Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀԵՐՈՍ



ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀԵՐՈՍ…Մեր խոսքը ևս մի քաջամարտիկի՝ Սևակ Զուրաբյանի մասին է, որը Արցախի սահմանին ամուր կանգնած՝ կենաց ու մահու կռիվ է տվել հայրենի սուրբ հողի համար: Նրան հետո զինակից ընկերները կոչեցին «Ջաբրայիլի արծիվ»:

Սևակը ծնվել է 1998 թ. ապրիլի 21-ին, Վանաձորում: Դեռ մանկուց դաստիարակվել է հայրենասիրական ոգով, քանի որ ընտանիքում անպակաս էին հայրենիքի և հայրենասիրության մասին զրույցները: Հայրը` Վովա Զուրաբյանը, որը մասնակցել է Աֆղանական և Արցախյան պատերազմներին, որդուն հաճախ էր պատմում իր անցած ուղու մասին, և Սևակը ոգևորվում էր, հպարտանում հոր անցած ճանապարհով։ Վանաձորի Վ. Տերյանի անվան դպրոցում սովորելու տարիներին բարձրացավ նաև նրա մարտական ոգին, քանի որ դպրոցում ռազմահայրենասիրությունը բարձր մակարդակի վրա էր։

Հատկանշականն այն է, որ Սևակից ավելին էր պահանջը, քանի որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդում էր հայրը: Սևակն արդեն իր ապագան կապում էր զինվորական գործի հետ։ Եվ ռազմարվեստ ուսումնասիրելու ու հայրենիքին ծառայելու մղումով էլ ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Համալսարանական տարիներին մեծ սիրով ուսանում էր բոլոր առարկաները և հընթացս արժանացել էր մի շարք պատվոգրերի: Շատ էր սիրում հատկապես մարտավարության և կրակային պատրաստության դասընթացները:

2020 թ. հուլիսի 22-ին բակալավրի աստիճանով և լեյտենանտի կոչումով Սևակ Զուրաբյանն ավարտեց համալսարանն ու ծառայության նշանակվեց որպես դասակի հրամանատար: Նորանշանակ հրամանատարն անձնվեր ծառայում էր, սակայն դեռ ծառայության մեկ ամիսը չէր բոլորել, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Զորամասի հրամանատարը՝ փոխգնդապետ Դ. Ավանեսյանը, և հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Ա. Հայրիյանը ներկայացնելով լեյտենանտ Սևակ Զուրաբյանին՝ շեշտում են, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում հենակետի ավագը հստակ է գործել: Ցուցաբերել է բացառիկ արիություն՝ միաժամանակ և՛ հմտորեն ղեկավարելով, և՛ անձնական օրինակ լինելով ենթակաների համար: 2020 թ. սեպտեմբերի 27-ին 128 մարտական դիրքում տեսնելով, որ հակառակորդը ինտենսիվ կրակ է վարում դիպուկահարներով` ապահովելով զորքի առաջխաղացումը, անձամբ անհավանական դիպուկությամբ ոչնչացրել է հակառակորդի տասնյակ դիպուկահարների, իսկ այնուհետև նաև զգալի կորուստներ պատճառել առաջացող զորքին: Ցավոք, հենց սեպտեմբերի 27-ին, իր անձնակազմով նոր դիրք տեղափոխվելու ժամանակ, հակառակորդի դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀԵՐՈՍԱյժմ հերոսը ննջում է Վանաձորի զինվորական 2-րդ պանթեոնում: Նրա շիրիմին այցելության ճանապարհին խոսում ենք Սևակի անձնվիրության, սխրանքների, երազանքների և նպատակների մասին: «Մեծացավ աչքիս առաջ։ Առանձնանում էր իր յուրօրինակ կեցվածքով, պահվածքով ու դաստիարակությամբ: Ես նրան տվեցի պատմության դասեր, իսկ նա կերտեց մի նոր պատմություն` հերոսապատում: Նա կյանքը տվեց հանուն մեր կյանքի:

Սպասում էինք, բոլորս էինք աղոթքով սպասում, որ նա հաղթանակած կվերադառնա, բայց, ավաղ, նա չեկավ՝ նրան բերեցին»,- հուզված ասում է Սևակի դասղեկն ու ուսուցիչը՝ Ս. Շահվերդյանը։

