ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նոյեմբերի 17-18-ը Երևանում անցկացվեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը: Գիտաժողովին մասնակցում էին անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից:
-Գիտաժողովների միջոցով մենք պահպանում ենք մեր հարաբերությունները աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների հետ: Մեր գործընկերներն են Հարվարդի համալսարանը, ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանը, Լիոնի ֆրանսիական համալսարանը` իր պաշտպանական և անվտանգային հետազոտությունների կենտրոնով, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանը և այլն: Հանդիպումը կարևոր է մտքերի փոխանակման և թրծման առումով, և երբ աշխարհի լավագույն մասնագետները գալիս են Հայաստանի անվտանգային միջավայրի մեջ գործելու, դա ունի իր յուրահատուկ կարևորությունը, որովհետև անմիջական գործակցության մեջ և՛ տեսաբանների, և՛ քաղաքագիտությամբ ու դիվանագիտությամբ պրակտիկ զբաղվող մարդկանց հետ նրանք կարողանում են տեսական մշակումները բերել կիրառումների, այդ թվում և քաղաքական, դիվանագիտական տեխնոլոգիաների ոլորտ: Մենք հնարավորություն կունենանք բոլոր քաղաքագիտական չափումների մեջ դիտարկել այդ դինամիկայի էությունը և գործընթացների հիմնական վեկտորները, թե ինչպիսի հնարավոր սցենարներով կարող են զարգանալ անվտանգային գործընթացները մեր տարածաշրջանում,-ասաց Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էր ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
– Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին: Գիտաժողովի թեմայի կարևորությունը հաստատվում է ինչպես տարածաշրջանի պետությունների անվտանգության շահերով, այնպես էլ ներկա մասնագետների ու փորձագետների հեղինակությամբ ու կշռով:
Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են և հաճախ դժվար կանխատեսելի՝ ենթակա տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցության ազդեցությանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետությունների համար ստեղծում է ինչպես լրացուցիչ հնարավորություններ, այնպես էլ որոշակի մարտահրավերներ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է տարածաշրջանային և գլոբալ դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության ու փոխադարձ հարգանքի, նրանց շահերի համադրման տրամաբանությամբ: Մենք վստահ ենք, որ բաց սահմանները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են լավագույն խթան դառնալ փոխըմբռնման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման, հետևաբար նաև քաղաքական խնդիրների կարգավորման համար: Փոխարենը տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի խրախուսմանն ուղղված քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ Հարավային Կովկասում անկայունության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը:
Տարածաշրջանի առջև ծառացած առանցքային մարտահրավերներից են չկարգավորված հակամարտությունները, որ կարոտ են համապարփակ ու վերջնական լուծման: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ առկա հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հենքի վրա: Չեմ վարանում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի համար միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Մեր խորին համոզմամբ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն կարող են հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու երաշխավորված ապահովմամբ:
Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղների բազմակի գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլև առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ստեղծված պայմաններում Հայաստանը հարկադրված է առավել մեծ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպես տարածաշրջանում ռազմատենչ նկրտումների զսպման ու կայունության ապահովման կարևոր գործոնի:
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում էական դեր ունի նաև էներգետիկ գործոնը: Հայաստանն ըմբռնումով է մոտենում էներգակիրների մատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցմանը միտված քաղաքականությանը: Այդուհանդերձ, նոր էներգետիկ ծրագրերը չպետք է օգտագործվեն տարածաշրջանում ձևավորված ուժային հաշվեկշռի խախտման նպատակով: Նման քաղաքականությունը ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանի առանձին պետությունների անվտանգության համար, այլև կարող է լրջորեն վտանգել էներգետիկ տարանցման ուղիների անխափան գործունեությունը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր: Դա չի բխում ոչ տարածաշրջանի անվտանգության և ոչ էլ նավթային ու գազային ընկերությունների շահերից:
Մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունն այլևս աքսիոմ է: Հենց այս նկատառումից ելնելով էր, որ 2008 թվականին մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները՝ առանց նախապայմանների:
Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք հռչակել էր այդ գործընթացը նախաձեռնելիս: Եվ պետք է նշել, որ միջազգային-իրավական պարտավորությունները կյանքի կոչելու համար այսօր Թուրքիայից պահանջվում է անհրաժեշտ քաղաքական կամք:
Կարևորելով պետական մակարդակով ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ մասնագիտական խորհրդատվական աջակցության նշանակությունը` Հայաստանն արժևորում է միջազգային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ գիտաժողովները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում փորձագիտական մակարդակով քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները և առաջարկելու հնարավոր լուծումներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը մասնակիցներին ընթերցեց նախարարի տեղակալ Արա Նազարյանը.
