ՉՈՐ ԱՉՔԵՐՈՎ
Մայոր Մինաս Մկրտչյանը Աֆղանստանում ծառայելիս երկար ժամանակ նամակ չէր ուղարկում։ Գրելիս էլ նկարագրում էր միջինասիական մի քաղաք, որտեղ, իբր, անցկացնում է իր խաղաղ ծառայությունը։ Անուշ մայրն այդ մասին իմացավ Անգեղակոթի իրենց հարեւանի տղայից, որը գրել էր, թե՝ «Մինասն էլ է այստեղ, տանկիստ է»։ Մինասը վերադարձավ 1989-ին, երբ սկսվել էր ազատագրական պայքարը։ Անգեղակոթ գյուղի տղաներից կազմված ջոկատով անցան պատերազմական դժվարին ճանապարհներով՝ Նախիջեւանի սահման, Լաչին, Ֆիզուլի, Հորադիզ, Կուբաթլու, Գյուլիբերդ… Այս ճանապարհին մնացին նրա թանկ ու նվիրական ընկերներից շատերը։ Երբ Աֆղանստանից վերադարձավ ու որպես ջոկատի հրամանատար մեկնում էր հայրենի սահմանները, ամեն անգամ տան շեմից ոտքը դուրս դնելիս Անուշ մորն ասում էր. «Իմ հետեւից լաց չլինեք»։
Մայրն էլ պատասխանում էր. «Այնտեղ էիր, ու շատ եմ լացել։ Հիմա էլ չեմ լացի։ Սյունյաց աշխարհը, Անգեղակոթը շատ հերոսներ է տվել։ Գնա՛, դո՛ւ էլ պաշտպանիր մեր հողը, Աստված քեզ հետ»։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր