«ԶԻՆՎՈՐԻՍ ԱՅԳԻՆ»
Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների կողմից ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Զինվորիս այգին» է, որտեղ 2017-ին են ծառատունկ կազմակերպել, բայց այցելում են ամեն տարի՝ խնամում, ջրում, չորացած ծառերի տեղը նոր ծառ տնկում։ Տղաների անունը կրող ծառերը փարթամանում ու հասակ են առնում` ամուր կառչելով մայր հողին. ծառերի արմատները խորհրդանշում են հերոսների սխրանքը…
Համալսարանականները որոշել են, որ ստացված բերքից պետք է բաժին հանեն նաև որդեկորույս ծնողներին, քանի որ պտուղն այս դեպքում խորհրդանշում է մեր տղաների կյանքի շարունակականությունը։
Այգու խնամքին նաև մասնակցեցին զինվորներ, որոնք մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են շարունակում հերոսացած տղաների գործը։
Սերժանտ Արման Արմենակյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, հպարտորեն վերցնում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով հուշաքարը և ամրացնում ծառի կողքին… Ճանաչում էր Ռոբերտին ու պատերազմի ժամանակ միշտ նրան էր հիշում։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Բանակ և հասարակություն