Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԴՇԿ եւ զենիթային կայանք. ինչպես են Դոնբասի ԶՈՒ-երը խոցելու թուրքական «Բայրաքթարները»

Կա տեսակետ, որ ինչպես Արցախում ադրբեջանական բանակը թուրքական անօդաչուների միջոցով հասավ հաջողության, այնպես էլ ուկրաինական բանակը նույն անօդաչուների միջոցով կարող է պարտության մատնել Դոնբասի զինված ուժերին։ Սակայն, ինչպես հաղորդում է «mk.ru» լրատվական կայքը, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Սերգեյ Խատիլյովի կարծիքով՝ այդ տեսակետը սխալ է.

«Ղարաբաղում լեռներ են, բարձունքներ, լեռնանցքներ, իսկ այն տարածքը, որի մասին խոսում ենք (Դոնբասը – Ա. Յ.), համատարած հարթավայր է։ Այնտեղ չի հաջողվի «Բայրաքթարները» թաքցնել ռադարներից՝ օգտագործելով ռելիեֆը, և դրանք չեն կարող այնպես ազատ թռչել, ինչպես Ղարաբաղում։ Եվ այդ բաց տեղանքում նրանք դեռ պետք է տարաշարժ (մանևր) կատարեն։ Ուստի, դրանք կարելի է ոչնչացնել նույնիսկ զենիթային կրակով։ Դրա համար կարելի է գործածել դեռ 1940-ականների միափող ԴՇԿ հաստոցավոր գնդացիրները, որոնք նախանշանակված են օդային թիրախների խոցման համար։

Թուրքական «Բայրաքթարները», այնուամենայնիվ, փոքր արագություն ունեցող թիրախներ են։ Այդ թռչող սարքերը նույնիսկ ռեակտիվ չեն, այլ ընդամենը մխոցային։ ԴՇԿ գնդացիրների լավ պատրաստված հաշվարկը նման թիրախներ կարող է ոչնչացնել ինչքան ասես։ Այսօր ոմանք պահանջում են շտապ Դոնբասին մատակարարել «Պանցիրներ» և «Տորեր»։ Ըստ իս՝ դրա կարիքը դեռ չկա։

Բացի այդ, շատ արդյունավետ միջոց են զենիթային գնդացրային կայանքները։ Դրանք ունեն զույգ փողեր և կարող են գործնականում վարել փոթորկային կրակ։ Ընդ որում, դրանք հաճախ օգտագործվում են ոչ միայն որպես ՀՕՊ զենիթային միջոցներ, այլև ուղիղ նշանառությամբ տանկերին հարվածելու համար։

Կան նաև ՀՕՊ-ի այլ միջոցներ։ Դե, իսկ եթե իրավիճակը լրջորեն սրվի, ապա, հավատացեք, մեր «Պանցիրները» ևս շատ շուտով կլինեն այնտեղ»,- ասել է Խատիլյովը։

 

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԶրահամեքենաներն անօդաչուներից կարելի է պաշտպանել ավելի լավ մարտավարությամբ

Արևմտյան ռազմական փորձագետների կարծիքով՝ նոր զրահապատ մեքենաների կենսունակությունը հետզհետե ավելի է կախված լինելու այն բանից, թե դրանք որքանով են պաշտպանված թշնամու ԱԹՍ-ներից. ապրիլի 6-ին ռազմական փորձագետների կարծիքն է ներկայացրել «Breaking Defense» լրատվական կայքը։

Ըստ նույն փորձագետների՝ 2020 թ. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը, որի ընթացքում հարվածային անօդաչուներն ու անօդաչու-կամիկաձեները ոչնչացրին հայկական զրահատեխնիկան, բոլորի համար դաժան դաս եղավ։ Սակայն, «CNA» վերլուծական կենտրոնի փորձագետ Սեմյուել Բենդետի կարծիքով՝ արդեն այսօր կան խոստումնալի հակամիջոցներ, որոնք կարող են նշանակալիորեն նվազեցնել զրահատեխնիկայի դեմ անօդաչուների գրոհի արդյունավետությունը։

