Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՅԱԼԸ



ՆՎԻՐՅԱԼԸԱրդարամիտ, պարզ ու շիտակ, լույս տղա էր, բոլորին օգնության ձեռք մեկնելու պատրաստ, երբեք ոչ մեկի չէր մերժի, օրվա որ ժամին էլ լիներ, կշտապեր օգնության, քայլող բարություն էր. այսպես են բնութագրում վերջին պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Գափոյանին ճանաչողները:

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղից է Գարիկը, ինքն իրենց գյուղը շատ էր սիրում, մի քանի անգամ աշխատանքի նպատակով եղել էր Ռուսաստանում, բայց միշտ էլ շտապել էր վերադառնալ: Ասում էր՝ աշխարհում Կարմիրգյուղից լավ տեղ չկա, հարազատ շենից էլ դուրս երջանկություն չկա. ստեղծենք, արարենք հայրենի եզերքում: Ընկերոջ հետ եվրապատուհանների արտադրամաս էր հիմնել, ու իրենց գործն էին անում:

Կյանքն ընթանում էր իր սովորական, առօրյա հունով, ամուսնացավ, ընտանիք կազմեց, արու զավակ ունեցավ: Կենսուրախ էր Գարիկը, հումորը՝ անսպառ, տրամադրություն ստեղծող էր. մեկ- մեկ մի հազար դրամ կդներ սեղանին ու կատակով կզգուշացներ. «Ափեղ, ցփեղ, անիմաստ չծախսեք, հա»:

Գարիկը հոգատար ամուսին էր, ծնողապաշտ զավակ, իսկ որդին՝ Գոռը, իր ամբողջ աշխարհն էր: Փոքրիկ Գոռը ամբողջ օրը չարաճճիություններ էր անում, խաղալիք զենքերով տունը իսկական մարտադաշտի վերածում, բայց երբ հայրը գալիս էր աշխատանքից, փարվում էր հորն ու մնացած ամբողջ օրն այդպես խելոք ու խաղաղ անցկացնում, կարծես քիչ առաջվա չարաճճին ինքը չէր…Օջախի ամեն անկյունից երջանկություն ու ջերմություն էր կաթում…

Սակայն պատերազմը խաթարեց կյանքի բնականոն ռիթմը, պատերազմը մտավ տուն ու շեն, ավերեց տները, ավերակեց մարդկանց սրտերը..

Գարիկն էլ գնաց առաջնագիծ. չէր կարող հանգիստ սրտով նստել, երբ վտանգված էր հային հայ պահող ափաչափ մնացած հողակտորի խաղաղությունը: Որքան էլ կինը, ծնողները փորձեցին ընդդիմանալ, հետ պահել, չկարողացան:

-Գարիկը գերազանց էր սովորում, դեռ դպրոցական տարիներից պատմական գրքեր էր սիրում ընթերցել, հետո միասին քննարկում էինք հերոսներին, գրականություն էլ էր շատ սիրում, Սեւակի պոեզիան պաշտում էր, երբեմն արտասանում.

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը….

ՆՎԻՐՅԱԼԸ-Սեւակի այս բանաստեղծությունն, ասես, իր ապրելու բանաձեւն էր, իր հավատամքը,- անցյալում մնացած լուսե հիշողություններն է մեկիկ-մեկիկ մտաբերում մայրն ու գալիս տխուր ներկա,- ես չէի էլ կասկածում, որ Գարիկը կմեկնի ճակատ, բայց վերջին մի հույսով խնդրեցի, որ մնա, աչքերը մեկեն կարմրատակեցին, ասես, կրակ էր թափվում, երբեք իրեն այդպես բարկացած չէի տեսել.

-Մա՛մ, որ դու արգելում ես ինձ գնալ, այլեւս հայրենասիրությունից չխոսես…

-Ախր, տղա ունես, կինդ էլ երեխայի է սպասում,- փորձեցի վերջին զորեղ փաստարկն օգտագործել: Ինքն ավելի զորեղ փաստարկով հակադարձեց.