Հասմիկ Հարոյանն էլ է հուզված և մեծ սիրով է ներկայացնում ընկերոջը. «Կյանքիս անբաժանելի մասն էր Սևոն…Հարեհաս, ամենաբարի, ամենահամբերատար մարդն էր ինձ համար։ Սևոյին սիրում էին բոլորը, ինքն էլ` բոլորին։ Չափազանց հոգատար էր, ուշադիր, բոլորին կարեկցում և օգնության էր հասնում։ Փոքր ժամանակ ինձ դպրոց էր տանում, ու… միշտ ուշանում էինք։ Սևոն վիճել չէր սիրում, ցանկացած խնդիր փորձում էր խաղաղ լուծել, չափազանց զուսպ էր, բարի ու ընկերասեր։ Սևոն աչքի էր ընկնում ֆիզիկապես, հատկապես՝ բազկի ուժով: Ինձ միշտ ասում էր, որ ինքը մեր շենքի բնակիչներին կպաշտպանի, իսկ ես` կբուժեմ։ Ինքն իր խոստումը կատարեց, իսկ ես կկատարեմ իր պատգամը՝ հուսալով, որ գոհ կլինի»։

Պատերազմում որդուն կորցրած Վովա Զուրաբյանի համար ծանր էր ուսումնական գործընթացին վերադառնալը, այնուամենայնիվ, զինղեկը հպարտ է որդու հերոսությամբ և իր աշակերտներին ներկայացնելով պատերազմական իրադարձություններն ու հետպատերազմյան իրավիճակը՝ իր խոսքում չի մոռանում հերոս որդուն. «Որդիս օրինակելի սպա էր, նա սրբորեն պահել է իր երդումը և չխնայելով իր կյանքը՝ կռիվ է տվել հանուն հայրենիքի և իր մարտական ընկերների: Ամենաթանկիս տվել եմ հայրենիքիս»:

Դպրոցն ունի և՛ հրաձգարան, և՛ Երկրապահի անկյուն, և՛ ռազմագիտության վերաբերյալ գրականություն: Առանձնահատուկ տեղ են գրավում փառքի անկյունները, որտեղ ներկայացված են թե՛ Հայրենական մեծ պատերազմի, թե՛ Արցախյան ազատամարտի, թե՛ քառօրյա պատերազմի հերոսների մասին պատմությունները։ Ազդեցիկ են հատկապես Սևակ Զուրաբյանին և դպրոցի մյուս շրջանավարտ հերոսներին նվիրված ցուցադրությունները։ Ըստ զինղեկի՝ դրանք աշակերտներին տոգորում են հայրենասիրությամբ, բարձրանում է նրանց պայքարի և արարելու ձգտումը:

…Վովա Զուրաբյանը տարիներ շարունակ ճանաչվել է հանրապետության լավագույն զինղեկ և արժանացել է մրցանակների։ Եվ Սևակի համար զինվորականի օրինակելի կերպար էր հայրը:Հայրը տխուր ժպիտով հիշում է, որ երբ Սևակը նոր զինվորական համազգեստ է ստացել և կախել է իր համազգեստի կողքին, կատակել է, թե՝ մեդալներիս կեսը քեզ տամ։ Սևակի պատասխանը չի ուշացել՝ ես իմ ծառայությամբ մեդալներ կվաստակեմ:

Սևակի հետ վերջին անգամ խոսել է եղբայրը՝ Էդգարը, ընդամենը մի քանի բառ են փոխանակել, թեժ կռվի խլացնող աղմուկի մեջ հազիվ է լսելի եղել Սևակի ձայնը. «Մի քիչ խառն ենք հիմա, բայց մամային ասա, որ լավ եմ, կռվելու ենք մինչև վերջ, տե՛ս, սրանց մաման ոնց ենք լացացնելու»,- հապշտապ ասել է Սևակը։

Արծվի թռիչքն ընդհատվեց… Դպրոցում ցնցված էին, սակայն որևէ մեկը քաջություն չուներ գուժելու հորը:

Այժմ ծնողների համար մեծ սփոփանք է Սևակին նվիրված անկյունը՝ «Ջաբրայիլի արծիվը» խորագրով, որտեղ տեղ են գտել նրա իրերը, վաստակած պատվոգրերը, նրա անցած իմաստալից, բայց կարճ ճանապարհի վավերագրերը:

Սևակ Զուրաբյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ապրիլի 21-ին լեյտենանտ Սևակը կդառնար 23 տարեկան։

Ծնունդդ շնորհավոր, վանաձորցի հերոս։

ՀԵՂԻՆԵ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

 

 

Սեւակի հիշատակին

 

Հայոց լեռների քաջարի արծիվ,

Հուշեր թողեցիր սրտերում անթիվ,

Անավարտ հույզեր, չապրած տարիներ,

Վառ երազանքներ, որ պիտ կատարվեին:

 

Քո կյանքը փառքով դու պսակեցիր,

Քո հայրենիքին պաշտպան կանգնեցիր…

Քո արյան գնով պայքար մղեցիր,

Հերոս տղերքի շարքին դասվեցիր:

 

Քո հիշատակը միշտ վառ կպահենք,

Քո օրինակով պիտ սերունդ կրթենք,

Մեծ է սխրանքդ, Սևա՛կ, մեր ընկեր,

Կհիշենք քեզ հավետ, մեր քա՛ջ դասընկեր:

ԵԼԵՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


29/04/2021