ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 13-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, անվախ գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանի ծննդյան 24-ամյակն էր: Նա անմահացավ 2017 թ. մարտի 28-ին:
Արտակը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
2004-2013 թթ. սովորել է Հրազդանի Շիրակացու անվան թիվ 6 հիմնական դպրոցում:
2013 թ. ընդունվել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ մեկ տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:
Պատանեկան հասակից զբաղվել է դուքենդո-կարատե կոնտակտ մարզաձևով, նաև՝ սիրողական բռնցքամարտով:
Արտակ Ռաֆայելյանը «Պատանի երկրապահ» ակումբի անդամ էր: Իր ֆիզիկական բացառիկ ունակությունների շնորհիվ 15 տարեկանում վաստակել է «Դյուցազն» պատվանունը:
2011 թ. ապրիլի 13-ին՝ ծննդյան 15-ամյակի օրը, Արտակը՝ մեջքին պառկած, ձեռքերը վեր արտակորում դեպի առաջ վարժությունը 9000 անգամ անընդմեջ կատարել է 5 ժամ 1 րոպե ժամանակահատվածում, և այդ նվաճումը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»:
2012 թ. հունիսի 26-ին նույն վարժությունը նա անընդմեջ կատարել է 11011 անգամ՝ 5 ժամ 52 րոպե ժամանակահատվածում:
Այս նոր ռեկորդը համապատասխանում է «Գինեսի» աշխարհի ռեկորդների գրքում գրանցվելու չափորոշիչներին:
2015 թ. զորակոչվել է: Զորամասի լավագույն գնդացրորդն էր, եւ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արտակը դիպուկ ու նպատակային է գործածել իրեն ամրակցված գնդացիրը:
«Լավ գնդացրորդ ու քաջարի մարտիկ»,- այսպես էին բնութագրում նրան ընկերները:
Արտակը նպատակադրվել էր զորացրվելուց հետո շարունակել մարզական կարիերան, սակայն անկատար մնացին նրա բազում երազանքները:
Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արտակ Ռաֆայելյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցը անվանակոչվել է Արտակ Ռաֆայելյանի անունով: Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի ռազմագիտության դասասենյակը նույնպես կրում է հերոսի անունը:
Քաջորդու հիշատակին նվիրված միջոցառումը սկսվեց Հրազդանի Վանատուր թաղամասի Ազատամարտիկների հուշահամալիր-պանթեոնից, ուր իր վերջին հանգրվանն է գտել Արտակ Ռաֆայելյանը: Այնուհետև հերոսի անունը կրող Հրազդանի համայնքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ հուշ-միջոցառումը Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյանի, մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Աբաղյանի, պատերազմի ժամանակ անմահացած հրազդանցի հերոսների հարազատների և հյուրերի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում Դավիթ Խիթարյանը շնորհակալագրեր, խորհրդանշական դիպլոմներ հանձնեց Արտակ Ռաֆայելյանի եւ մյուս զոհված տղաների՝ Սարգիս Սահակյանի, Էդգար Հունանյանի, Վահե Զաքարյանի և մարզադպրոցի մարզիչ, կամավորական Կոլյա Պետրոսյանի ծնողներին:
Հրազդան համայնքի ղեկավարը եւ Արտակի հայրը բացեցին նրա հիշատակին նվիրված փառքի անկյունը, այդուհետ ներկաները դիտեցին մարզադպրոցի շնորհալի սաների մարզական հնարքների ցուցադրությունը:
Միջոցառման ժամանակ ՀՀ «Դյուցազնագրքի» նախկին ռեկորդակիրները գերազանցեցին իրենց իսկ ռեկորդները. Սվետլանա Բրսոյանը «Կալաշնիկով» ինքնաձիգի քանդել-հավաքել վարժությունը կատարեց 12.99 վայրկյան ժամանակահատվածում (նախկին ռեկորդը՝ 16.65 վայրկյան, 2019 թ.), իսկ Հրայր Խաչատրյանը ցատկապարանով 1 րոպեում 390 ցատկ կատարեց (նախկին ռեկորդը՝ 263 ցատկ, 2019 թ.):
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ք. Հրազդան
Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ճակատագրեր