-Գնում եմ, որ տղաս չգնա, գնում եմ, որ մեզնով այս կռիվը վերջանա, ու մեր երեխաները չտեսնեն պատերազմի արհավիրքը:

 

***

 

Մարտերը գնալով թեժանում էին, ահագնանում, թշնամին ինչ տրամաչափի զենքից ասես չէր կրակում, շուրջբոլորը պայթում էին արկերը՝ խլելով անհամար մարդկային կյանքեր:

Հոկտեմբերի 18-ին Գարիկի կինը՝ Արփինեն, երազում ամուսնուն էր տեսել՝ մի տեսակ անբնական փոքրացած, հարցրել էր՝ Գա՛ր, այդ ո՞նց եղավ՝ այդքան շուտ եկար, ասել էր՝ մեկը ութի դեմ կկռվի՞, արդա՞ր է…

Հենց հոկտեմբերի 18-ին էլ հերոս քաջորդին անմահացավ

 

***

 

ՆՎԻՐՅԱԼԸ-Գարիկիս զոհվելուց մի որոշ ժամանակ անց հրամանատարը զանգեց,- պատմում է հայրը՝ Ռուբենը,- պատերազմում վիրավորվել էր, հոսպիտալից դուրս գրվելուց անմիջապես հետո զանգահարել էր ինձ, ասում էր՝ հպարտացի՛ր, հայրի՛կ, հերոս է ձեր որդին, կռվել է անվախ, քաջաբար, վախի նշույլ չկար սրտում ու հոգում: Գիտակցում էր, որ կարող է ողջ չմնալ, բայց առանց տատանվելու, առանց վարանելու առաջ էր գնում, ինքը մեծ սխրանքներ է գործել…

Հրամանատար Վահրամ Միլիտոնյանը անհուն հպարտությամբ է խոսում զինակից ընկերների մասին. «Մեր բոլոր տղերքն էլ անձնվիրաբար էին մարտնչում: Դեռ հավաքակայանից էինք մտերմացել, Գարիկը տղերքի հետ կգար, կասեր՝ ի՞նչ անենք, ինչո՞վ օգնենք, ու օգնում էին փաստաթղթեր լրացնելիս, շտապում էին ժամեր առաջ մարտի դաշտ հասնել: Կռվի դաշտում էլ իսկական առյուծներ էին…

Գարիկը խնդրում էր՝ կամանդի՛ր, ասա՝ ես վիրավորներ չհանեմ, ես կռվել եմ ուզում: Ինքը փոխարինեց զոհված դասակի հրամանատարին՝ Նվեր Հովսեփյանին: Կյանքի ու մահվան սահմանաբերանին, մահն ամեն պահ աչքի առաջ, Գարիկը կատարելագործում էր ռազմական գիտելիքները՝ «Գրադի» հաշվարկ էր սովորում, մանրակրկիտ վերլուծում մարտական գործողությունների ժամանակ ունեցած բացթողումներն ու առավելությունները, փորձում շտկել նկատված թերությունները…

Ամեն բառը որպես հրաման էր ընդունում, ամեն ինչի մեջ կարգուկանոն սիրում: Պայթյունի ալիքը նրան թռցրել էր երեք մետր, նոր համազգեստը ջանասիրաբար թափ տալով կատակում էր՝ կամանդի՛ր, էս անասուններն ինձ փոշոտեցին…

Երբ մարտի դաշտում վիրավորվելուց հետո կորցրել եմ գիտակցությունս, տղերքը պատմում են, որ Գարիկը երեխայի պես լաց է եղել, ասել՝ եկեք համոզենք կամանդիրին՝ չմեռնի: Պարզ ու անմիջական Գարիկը հավատացած էր, որ երբ մի բան շատ ես ուզում, այդպես էլ լինում է… Ցավոք, ես չկարողացա նրա կողքին լինել վերջին պահին, գուցե ես էլ կարողանայի համոզել…

Հիացած եմ, որ էդպիսի հզոր, նվիրյալ քաջեր ունենք, ու անասելի ցավալի է, որ այլեւս մեր կողքին չեն…»:

 

***

 

Գարիկը պատերազմ գնաց, այդպես էլ  չիմանալով երկրորդ երեխայի սեռը, բայց ասել էր, եթե աղջիկ ծնվի, անունն անպայման Մարիամ կդնեք՝ Աստվածամոր անունն է…

Նախախնամություն էր՝ ինքն էլ զոհվեց Մարիամաձորում…

Օրերս լույս աշխարհ եկավ Գարիկի աղջնակը:

Փոքրիկ Մարիամը հայրիկին չտեսավ, բայց հերոս հայրիկի մասին դեռ շատ կլսի…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


22/04/2021