«Եթե հայերն իրենց տանկերը նախապատրաստեին նոր տեսակի պատերազմին, որը տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերին, նրանց կորուստները շատ ավելի քիչ կլինեին»,- ասել է նա։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի սպառազինության մեջ եղած հին խորհրդային տանկերը լավ պաշտպանված չէին օդաարգելափակող զինամթերքից։

Ի տարբերություն հին տանկերի, ժամանակակից ռուսական տանկերն օժտված են դինամիկական պաշտպանությամբ, քողարկման էլեկտրաօպտիկական համակարգով և ակտիվ պաշտպանության համակարգով։ Իսկ, օրինակ, ԱՄՆ-ը ակտիվ պաշտպանության «Trophy» համակարգերն իր «Abrams» տանկերի վրա սկսել է տեղադրել միայն 2018 թվականից։

«Սակայն, նույնիսկ առանց նոր տեխնոլոգիաների, ավելի լավ մարտավարությունը կարող է նշանակություն ունենալ»,- կարծում է «The Heritage Foundation» կազմակերպության ռազմական խորհրդատու Թոմաս Շպորը՝ բերելով 1973 թ. արաբա-իսրայելական պատերազմի օրինակը, երբ Իսրայելի զրահատանկային ուժերը մեծ կորուստներ էին ունենում հակառակորդի հակատանկային համալիրների կրակից, սակայն դա տևեց մինչև այն պահը, երբ իսրայելցիները սովորեցին հետևակային ուժերով ոչնչացնել հակառակորդի հակատանկային խմբերը։

Փորձագետի կարծիքով՝ համանման կերպով կարելի է անօդաչուների դեմ հակազդել նոր մարտավարությամբ, որն ուղղված է ԱԹՍ-ների թույլ կողմերի դեմ։ Խոսքը, մասնավորապես, ՌԷՊ համակարգերի ինտենսիվ աշխատանքի մասին է, որով կարելի է խլացնել դրոնների կառավարման կապուղիները և շարքից հանել դրանց տվիչները։

 

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻսրայելական նորագույն տանկերը խոցելի են անօդաչուների համար

Պարզվել է, որ վերջերս իսրայելական բանակի սպառազինության մեջ ընդգրկված նորագույն «Merkava IV Mem-400» տանկը, որն օժտված է կոմպոզիտային զրահով, ակտիվ պաշտպանության ինտելեկտուալ համալիրներով, տվիչներով ու տեսախցիկներով, այդուհանդերձ, խոցելի է ԱԹՍ-ների համար։ Պատճառն այն է, որ նախագծողները հաշվի չեն առել անօդաչուների ոլորտի բուռն զարգացումը, օդից ուղղաձիգ ներքև կումուլյատիվ զինամթերքով հարվածի հնարավորությունը և նոր տանկի վերևի մակերևույթի համար չեն նախատեսել լրացուցիչ զրահ։

Ինչպես հաղորդում է «mk.ru» լրատվական կայքը, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի խոսքով՝ զրահամեքենային վերևից ուղղաձիգ հարված կարող են հասցնել ոչ միայն անօդաչուները, այլև ամերիկյան «Javelin» հակատանկային համալիրի հրթիռները, որոնք թիրախին մոտենալով, կատարում են ուղղաձիգ տարաշարժ և վերևից հարվածում տանկին։

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ«Հատկապես սիրիական ռազմարշավից հետո ռուսական տանկերի աշտարակի վերևի մասի վրա տեղադրում են լրացուցիչ զրահ։ Ըստ երևույթին, այժմ նույն խնդիրը պետք է լուծեն իսրայելցիները, հակառակ դեպքում՝ անօդաչուները կարող են էական վնաս հասցնել ՑԱՀԱԼ-ի զրահատանկային զորքերին։ Դե, իսկ անօդաչուների «պարսի» կիրառման դեպքում այդ կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել»,- ասել է փորձագետը։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ռազմական


29/04/2021