Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆ-ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է



Հերքելով Իրանի տարածքում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անվտանգությունն ապահովելու անկարողության վերաբերյալ մեղադրանքները, Թեհրանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակումը կատարվել է տարերայնորեն` Իրանի նկատմամբ Լոնդոնի նախաձեռնած ֆինանսական պատժամիջոցների հետեւանքով, եւ որ Իրանի ոստիկանության զգոնության շնորհիվ ոչ մի դիվանագետ չի տուժել, իսկ միջադեպի մեղավորները կպատժվեն:

Իրանի արտգործնախարարությունը նաև «հապշտապ ու ռեֆլեքսիվ» է որակել Մեծ Բրիտանիայի որոշումը Լոնդոնում Իրանի դեսպանատան փակման վերաբերյալ և խոստացել է ձեռնարկել համարժեք միջոցներ: Իրանցի ուսանողներն էլ իրենց հերթին հայտարարել են բողոքի հակաբրիտանական ելույթները շարունակելու իրենց հաստատակամության մասին: Սակայն Լոնդոնն արդեն սկսել է 48 ժամվա ընթացքում իր բոլոր դիվանագետների տարհանումը Իրանից, հայտարարելով, թե երկրի իշխանություները «որոշակիորեն նպաստել են հարձակման իրականացմանը»:

Միաժամանակ, Նորվեգիան ևս հայտարարել է Թեհրանում իր դեսպանատունն «անվտանգության նկատառումներով» փակելու, իսկ Գերմանիան, Իտալիան ու Ֆրանսիան՝ «խորհրդակցելու նպատակով» իրենց դեսպաններին ետ կանչելու մասին:
Օտարարկրյա դեսպանատան գրավման նախադեպ Իրանում եղել է նաև 1979 թվականին, երբ ուսանողները գրավելով ԱՄՆ դեսպանատունը, պատանդ վերցրին տասնյակ ամերիկյան դիվանագետների, որոնք ազատ արձակվեցին մեկ տարի անց միայն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


01/12/2011