-Ցավոք, այսօր Հարավային Կովկասի անվտանգության և ընդհանրապես նրա ապագայի վերաբերյալ տարածաշրջանային պետությունների տեսակետներն ու պատկերացումները միմյանցից զգալիորեն տարբերվում են: Իսկ անվտանգության միջավայրի վրա ազդող գործոնների թվում գերակայում են ռազմական բնույթ ունեցողները: Կարծում եմ` ակնհայտ է, որ ռազմական գործոնները չեն կարող հեռանկարային լուծումներ առաջարկել, հետեւաբար իրավիճակային բնույթ ունեն և լուծում են այսրոպեական խնդիրներ: Զուգահեռաբար առկա հակամարտությունների համատեքստում անընդհատ ռազմականացվող տարածաշրջանը չի կարող անվտանգության փայլուն միջավայր հանդիսանալ ո՛չ կարճաժամկետ և ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում: Թե որքանով են այս իրողությունը գիտակցում տարածաշրջանում ռազմական ուժի վրա քաղաքականություն կառուցող հարևան պետության իշխանությունները և որքանով են մտահոգված տարածաշրջանի, հետևաբար սեփական պետության անվտանգության ապագայով, եզրահանգում կանի գիտաժողովը:
Հարավային Կովկասը գտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքիր զարգացումների կիզակետում, որտեղ աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհատնտեսական և աշխարհափիլիսոփայական հարթությունների ֆոնին, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Տարածաշրջանի նման բազմազանությունը անվտանգության միջավայրի կայունացման համար ստեղծում է ոչ այնքան խոչընդոտներ, որքան հնարավորություններ` ահա այս գաղափարի վրա է կառուցվում Հայաստանի թե՛ արտաքին և թե՛ պաշտպանական քաղաքականությունը: Այսօր Հարավային Կովկասի անվտանգության համար առաջնային է պատերազմի վտանգի չեզոքացումը: ՀՀ պաշտպանության նախարարությունն այս խնդիրը լուծում է միջազգային անվտանգության կազմակերպությունների ներգրավվածության, ուժերի հավասարակշռությունը չխախտելու և խաղաղության պարտադրման միջոցով: Այս գործընթացում իրենց կարևոր դերն ունեն ՀՀ զինված ուժերը և վերջինիս շարունակական զարգացումը: Զինված ուժերի զարգացմանը նոր թափ ու որոշակիություն է հաղորդել վերջին երկու տարիներին իրականացվող պաշտպանության ռազմավարական վերանայումը: Այս գործընթացը թույլ է տալիս ուրվագծել ՀՀ զինված ուժերի զարգացման հետագա ուղղությունները ըստ առաջնահերթությունների, որոնք իրենց տեղն են գտել զինված ուժերի հնգամյա զարգացման պլանում: Կարծում եմ, ներկաները ծանոթ են վերանայման արդյունքները ներկայացնող հասարակության իրազեկման փաստաթղթին, ուստի ես չեմ անդրադառնա ոչ անվտանգության ներկա սպառնալիքներին, ոչ էլ դրանց չեզոքացմանն ուղղված ռազմավարական պլանավորման նկատառումներին: Նայելով Հայաստանի և հարևան երկրների քարտեզին` տեսնում ենք, որ մեր երկրի տարածաշրջանային հարաբերություններում գոյություն ունեն երեք հարթություններ` առաջինը ուղղահայաց հարթությունն է, որը բարենպաստ է մեզ համար` Ռուսաստան-Վրաստան-Իրան վեկտորը: Այս ուղղությամբ է ապահովվում մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ: Դրան հակառակ է հորիզոնական վեկտորը` Թուրքիա-Ադրբեջան: Այն անբարենպաստ է մեզ համար. արևմտյան ուղղությամբ իրականացվում է մեր երկրի շրջափակումը, իսկ արևելյանի դեպքում մշտապես առկա է վերահաս պատերազմի սպառնալիքը: Գոյություն ունի նաև երրորդ հարթությունը, որը թեև չենք կարող տեսնել տարածաշրջանի քարտեզի վրա, սակայն այն պակաս կարևոր նշանակություն չունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Խոսքը վերաբերում է եվրոպական, եվրոատլանտյան կառույցների ավելացող ներկայությանը, ազդեցությանն ու մասնակցությանը տարածաշրջանային գործընթացներին: Արդյունքում տարածաշրջանն առավել ընդգրկուն դիտարկելու անհրաժեշտություն է առաջանում: Բարձր տեխնոլոգիաների ներկայիս դարաշրջանում գիտնականի մեկ հայտնագործությունը, ինժեների մեկ հաջող նախագիծը, տնտեսագետի կանխատեսումը կամ քաղաքագետի մեկ հնարամիտ գաղափարը կարող են պետության անվտանգության ապահովման գործում ունենալ ոչ պակաս ներդրում, քան մեծաքանակ զորքը և ռազմական տեխնիկան: Այնպես որ, նման միջոցառումների անցկացումը Հայաստանի տարածքում միշտ գովելի է:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին ելույթներ Կովկասում ԱՄՆ դերակատարման, Հարավային Կովկասում Եվրամիության ինտեգրացիոն քաղաքականության և տարածաշրջանային հակամարտությունների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների, տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման, անվտանգային և ինտեգրացիոն գործընթացներում արտաքին գործոնի, Հարավային Կովկասում, Սևծովյան պետությունների ավազանում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի վարած քաղաքականության վերաբերյալ և այլն: Այնուհետեւ անվտանգության միջազգային փորձագետները զեկույցներից հետո քննարկումներ ծավալեցին տարբեր հարցերի շուրջ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