ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՊՐԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ…
Նվիրում եմ ՍԱՄԱԴ ՍԼՈՅԱՆԻ հիշատակին
Իմ ազգը վաղուց է Հայաստան եկել, երկար տարիներ այստեղ ենք ապրել ու ստեղծել ենք մեր պատմությունը։ Եվ ինչպես մերոնք են ասում՝ չենք փոշմանել, որ եկել ու բնակություն ենք հաստատել Հայաստանում։
Ուսուցիչներս ասում էին, թե մեր գյուղի դպրոցում շատ քիչ են ինձ նման լավ սովորող աշակերտներ եղել։
Բազում հայ ընկերներ եմ ունեցել դպրոցում և նրանից դուրս։ Մայրս էլ հայերի հանդեպ հարգանք ու սեր է դաստիարակել իմ մեջ մանկությունից։
Մի օր ուսուցիչը մեզ հանձնարարեց գրել մի փոքրիկ պատմություն մեր հայրենիքի մասին։ Ինձ համար հեշտ չէր այդպիսի պատմություն գրելը, քանզի ես ապրում եմ Հայոց աշխարհում և այն համարում եմ իմ հայրենիքը, սակայն երազում էի ունենալ իմ երկիրը՝ եզդիների իմ հայրենիքը։
Դպրոցից տուն վերադառնալուց հետո իմ մտքից դուրս չէր գալիս այդ հանձնարարությունը։ Շատ մտածելուց հետո կողմնորոշվեցի ու սկսեցի գրել…
Հաջորդ օրը մայրս ինձ արթնացնել չհասցրեց, ես արագորեն վեր կացա, հագնվեցի ու վազեցի դպրոց։ Անհամբեր էի, ցանկանում էի շտապ կարդալ գրածս տողերը։
Երբ արդեն սկսեցի կարդալ, մի պահ փոքր-ինչ երկմտեցի. արդյոք ճի՞շտ եմ արել, որ շարադրության մեջ հայրենիքս Հայաստանն եմ համարել։
Սակայն բոլորն ուրախությամբ ունկնդրեցին պատմությունս և ոգևորեցին ինձ՝ ասելով, թե անչափ ուրախ են, որ ես իրենց հետ եմ սովորում։
Ես ոչ միայն իմ ազգակից ու հայ ընկերներիս էի սիրում, այլև մեծից փոքր մեր բոլոր հարևաններին և հաճախ պատահաբար լսել եմ, թե ինչպես են մեր փողոցի ծերունիները ծնողներիս գովասանքի խոսքեր ասում իմ մասին և նաև ծնողներիս տված դաստիարակությամբ էին հիանում։
Երբ շուտով զորակոչվելու էի, ծնողներս փորձում էին ամեն կերպ ետ պահել ինձ ծառայությունից։ Ծնողներիս հետ իմ կյանքի առաջին լուրջ բախումները այդ ժամանակ եղան։ Սկսեցի ընդդիմանալ նրանց, բացատրել, որ ես ինձ վերջին սրիկան կզգամ, եթե տարիների խաղաղ կյանքի դիմաց, որը մեր ավագ հայ եղբայրներն էին ապահովել, այսօր փախուստս լինի պատասխանը։ Ես ինձ վերջին վախկոտն էի համարելու դրանից հետո։ Իմ այդ քայլով ոտնակոխ էի անելու արժանապատվությունս։
Իմ ըմբոստությունը իր արդյունքը տվեց։ Ամիսներ անցան, և ես արդեն հայրենիքս պաշտպանող Հայոց բանակի զինվորներից մեկն էի լինելու։
Մեկնելուց առաջ սենյակս էի կարգի բերում, իրերս էի դասավորում եւ հանկարծ պատառոտված թղթի մի կտոր գտա։ Կարդալու փորձ արեցի եւ այս տողերը միայն կարողացա վերծանել. «Ես հայ չեմ, սակայն հպարտ եմ, որ ճակատագիրը ինձ հայերի հետ է կապել, ու ես ապրում եմ նրանց հետ։ Նրանք մեզ հայրենիք են տվել։ Եվ ես՝ իննամյա Սամադս, գիտեմ, որ մի օր իմ եզդի ու հայ եղբայրների հետ պիտի գնամ պաշտպանելու այն հողը, որ ինձ ծնեց եւ սնեց»։
Թղթի այդ պատառիկը ուրախության անբացատրելի վայրկյաններ պատճառեց ինձ, աշակերտական շարադրությունից մնացած այդ նշխարը գտնելով՝ մանկությանս թանկագին մի կտոր նորից վերապրեցի։
Անցա ծառայության, նոր՝ բանակային ընկերներ ձեռք բերեցի, կյանքս ևս նոր իմաստ ձեռք բերեց։
Աշնան մի գիշեր էր, «տագնապ» հայտարարվեց։ Ժամեր հետո տեղեկություն ստացանք, որ մեզ պիտի տեղափոխեն սահման. պատերազմ է։
Զանգահարեցի մորս, չասացի, որ պիտի տանեն սահման։ Զվարթ խոսեցի նրա հետ եւ ընկերներիս մոտ վերադարձա։
Տեսանյութեր շատ եմ դիտել պատերազմի մասին, սակայն իրական պատերազմն այլ է։ Այստեղ կանգնած՝ դու գիտակցում ես, որ մեկ վայրկյանը կարող է ջնջել կյանքդ ու խլել քեզ քո հարազատներից։ Առաջնագծում աչքերիս առջևով անցնում էր ապրածս ամեն րոպեն։ Ես վստահորեն գիտակցում էի, որ եթե Աստված այս հողի համար մեռնելու պիտի արժանացնի ինձ, թող մեռնեմ, քանի որ Նա արժանի արեց ինձ այս հողի վրա ապրելուն։
Այս մտորումներիս պահին հրթիռի ուժգին մի հարված եղավ։ Առաջին հարվածից կորցրի աջ ոտքս։ Ոչ ոք չիմացավ այդ մասին, ու մեկ ոտք ունենալու իրողությունը չէր վշտացնում ինձ, ոչ էլ վհատվում էի. պիտի կռվեի մինչև վերջին շունչս:
Մի քանի օր անց ծնողներս հիվանդանոց էին եկել՝ իրենց զավակին տեսնելու, եւ միայն այն ժամանակ իմացան, որ երկու ոտքս էլ կորցրել եմ։
Անցել էր մեկ շաբաթ։ Բժիշկները վիճակս ծանրացող էին գնահատում եւ ամեն ինչ անում էին ինձ փրկելու համար։
Ես վստահությունս ու հպարտությունս չէի կորցրել, թեև զգում էի, որ տարբերակ չկա, եւ վերջը վատ է լինելու…Ինձ այցելած եղբորս դիմեցի վերջին խնդրանքով.
– Մի բան պիտի խնդրեմ քեզ։
– Սամա՛դ, ինչ էլ ուզես, կանեմ քեզ համար, միայն թե՝ դու լավ լինես։
– Մորս ծաղիկներ նվիրի՛ր…
Սամադն այլևս չբացեց աչքերը։ Եվ Սամադի հետ այդ օրերին հազարավոր աչքեր գոցվեցին…Երանի՜ նրանց աչքերին, որ չեն տեսել այդպիսի դաժանություն։
Շնորհակալ ենք եզդի մեր եղբայրներին՝ նրանց նվիրական գործի ու մշտապես մեր կողքին լինելու համար։
ԼԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայ մտքի դպրոց» հայագիտական
կենտրոնի նախկին սան
Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ճակատագրեր