 21-ամյա երիտասարդը համոզված է, որ մեկը մյուսին երբևէ չի խանգարելու.
-Բժիշկը երդվում է կյանքեր փրկել, մարդկանց առողջություն պարգևել, իսկ զինվորականը երդվում է անմնացորդ նվիրումով ծառայել Հայրենիքին…
Նիկոլայը բազմաթիվ երիտասարդ բժիշկների նման սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնեց Արցախ:
-Հայրս զանգեց ու ասաց. «Շուտ արի, դու էստեղ պետք ես…»։
Նիկոլայի կյանքի կարգախոսը Նժդեհի խոսքերն են. «Իմ հոգին երկու հենարան ունի՝ Աստված ու Հայրենիք»:
-Մինչև մեկնելս գնացի եկեղեցի՝ հաղորդություն ստանալու, քահանային խնդրեցի, որ օրհնի ճանապարհս ու նպատակս:
Նիկոլայը Ստեփանակերտի հոսպիտալում ավագ գործընկերների հետ քառասունչորս օր կենաց-մահու կռիվ է տվել։ Նա ոչ միայն մասնակցել է վիրահատություններին, այլև ամենաթեժ կետերից տարհանել է վիրավոր զինվորների, իսկ բերդաքաղաք Շուշիից վիրավորների տարհանմանը մասնակցելու համար արժանացել է «Արիության համար» մեդալի։
-Մեր կյանքը քառասունչորս օր, ամեն ժամ, ամեն վայրկյան վտանգված էր, ինչպես ասում են՝ մազից կախված: Առանց չափազանցության, եղել ենք կյանքի ու մահվան սահմանաբերանին: Հայտնվել եմ այնպիսի իրավիճակներում, որ հիմա չեմ հավատում, թե ինչպես եմ ողջ մնացել,- ասում է Նիկոլայը:
-Պատերազմի ավարտը, բացի հուսահատությունից, ոգևորելու և ոգևորվելու ոչ մի առիթ չտվեց: Բայց ես իմ մեջ ուժ գտա ու փորձում եմ առաջ շարժվել։ Այժմ ամեն օր կրակային պատրաստության դասերի եմ մասնակցում, նաև ադրբեջաներեն սովորում՝ թշնամու լեզուն պետք է լավ իմանաս: Ես, ինչպես շատերը, ծարավ եմ հաղթանակի և վստահ եմ, որ հասնելու ենք հաղթանակի, ու ես լինելու եմ բաղձալի հաղթանակը կերտողներից մեկը։
… Զոհված մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով արեցին անհնարինը: Այսօր էլ մենք՝ ողջերս, կրկնապատկված, եռապատկված, քառապատկված ուժով ու եռանդով պետք է գործենք՝ հանուն մեր զոհված եղբայրների, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ լուսավոր ու պայծառ ապագայի…
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Բանակ և հասարակություն